«Ադրբեջանի հետ էներգետիկ հուշագիրն Արևմուտքի համար հետաքրքիր է միայն նավթի և գազի մատակարարումների տեսակետից». Արա Մարջանյան
Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ստորագրվող էներգետիկ հուշագիրը շարունակում է Արևմուտքի ընդհանրական մոտեցումը տարածաշրջանի նկատմամբ։
«Այս տեսանկյունից, Ադրբեջանի հետ էներգետիկ հուշագիրն Արևմուտքի համար հետաքրքիր է միայն նավթի և հատկապես գազի մատակարարումների տեսակետից, և Ադրբեջանի դերակատարումն Արևմուտքի աչքերում առաջին հերթին պայմանավորված է հենց դրանով։
Հուշագիրն ըստ էության շարունակում է այդ ուղղությունը, և իրականում խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազը դեպի Եվրոպա հասցնելուն և քիչ թե շատ հիմնավորելու այդ TANAP գազամուղների շինարարությունը, որն ի սկզբանե նախատեսված էր ադրբեջանական գազի համար։ Այնուհետև երբ պարզ դարձավ, որ ադրբեջանական գազը բավարար չէ, առաջին պլան եկան Թուրքմենիայի հետ Տրանս-Կասպյան գազային ծրագրերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Մարջանյանը՝ անդրադառնալով հուլիսի 18-ին ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքվելիք էներգետիկ հուշագրին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա։
Ըստ փորձագետի, Հայաստանի համար այս էներգետիկ հուշագրի ստորագրումը նշանակում է, որ Արևմուտքը շարունակում է իր մոտեցումներն Ադրբեջանի և Կասպյան տարածաշրջանի նկատմամբ։ Եվ այս տեսանկյունից Արևմուտքին հետաքրքրում է միայն գազի մատակարարումը և Տրանս-Կասպյան գազային ծրագրերի իրականացումը՝ առաջին հերթին թուրքմենական գազը Իրանի կամ Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա հասցնելու համար։
«Հայաստանի համար այս ամենը կարևոր է, քանի որ այդ տրանզիտային ճանապարհները կարող են անցնել Հայաստանի վրայով, բայց կարող են նաև շրջանցել։ Այս ամենից Հայաստանը կարող է օգուտ քաղել միայն այն դեպքում, երբ բոլոր կողմերի համար գտնվի ընդունելի աշխարհաքաղաքական լուծում։ Օրինակ, եթե Հայաստանի վրայով գնան տրանզիտային ճանապարհները, բայց Հայաստանը չափազանց բարձր գին վճարի դրա համար, ապա այն մեր երկրի համար ընդունելի չէ։ Մյուս կողմից, եթե այդ ճանապարհները շրջանցեն Հայաստանը, ապա մենք կհայտնվենք 1994 թվականի իրավիճակում, երբ Ազերի-Չիրագ-Գյունեշլիի նավթը շրջանցեց Հայաստանը, ինչը հանգեցրեց, ի վերջո, 2016 և 2020 թվականների պատերազմներին»,- եզրափակեց Արա Մարջանյանը։