«Աշխատաոճը ցույց է տալիս, որ «Ղարաբաղ Տելեկոմը» գնել են, ամեն դեպքում, այն մարդիկ, որոնց համար Արցախը և արցախահայությունը ոչ մի բան են». Տիգրան Քոչարյան
Դեռևս հունիսի 30-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի խորհրդարանում անդրադառնալով «ՎիվաՍԵԼ-ՄՏՍ» բջջային կապի օպերատորի գործունեությանը և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չպետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի ընկերությունն իր գործունեությունը շարունակի Արցախում, ասել էր.
«Առաջին հերթին մենք նաև պետք է իրականությունն ասենք՝ գործում էր անօրեն, մենք մշտապես խնդրում էինք տրամադրել, ավելի ճիշտ, աշխատել օրենքի շրջանակներում։ Այդ ընկերությունը հրաժարվել է օրինական դաշտում աշխատելու քաղաքականությունից։ Լիցենզիա չի ստացել, այսօր էլ պատրաստ ենք տրամադրել։ Դե, եկեք բոլոր ընկերություններին ասենք՝ եկեք Ղարաբաղ անօրեն աշխատեք՝ առանց հարկային վճարների, պետական կարգավորման։ Մենք պետք է վերահսկենք, մանավանդ այսօր։ Մենք պատրաստ ենք տրամադրել բոլոր օրինական թույլտվությունները, բայց պետք է կատարի այն պահանջները, որը մենք ենք դնում, պարզ է, չէ՞, ինչի մասին է խոսքը»
Նա նաև տեղեկացրել էր, թե մի քանի օրից իրականացնելու են այն միջոցառումը, որը սկսել էին դեռ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կապված «բուքմեյքերական թալանի» գործընթացի հետ։
«Նրանք կատեգորիկ հրաժարվել են ոչ միայն մասնակցել, այլև համարել են, որ դա այն գլխավոր բաներից է, որ շահառուներն օգտվում են։ Իսկ «Ղարաբաղ Տելեկոմի» սեփականատերերի առջև խնդիրը դրել ենք՝ խստացնել և ամենօրյա պայքար տանել, գիտե՞ք՝ ինչ գումարներ են գնում»։
Տեղեկատվական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել Արցախում մեկ կապի օպերատորի առկայությունը, ստեղծված իրավիճակում ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ։
168.am–ի հետ զրույցում տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Տիգրան Քոչարյանը թեմայի առնչությամբ նախ ասաց՝ բավականին զարմանալի է և վտանգավոր է այն, որ չգիտեն, թե ով է գնել «Ղարաբաղ Տելեկոմը»։
«Այդ խնդրի առնչությամբ բոլոր հարցումներին որևէ պատասխան չեն տալիս, ասում են՝ գաղտնիք է։ Սակայն մի երկրում, որի անվտանգությունը թիվ մեկ հարցն է, այդ թվում՝ տեղեկատվական, թաքցնել գնորդին՝ ավելին քան սխալ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եթե այն գնել է հայկական, այսպես ասած՝ նոր օլիգարխիան, ոչինչ, կարող են բարձրաձայնել, որովհետև գոնե կիմանանք, որ հայեր են գնել։ Գուցե՞ այլ երկիր է գնել այն, այդ դեպքում որքանո՞վ է ապահով մեր կապն Արցախի մեր հայրանակիցների հետ։
Սա շատ նման է ինչ-որ մի «ռեյդերական» գործողության, որի արդյունքում «ՎիվաՍԵԼ-ՄՏՍ»-ը ոչ թե դուրս է գալիս, այլ դուրս է մղվում Արցախից, քանի որ, եթե մոնոպոլիստ են այդ շուկայում, հատկապես՝ այդ շուկայում, ապա կարող են շատ քիչ ներդրումներ անելով, շատ մեծ գումարներ ստանալ, չզարգացնելով ցանցը, քանի որ դաշտում մրցակից չկա։ Վերջին մի քանի օրերին, ինչ «Ղարաբաղ Տելեկոմը» սկսել է միայնակ գործել այդ ոլորտում, կապը բավականին վատացել է, իսկ գներն ավելի աճել են։ Այդ ամենի արդյունքում, արցախահայության համար որևէ օգուտ չեղավ։ Աշխատաոճի այս ձևը ցույց է տալիս, որ «Ղարաբաղ Տելեկոմը» գնել են ամեն դեպքում այն մարդիկ, որոնց համար Արցախը և արցախահայությունը ոչ մի բան են, և ում համար կարևորը փողն է, և հանուն դրա իրենք պատրաստ են և չզարգացնել ցանցը, և վտանգի տակ դնել»,- նշեց Տիգրան Քոչարյանը։
Ըստ նրա, ներկա պահին քանի դեռ փակ է տեղեկատվությունը, թե ով է գնել ընկերությունը, այդ ամենը մարդկանց մոտ վտանգի վախ է առաջացնում։
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Արցախում կար կապի երկրորդ օպերատորը, և բոլորովին կարիք չկար նրա առջև այնպիսի պայմաններ դնել, որպեսզի դուրս գար Արցախից։ Ցանկացած բիզնես կառույց, որի համար նորմալ պայմաններ են ապահովվում որևէ վայրում, ապա այն որևէ դեպքում այդ վայրից դուրս չի գա։
«Երկրորդ օպերատորի փնտրտուքը կամ թոզ փչելը նպատակ է հետապնդում սկզբնական փուլում մեղմել հնարավոր քննադատության տարածումը, մյուս կողմից էլ՝ որևէ երաշխիք չկա, որ երկրորդ օպերատորն էլ չպատկանի նույն բիզնես խմբին»,- շեշտեց Տիգրան Քոչարյանը։
Տիգրան Քոչարյանի դիտարկմամբ, որքան հորիզոնական դիրքավորմամբ օպերատորներ լինեն, այնքան մեծ հավանականություն կա, որ որևէ մեկը կշարունակի աշխատել։ Եթե ամեն ինչ կենտրոնանում է մի տեղ, պարզ է, որ այնտեղ որոշ ժամանակ կոլապս ստեղծեն։
«Այդուհանդերձ, այստեղ իմ հիմնական շեշտադրումն այն է, որ՝ եկեք մի ամաչեք ու ասեք, թե ով է գնել «Ղարաբաղ Տելեկոմը», եթե այդտեղ որևէ վտանգավոր բան չկա, ապա այդ տեղեկատվությունը մի թաքցրեք։ Եթե վտանգավոր բան կա, ուրեմն՝ մարդկանց ասեք, թող գերադասեն ավելի շատ այլ ձևով շփվեն, օրինակ, աղավնիներ ուղարկեն Հայաստան, որպեսզի իրենց նամակագրությունն ավելի ապահով լինի, քան, ենթադրենք, այդ ընկերության միջոցով։ Չեմ ուզում այդ ընկերությանը վատաբանել, ուղղակի պետք է բաց լինեն ու ասեն՝ գնորդն ո՞վ է, գումարները որտեղի՞ց են»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Արցախում «Վիվա-ՄՏՍ»-ի ծառայությունները հասանելի են միայն ռոումինգի շրջանակներում։