Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի նիստը հետաձգվեց
Հունիսի 17-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կարգապահական վարույթ կքննվի: Նշել էինք, որ վարույթը հարուցել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումի հիման վրա:
Վարույթի հարուցման առիթը, մեր տեղեկություններով, դատավոր Տիգրան Սիմոնյանի կողմից առանց ծանուցման դատական նիստ նշանակելն ու անձին կալանքի տակ թողնելու որոշում կայացնելն է, այսինքն՝ առանց որոշման անձին կալանավորել է, տեղեկանք է տվել, բայց մեկ ամսից ավելի որոշում չի տվել:
Այսօր ԲԴԽ-ում մեկնարկեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը ԲԴԽ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել այսօրվա նիստը՝ այն պատճառաբանությամբ, որ թե՛ ինքը, թե՛ Հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանն ունեն աշխատանքային ծանրաբեռնվածություն:
Դատավոր Տիգրան Սիմոնյանն էլ իր հերթին հայտնեց, որ ինքը ևս նիստը հետաձգելու մասին միջնորդություն ունի, քանի որ Դատական դեպարտամենտից վիճակագրական տվյալներ է խնդրել, որոնք պատրաստվում է իր պաշտպանությունն իրականացնելու շրջանակում օգտագործել, և դեռևս չի ստացել դրանք:
Խորհուրդը որոշեց այսօրվա նիստը հետաձգել այլ հերթի: