Իրենց պարգևատրում են, ժողովրդին թալանում. գնաճն այլևս երկնիշ է
Գնաճը Հայաստանում շարունակում է ավելանալ։ Չի փրկում անգամ դրամի արժևորումը։
Վերջին 3 ամսում դրամը տարբեր արժույթների նկատմամբ արժևորվել է 15-20 տոկոսով։ Այդքանով ներմուծումներն էժանացել են, բայց նույնիսկ դա չի կասեցնում գնաճը։ Պատճառներից մեկն էլ մրցակցային թույլ միջավայրն է։ Ինչքան էլ մրցակցության պաշտպանության մարմինը փորձի արդարացումներ գտնել, միևնույն է, այն ի վիճակի չէ արդյունավետ վերահսկողություն իրականացնել։ Շատ հաճախ Հանձնաժողովը զբաղված է թանկացումներն արդարացնելով ու հիմնավորումներ փնտրելով, քան հակամրցակցային դրսևորումները կասեցնելով։
Արդյունքում՝ ունենք այն, որ Կենտրոնական բանկը թանկացնում է փողը, չնայած տնտեսությունից ստացվող դժգոհություններին՝ քայլեր չի ձեռնարկում կասեցնելու դրամի արժևորումը, բայց գնաճն էլի արագանում է։
Հունիսին այն հասել է 10,3 տոկոսի։
Այդպիսի գնաճ, դժվար է հիշել, թե Հայաստանում վերջին անգամ երբ էր գրանցվել։
Գնաճը գրեթե կրկնակի ավելին է, քան այն առավելագույն մակարդակը, որը պարտավորվել են ապահովել իշխանությունները։ Իշխանությունները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները, տուժում են սպառողները։
Գնաճի այսպիսի մակարդակը լուրջ խնդիր է 30 տոկոսին մոտ աղքատություն ունեցող երկրի համար։
Մարդկանց բավական մեծ խումբ կա, որոնց եկամուտները չեն ավելանում, փոխարենը՝ ավելանում են ծախսերը։ Այդ մարդիկ ամեն օրվա հետ աղքատանում են, ու շատերը համալրում են աղքատների բանակը։
Զավեշտ է, որ սոցիալական խոցելի խմբերն ու ցածր եկամուտներ ունեցողներն այսօր են բախվում գնաճի ծանր հետևանքների հետ, իսկ իշխանությունները հայտարարում են, թե միայն հաջորդ տարվանից են մտադիր անդրադառնալ թոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը։
Սպասվող բարձրացումն էլ մի բարձրացում լինի, դեռ կարելի է հասկանալ՝ ընդամենը մի քանի հազար դրամ, որը նույնիսկ թանկացումների չնչին մասը չի ծածկելու։
Իշխանությունների հույսին մնալը վաղուց անիմաստ է դարձել։ 30-40 հազար դրամ կենսաթոշակ ու նպաստ ստացողի կենսաթոշակն ու նպաստը 5 հազար դրամով չեն ավելացնում, բայց առիթը բաց չեն թողնում 650-700 հազար դրամ աշխատավարձ ստացող պատգամավորին նույնքան էլ պարգևավճար տալ։ Եվ ոչ միայն պատգամավորին, այլև մյուս պաշտոնյաներին։ Իրենք 650-700 հազար դրամը քիչ են համարում, իսկ հասարակության մի մեծ հատված ստիպված է գոյություն քարշ տալ 30-40 հազար դրամով։ Այն էլ առաջին անհրաժեշտության ապրանքների շատ ավելի բարձր գնաճի պայմաններում։
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը հունիսին հասել է 17,1 տոկոսի։
Անցած տարվա հունիսին էլ 8,8 տոկոս էր։ Այդ 8,8 տոկոսի վրա այս տարի ունենք ևս 17,1 տոկոսի գնաճ։
Դժվար չէ պատկերացնել, թե 2 տարում ինչքանով է թանկացել սննդամթերքը։ Իսկ այդ ընթացքում հասարակության մեծ մասի եկամուտները ոչնչով չեն ավելացել։
Թանկացել են հատկապես նվազագույն սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքները։
Այս տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, ալյուրի գներն աճել են 17,7 տոկոսով, հացինը՝ 20 տոկոսով, մակարոնեղենինը՝ գրեթե 30 տոկոսով։ Բրինձը թանկացել է 15 տոկոսով, հնդկաձավարը՝ 34 տոկոսով։
Գառան, խոզի և տավարի մսի գներն այս տարվա հունիսին 2021թ. հունիսի համեմատ ավելացել են, համապատասխանաբար՝ 7,1, 8,2 և 17,8 տոկոսով։ Որքան էլ իշխանությունները փորձեն այս թանկացումները պայմանավորել դրսի գործոններով, դրանում մեծ է ներքին տնտեսությունից ու իրենց գործունեությունից թելադրված ազդեցությունը։
Անասնապահության ոլորտում տարեցտարի անկում է գրանցվում, կրճատվում է անասնագլխաքանակը, ինչի հետևանքով էլ նվազում են մսամթերքի արտադրության ծավալները։
Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տավարի մսի արտադրությունը կրճատվել է 10 տոկոսով, խոզի մսինը՝ գրեթե 15 տոկոսով, ոչխարինը՝ ավելի քան 8 տոկոսով։ Ավելի մեծ է եղել թռչնամսի արտադրության կրճատումը՝ 16,5 տոկոս։
Զարմանալի չէ, որ արտադրության ծավալների այսպիսի նվազման պայմաններում գներն էլ պիտի բարձրանան։
Եվ ո՞վ է սրա մեղավորը, եթե ոչ՝ իշխանությունները։ Անցած տարի լուրջ խնդիրներ ունեցանք անասնակերի հետ կապված, իսկ իշխանություններն այդպես էլ ոչ մի քայլ չձեռնարկեցին գյուղացու հոգսերը ինչ-որ կերպ թեթևացնելու համար։ Պարզ չէ՞, որ հետևանքներն այսպիսին պիտի լինեին։
Շատ ավելի բարձր գնաճ ունենք գյուղատնտեսության մյուս ճյուղում՝ բուսաբուծության մեջ։
Բանջարեղենի գնաճը հունիսին հասել է գրեթե 46 տոկոսի։ Բայց դա ևս ամբողջը չէ։ Անցած տարի էլ գնաճն այստեղ պակաս բարձր չէր՝ 17,5 տոկոս։ Այսպիսի թանկացումից հետո այս տարի բանջարեղենի շուկայում ունենք 46 տոկոսանոց գնաճ։
Կարտոֆիլի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է՝ 145, կաղամբինը՝ ավելի քան 43 տոկոսով։ Վարունգի գնաճը գրեթե 94 տոկոս է, լոլիկինը՝ ավելի քան 30 տոկոս, կանաչ լոբունը՝ 35 տոկոս, և այսպես շարունակ։
Մրգերի գները ևս այս տարի բարձր են. գնաճը հունիսին գերազանցել է 16 տոկոսը։
Գնաճն արտաքուստ բարձր չէ ներմուծվող որոշ սննդամթերքների պարագայում։ Ասենք՝ շաքարավազը, որը նախորդ տարվա համեմատ թանկացել է 6,9 տոկոսով։ Բայց դա տեղի է ունեցել անցած տարվա այդ ամսին գրանցված ավելի քան 43 տոկոս թանկացումից հետո։ Նույնը նաև արևածաղկի բուսական յուղի պարագայում է։ Այս տարի նույնիսկ 3 տոկոսանոց գնանկում է արձանագրվել։ Բայց դա տեղի է ունեցել անցած տարվա 87 տոկոս գնաճից հետո։
Այսինքն՝ անցած տարի գինը 87 տոկոսով բարձրացել է, այս տարի ընդամենը 3 տոկոսով նվազել է։ Մնում է հաշվել, թե ինչքան է կազմել 2 տարվա գնաճը։
Բարձր է ոչ միայն սննդամթերքի, այլև ոչ պարենային ապրանքների գնաճը։ Նույնիսկ ծառայությունների ոլորտում չի հաջողվել խուսափել դրանից։
Գներն ամենուրեք բարձրացել են ու ավելացրել ծախսերը։ Սպառողների մեծ մասի ծախսերը վերջին 2 տարիներին աճել են տասնյակ-հազար դրամներով, եկամուտները շարունակել են մնալ նույնը։ Իշխանությունները խոստանում են հաջորդ տարի մի քանի հազար դրամով թոշակ ու նպաստ բարձրացնել՝ հաշվի չառնելով, որ գնաճն արդեն այսօր հասցրել է շատերին կանգնեցնել աղքատության շեմին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ