«Փաշինյանը պետք է հանգստանա, ամեն ինչ իր շուրջ չի պտտվում, նա ժամանակավոր ղեկավար է, իսկ երկիրը, պետականությունը՝ հարատև». ինչպես է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ
Սփյուռքի Հայ դատի հեղինակավոր գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն այսօր իր ֆեյսբուքյան օգտահաշվի էջում տեղեկացրեց, որ իր մուտքը ՀՀ արգելվել է և ինքը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել:
168TV-ի եթերում Մուրադ Փափազյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում արգելվել իր մուտքը ՀՀ, իրավապահ որ մարմիններն են դիմավորել և ինչ հիմնավորումներ են ներկայացրել: Փափազյանն ասաց, որ «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրերի վերահսկողության հատվածում (ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր.- Ա.Մ.) իրեն պաշտոնյաներ են ներկայացել և գրեթե 30 րոպե աջուձախ զանգեր արել, պաշտոնյաներ են եկել-գնացել և իրեն հստակ չեն պարզաբանել, թե ինչ խնդիր կա իր ՀՀ մուտքի հետ կապված:
«Ես հարցնում էի՝ ի՞նչն է խնդիրը, խնդիր կա՞, բայց ինձ բացատրություն չեն տվել, հետո ուղեկցեցին առանձին սենյակ, որտեղ 1 ժամ սպասեցի առանց անձնագրի, և հետո ինձ տարան տրանզիտ գոտի, այնտեղ հասկացա, որ վտանգ կա, որ արգելեն մուտքը Հայաստան: Այնտեղ ԱԱԾ պաշտոնյաներն էին, որ ինձ հետ հարաբերվեցին, 20 անգամ հարցրեցի՝ եթե խնդիր կա՝ ի՞նչն է խնդիրը, ասեք ինձ, որևէ տեղեկություն չտվեցին, և 3,5 ժամ հետո իմացա, որ Հայաստան մուտքն իմ համար արգելված է, Հայաստանում պերսոնա նոն գրատա եմ»,- ցավով նշեց Մուրադ Փափազյանը՝ շարունակելով, որ իրեն հենց այդպես էլ ասել են, որ մուտքն արգելված է, և որոշում է Կառավարության կողմից, և ինքը պետք է վերադառնա Փարիզ, որովհետև չի կարող մտնել ՀՀ սահմաններից ներս: Ֆրանսահայ գործչի գնահատմամբ՝ բավական կոշտ ձևով վարվեցին, անկիրթ ձևով: Ըստ նրա, խոսակցության այլ վայր չկար, և իրեն տարել են օդանավ, տեղեկացրել Air France-ի պաշտոնյաներին, թե ինչպիսին է իրավիճակը:
«Air France-ի պաշտոնյաները մոտս եկան, բացատրեցի իրենց, անշուշտ, խնդիր չկար, Ֆրանսիայի ոստիկանությունը դիմավորեց ինձ օդանավից դուրս, համակրանքով դիմավորեցին, որովհետև ինձ ճանաչում են, գիտեն՝ ով եմ, ինչ դեր ունեմ Ֆրանսիայում ի նպաստ Հայաստանի, ի նպաստ ֆրանս-հայկական հարաբերությունների, ի նպաստ Արցախի, ի նպաստ Հայ Դատի, իսկապես ամոթ է: Սիրտս խառնված է, որ Հայաստանում նման իշխանություններ են, որ ճեղք են բացում Հայաստանի և Սփյուռքի միջև, որ այսօր իմ պարագան է, բայց վաղը կարող է այլ պարագա լինել, ինձ պես գործիչը, որ տասնյակ տարիների ընթացքում պաշտպանել է ՀՀ-ն միջազգայնորեն, Արցախը, Հայ Դատը Ֆրանսիայի տարբեր նախագահների մոտ, տարբեր նախարարների մոտ, բոլոր քաղաքական դասակարգերի մոտ, և այսօր Նիկոլ Փաշինյանի ռեժիմն ինձ արգելում է մուտք գործել ՀՀ: Պատճառը չգիտեմ, բայց շատ հետաքրքրված եմ իմանալ: Բայց նշանակում է, որ իրենք ցանկանում են տկարացնել Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, և տկարացնելով Սփյուռք-Հայաստան հարաբերությունները՝ տկարացնում են թե Սփյուռքը, թե Հայաստանը»,- ասաց Փափազյանը:
Սփյուռքի ֆրանսահայ գործիչն իր հետ տեղի ունեցածը որակում է քաղաքական որոշում:
«Ես դիմեցի Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն, ասացի, որ իրենց պարտականությունն է՝ հարցնել ՀՀ ԱԳՆ-ին, որովհետև, երբ Ֆրանսիայի քաղաքացին այսպիսի ձևով հեռացվում է երկրից, պետք է պատճառ լինի: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի տունը չէ, օրենքներ կան, միջազգային օրենքներ կան, պատճառ պետք է լինի քաղաքացուն հեռացնելու համար՝ կամ անձնագիրն է կեղծ, կամ վիզա չունի, կամ խնդիր է երկրի անվտանգության համար, պետք է պատճառ լինի:
Այդպես վարվել բարեկամ երկրի քաղաքացու հետ, լուրջ հարց է, լուրջ սխալ է, չեմ կարծում, որ Փաշինյանը հաշվի է առել սա՝ ինձ սև ցուցակ ներառելով: Ես գիտեմ, որ պերսոնա նոն գրատա եմ Թուրքիայում, Ադրբեջանում, բայց երբեք չէի պատկերացնի, որ ինչ-որ մի օր ՀՀ-ում պերսոնա նոն գրատա կլինեմ: Իսկապես: Ես ամեն օր վտանգի մեջ եմ Ֆրանսիայում Թուրքիայի և ադրբեջանցիների կողմից, որովհետև քաղաքական և Հայ Դատի գործիչ եմ, բայց երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում այսպիսի ձևով կվարվի որևէ ղեկավարություն իմ հանդեպ»,- ասաց Փափազյանը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ խնդիր ունի, և նա չի հանդուրժում ընդդիմության գոյություն Հայաստանում ու Սփյուռքում, նա ուզում է պատժել ընդդիմությանը թե Հայաստանում, թե Սփյուռքում:
«Նիկոլ Փաշինյանը մի փոքր պետք է հանգստանա, ամեն ինչ իր շուրջ չի պտտվում, նա պետք է սա իմանա, նա ժամանակավոր ղեկավար է, իսկ երկիրը, պետականությունը՝ հարատև»,- ասաց Մուրադ Փափազյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները միայն իրենց շահերը, իրենց հաշիվներն են ցանկանում մաքրել, իրենց վրեժը լուծել, բայց սա Հայաստանը չի ուժեղացնում:
Հարցազրույցի ընթացքում Մուրադ Փափազյանը խոսեց նաև մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ՀՀ կատարած այցի մասին:
Ի դեպ, Իդալգոյի պատվիրակության կազմում էր նաև Մուրադ Փափազյանը, ում ներկայության պատճառով էլ, ըստ Փափազյանի, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Փարիզի քաղաքապետին:
Փափազյանը նաև խոսեց Աննա Հակոբյանի Նիցցա կատարած այցից և թրքամետ շրջանակների հետ վերջինիս շփումներից:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով: