««Ղարաբաղ Տելեկոմի» սեփականատերերի առջև խնդիրը դրել ենք խստացնել և ամենօրյա պայքար տանել». Արայիկ Հարությունյան
Այսօր Արցախի խորհրդարանում պատգամավորներն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք չպետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի «ՎիվաՍԵԼ-ՄՏՍ» կապի օպերատորը շարունակի ծառայություններ մատուցել Արցախում, քանի որ ընկերությունից հայտարարել են, որ վաղվանից դադարեցնում են իրենց գործունեությունն Արցախում և վերադառնում են նախապատերազմական իրավիճակին, երբ գործում էր ռոումինգ ծառայությունը։
«Առաջին հերթին մենք նաև պետք է իրականությունն ասենք՝ գործում էր անօրեն, մենք մշտապես խնդրում էինք տրամադրել, ավելի ճիշտ աշխատել օրենքի շրջանակներում։ Այդ ընկերությունը հրաժարվել է օրինական դաշտում աշխատելու քաղաքականությունից։ Լիցենզիա չի ստացել, այսօր էլ պատրաստ ենք տրամադրել։ Դե եկեք բոլոր ընկերություններին ասենք՝ եկեք Ղարաբաղ անօրեն աշխատեք՝ առանց հարկային վճարների, պետական կարգավորման։ Մենք պետք է վերահսկենք, մանավանդ այսօր։ Մենք պատրաստ ենք տրամադրել բոլոր օրինական թույլտվությունները, բայց պետք է կատարի այն պահանջները, որը մենք ենք դնում, պարզ է, չէ՞, ինչի մասին է խոսքը»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ օրեր անց իրականացնելու են այն միջոցառումը, որը սկսել են 2020 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կապված «բուքմեյքերական թալանի» գործընթացի հետ։
«Նրանք կատեգորիկ հրաժարվել են ոչ միայն մասնակցել, այլև համարել են, որ դա այն գլխավոր բաներից է, որ շահառուներն օգտվում են։ Իսկ «Ղարաբաղ Տելեկոմի» սեփականատերերի առջև խնդիրը դրել ենք խստացնել և ամենօրյա պայքար տանել, գիտե՞ք ինչ գումարներ է գնում»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ առաջին հերթին այդ ընկերությանն առաջարկել են բանակցել և այդ գործընթացը 2020 թվականի առաջին օրերին ռազմական դրության շրջանակներում պետական կառավարման են վերցրել։
«Արդեն պատերազմից հետո սեփականատերերը դիմել են մեզ՝ պահանջելով փոխել ու իրենց տալ հետագա կառավարումը, ես կատեգորիկ դեմ եմ եղել, որովհետև ամենածանր իրավիճակում՝ պատերազմի առաջին օրերին, ձախողել են այդ կապի համակարգը։ Այդ նույն խողովակն է, չէ՞, փակագծեր չբացեմ։ Բայց ասել եմ՝ գնացեք, սեփականատերերի հետ բանակցեք։ Բանակցել եմ հայաստանյան երեք օպերատորների հետ, եթե մեկի անունը տանք, ապա վաղն այդ ընկերությունը պրոբլեմներ է ունենալու, վաղը զրկվելու է բոլոր միջազգային համագործակցություններից։ Մեկի հետ հաջողվել է, այն մեկը, որը պատերազմի ժամանակ մեր կապն ապահովել է, կարողացել է բանակցել, ինչ-որ մոդելներով համաձայնության գալ, որպեսզի մենք միջազգային հարթակներում խնդիր չունենանք, քանի որ, եթե խնդիր ունենայինք, շատ մեծ կորուստ էր կրելու Հայաստանը։
Կրկնում եմ՝ եթե այսօր կա նման ընկերություն, որն ապահովելու է մեր պայմանները և կաշխատի օրինական դաշտում՝ խնդրեմ»,- շեշտեց նա։