«Այս իշխանությունների խղճի վրա է նաև Արամ Սիմոնյանի մահը. այս ուղտը յուրաքանչյուրիս դռանն է չոքելու». Մենուա Սողոմոնյան
Այսօր դատական նիստերի դահլիճում մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Հանրության մի զգալի հատված համարում է, որ Արմեն Գրիգորյանի մահն իշխանությունների գործողությունների հետևանքով արդեն որերորդ մահն է, որովհետև չնայած առողջական խնդիրներին՝ Արմեն Գրիգորյանը շարունակում էր կալանավորված մնալ և չստանալ պատշաճ բուժօգնություն:
Ավելին, ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը գրել էր, որ պարզաբանումներ է պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում 5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն ասաց, որ համաձայն է այն գնահատականների հետ, որ Արմեն Գրիգորյանի մահը ևս գործող իշխանությունների խղճին է:
«Մարդն ուներ առողջական խնդիրներ, ուներ հանրային հեղինակություն, ճանաչելիություն, և եթե անգամ նրա հանդեպ դատական պրոցես էր իրականացվում, ապա նրան կալանքի ենթարկելը, հաշվի չառնելով նրա առողջական վիճակը, հանցագործություն է: Մարդուն պարզապես պատժելու համար են այսօր կալանքի ենթարկում: Սա, ինչպես տեսնում ենք, օրինաչափություն է դառնում: Այս իշխանությունների բարոյականության և խղճի վրա է նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մահը: Այն հոգեբանական հարվածները, որ նա ստացավ այս իշխանությունների, նրա սատելիտների գործած մեղքերի հետևանքով, այդ ամենը հաստատ նրանց բարոյական խղճի վրա է:
Ես առնվազն հիշում եմ 2018թ. մայիսի 29-ին, երբ այս իշխանությունների սատելիտ երիտասարդները ներխուժել էին, համալսարանի գիտական խորհրդի դահլիճում տարբեր տիպի անկարգություններ էին իրականացնում, լկտիությունն այնչափ մեծ էր, որ ուղղակի պրոֆեսորը չէր կարող դիմանալ, և սրտի հետ կապված առաջին խնդիրը հենց այդ ժամանակ նա ունեցավ և հոսպիտալացվեց:
Սա մեր հանրությանը ևս մեկ լրացուցիչ ազդակ պետք է լինի, որ այսպես հանդուրժելով՝ այս ուղտը յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր բարձրաձայնողիս դռանն էլ է չոքելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում