«Եթե ուզում են, թող գան Կոնդում ադրբեջանական հետք գտնեն՝ չկա՛, պետք է փաստեր ներկայացնեն, չէ՞, չունե՛ն». Ճարտարապետների պալատի նախագահ
ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանը հայկական կողմի դեմ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ մշակույթի ու ճարտարապետության դեմ, պատերազմ է տանում, ավելին՝ թշնամին ոչ թե դադարեցրել է պատերազմը, այլ ընդմիջում է վերցրել։
«Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեր ներկայացրած փաստերն այդքան էլ ուշադիր չի նայում։ Կարծում եմ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում նրանց կողմի մարդիկ են, որովհետև Ջուղայի խաչքարերի ոչնչացման ժամանակ բազմիցս դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, նրանք արձագանքեցին 1-1,5 տարի անց, երբ այդ ամբողջ խաչքարերը հավասարեցվել էին հողին։ Այսինքն՝ չկա հուշարձանը, չկա պրոբլեմը։
Հիմա Ադրբեջանն ուղղակի հարձակման է անցել, որ Երևանում ինչ-որ ժամանակ եղել է ադբեջանական հետք։ Ադրբեջանցիներն ինչ-որ ժամանակ մեզ մոտ բնակվել են, սակայն երբևէ որևէ արվեստի, ճարտարապետության, մշակույթի նշանակալից հետք չեն թողել։ Մեզանում կա միայն պարսկական հետք՝ «Կապույտ մզկիթից» սկսած՝ մինչև Կոնդում եղած մուսուլմանական փոքրիկ մատուռները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մկրտիչ Մինասյանը՝ արձագանքելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված Ադրբեջանի դիմումին, ըստ որի՝ Ադրբեջանն այդ կառույցին հորդորել էր Երևանում գտնվող Կոնդի թաղամասը «փրկել հայերի վանդալիզմից՝ համարելով այն ադրբեջանական»։
Մկրտիչ Մինասյանի տեղեկություններով՝ ադրբեջանական կեղծիքներին հակադարձելու համար, վաղուց հայկական կողմը փաստեր է հավաքագրում ու ներկայացնում՝ գիտական մակարդակով։ Թեպետ, որքան էլ հայկական կողմը գիտական մակարդակում բացառիկ հակադարձող փաստեր ներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միևնույն է՝ այդ կառուցում մեծ ուշադրություն չեն դարձնում։
«Ըստ իս, այս ամենը կապված է նրա հետ, չեմ վախենում նման բաներ ասելուց, որ միջազգային կառույցները կոռումպացված են մինչև վերջ։
Կրկնում եմ՝ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին բազմիցս դիմել ենք, արձագանք չկա։ Եթե ուզում են, թող գան Կոնդում ադրբեջանական հետք գտնեն՝ չկա՛, պետք է փաստեր ներկայացնեն, չէ՞, չունե՛ն։ Օրինակ, եթե մարդը գիտի, որ Սանահինն իրենն է, բազմաթիվ գիտնականների կողմից ապացուցված է, ապա հանգիստ է լինում, ով ինչ ուզում է՝ թող անի։ Հիմա օկուպացնելու մոլուցքն է իրենց տիրել, չգիտենք էլ, թե վաղն ինչ բնագավառ կդնեն կասկածի տակ։ Վհատվել պետք չէ, ուղղակի ակտիվ բոլոր հարթություններով պետք է պատասխանել ադրբեջանական կողմին։ Պատերազմի ժամանակ մենք փաստեր ներկայացրեցինք, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հուշարձանները հայկական են և Ադրբեջանի կողմից ոչնչացվում են։ Արձագանքները քիչ եղան, հիմա էլ Ղազանչեցոց եկեղեցին են քանդում ու մտածում են, թե հետո ինչպես ներկայացնեն»,- եզրափակեց Մկրտիչ Մինասյանը։