«Որևէ գործարար չի կարող վստահ լինել, որ իր բանկային գաղտնիքին հասանելիություն չի ունենա ՊԵԿ-ը և դա չի փոխանցվի երրորդ անձանց»․ Հայկ Ֆարմանյան

Պետական եկամուտների կոմիտեն ցանկանում է առանց դատարանի որոշման հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին։ e-draft.am կայքում բաց քննարկման համար տեղադրված նախագծով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։ Հատկապես վերջին օրերին լուրջ դժգոհություններ, մասնագիտական ու հասարակական բացասական արձագանք եղավ առաջարկվող փոփոխությունների առնչությամբ, չի բացառվում, որ դա է եղել նախագիծը լրամշակման նպատակով հետ կանչելու պատճառը:

Հիշեցնենք, որ «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝e-draft.am» կայքում տեղադրված նախագծի հիմնավորման մեջ հեղինակները նշել էին, որ հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային հսկողության ընթացքում տնտեսվարող սուբյեկտները կամ ֆիզիկական անձինք հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային և ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը։

Գործող օրենսդրական կարգավորումներով՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրում է միայն դատարանի որոշման հիման վրա:

Ինչո՞ւ է Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովից պահանջում է լիազորությունների ընդլայնում՝ հասանելիություն բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին՝ առանց դատարանի որոշման, եթե հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն արդեն ՊԵԿ-ին հնարավորություն է տալիս վերահսկելու տնտեսվարողների բանկային բոլոր շարժերը: Ո՞րն էր առաջարկվող փոփոխությունների իրական նպատակը, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա:

Կարդացեք նաև

«Սա այն նույն նախաձեռնությունների շարքից է, որը տեղի ունեցավ երկու տարի առաջ: Խոսքը իրավապահ մարմիններին բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին հասանելիություն տրամադրելու մասին է, որը ոչ այլ ինչ էր, քան ներդրումային միջավայրը խաթարող օրենսդրական նախաձեռնություն: Այնպիսի երկրները, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, պետք է ընդունեն այնպիսի իրավական ակտեր, պետք է վարեն այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը միտված կլինի բացառապես ներդրումային գրավչության բարձրացմանը, այն էլ այն պարագայում, երբ ունենք լրջագույն անվտանգային խնդիրներ՝ անվտանգային ճգնաժամ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը:

Նրա խոսքով, օրեր առաջ ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը դարձյալ ներդրումային գրավչությունը նվազեցնող օրենսդրական նախաձեռնություն էր:

«Մի օրինակ բերեմ. Գոյություն ունի փոխարկելի արժույթների զամբյուղ, որի մեջ է մտնում շվեյցարական ֆրանկը: Ինչու: Որովհետև Շվեյցարիայում գոյություն ունի բանկային գաղտնիքի զարգացած ինստիտուտ, և տարիներ շարունակ դա նպաստել է, որ շվեյցարական ֆրանկն ամերիկյան դոլարի և ճապոնական իենի կողքին համարվի փոխարկելի արժույթ: Սակայն վերջին տարիներին ամերիկյան քաղաքականության արդյունքում, երբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները հասանելի դարձան շատերին, շվեյցարական ֆրանկը դադարեց ունենալ նախկին համբավը: Հիմա թող ՀՀ բանկերը մտածեն, թե սա որքանով է ձեռնտու: Կարծում եմ, նման օրենսդրական նախաձեռնությունները խթանելու են ստվերային շրջանառությունը:

Երկու տարի առաջ ընդունված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունները, «Գույքահարկի մասին» օրենքը, որը անվանում էին ներդրումային միջավայրը խթանող օրենսդրական նախաձեռնություններ, որևէ արդյունք չեն տվել: Հայաստանում կա ներդրումների զրո արդյունք: Որքան էլ կառավարությունն ասի, որ ներդրումներ են հորդում, դա այդպես չէ: Սա ևս տնտեսությանը, բիզնեսին վնասող հերթական օրենսդրական նախաձեռնություններից մեկն է: Նպատակը մեկն է՝ հնարավորինս վերահսկելի դարձնել բիզնես միջավայրը»,- մեկնաբանեց Հայկ Ֆարմանյանը:

Նախագծի բացասական կողմերից մեկն էլ այն է, որ չկա այնպիսի զսպող մեխանիզմ, ըստ որի՝ մարդիկ վստահ կլինեն, որ ՊԵԿ-ը կամայական ձևով չի տնօրինի գաղտնիք պարունակող տեղեկություններին: Մինչ այժմ ՊԵԿ-ն ունի այնպիսի գործիքներ և ՀՀ միակ պետական կառույցն է, որ առանց դատարանի որոշման էլ կարող է արգելանք կիրառել տվյալ բիզնեսի բանկային հաշիվների վրա: Եթե ՊԵԿ-ը ցանկանում է որևէ գործի շրջանակներում կասկածի հիման վրա տնօրինել այդ տեղեկություններին, ապա ունի այդ մեխանիզմը:

«Հայաստանը չի կարող իրեն այդպիսի «շռայլություն» թույլ տալ, Հայաստանն ավելի հրապուրիչ կարող է լինել ավելի ազատ օրենսդրական նախաձեռնություններով, իսկ այսօր սահմանափակվում է կանխիկը, որևէ գործարար չի կարող վստահ լինել, որ իր բանկային գաղտնիքին հասանելիություն չի ունենա ՊԵԿ-ը, և դա չի օգտագործվի այլ նպատակներով, երրորդ անձանց չեն փոխանցվի այդ տեղեկությունները: Որևէ մեկը չի ցանկանա այլևս բանկում գումար պահել կամ գործարքներն իրականացնել ավելի թափանցիկ, և դրանով կխթանվի ստվերային շրջանառությունը»,- վերլուծում է տնտեսագետը:

Ըստ նրա, երբ կառավարությունը սահմանափակում է կանխիկ գործառնությունները, արդեն իսկ ամեն ինչ դառնում է թափանցիկ, հետևաբար՝ ի՞նչ իմաստ ունի հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին:

«Իրավաբանական անձինք, միևնույն է, իրավունք չունեն կանխիկ գործարքներ իրականացնել: Այսինքն՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով խնդիրը պետք է համարվեր լուծված: Եթե նախագիծն ընդունվի այս տեսքով, միայն բացասական հետևանքներ է ունենալու»,- եզրափակեց Հայկ Ֆարմանյանը:

Աննա Դեմիրճյան 

Տեսանյութեր

Լրահոս