ԿԲ-ն անակնկալ է մատուցել. ինչո՞ւ են որոշել վերանայել և նվազեցնել տրանսֆերտների ցուցանիշները
Հայաստանի ֆինանսական շուկան շարունակում է գտնվել բարձր ճնշման տակ։ Դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից, մեծ քանակությամբ գումարներ են գալիս ֆիզիկական անձանց անվան տակ։ Այդ երևույթը սկսվեց Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից անմիջապես հետո։ Բայց ակտիվացավ հատկապես հետագա ամիսներին։
Ապրիլին ինչպես ընդհանրապես, այնպես էլ Ռուսաստանից ստացված տրանսֆերտային հոսքերը հասան երբևէ արձանագրված առավելագույնին։
Կենտրոնական բանկի կողմից ի սկզբանե հրապարակված ցուցանիշների համաձայն, այդ ամսին բանկային համակարգի միջոցով ստացվել էր 357,8 մլն դոլար, միայն Ռուսաստանից՝ ավելի քան 232 մլն դոլար։
Հետո, իհարկե, ԿԲ-ն որոշել է վերանայել այդ ցուցանիշները, դա պայմանավորելով «հավաքագրվող տեղեկատվության ճշգրտմամբ»։
Թե ինչո՞ւմ է եղել խնդիրը, Կենտրոնական բանկը չի մանրամասնել։ Բայց ճշգրտումից հետո նվազեցրել է ապրիլի մուտքերը։
Նախապես հրապարակված 357,8 մլն դոլարի փոխարեն՝ ապրիլին բանկային համակարգով ստացված տրանսֆերտները, թարմացված տվյալներով, կազմել են 299,4 մլն դոլար։ 58,4 միլիոնով ավելի քիչ, քան ի սկզբանե հայտարարվել էր։
Ճշգրտումը տեղի է ունեցել բացառապես Ռուսաստանից ստացվող փոխանցումների հաշվին։
Նախկին հրապարակման մեջ ապրիլին Ռուսաստանից ստացվել էր 232 մլն դոլար։ Վերանայումից հետո մնացել է 174 միլիոնը։ Ճիշտ այնքան, ինչքանով կրճատվել են ապրիլին ստացված ընդհանուր ֆինանսական հոսքերը։
Անգամ այս վերանայումից ու կրճատումից հետո, ֆինանսական հոսքերի ակտիվությունը չափազանց բարձր է եղել՝ նախորդ ժամանակաշրջանների համեմատ։
Բայց ապրիլով ֆիզիկական անձանց փոխանցումների ակտիվությունը չի սահմանափակվել։
Կենտրոնական բանկը հրապարակել է նաև մայիսին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալները, որոնք կրկին աննախադեպ են ու կրկին կապված ռուսական շուկայից ստացվող հոսքերի հետ։
Մայիսին բանկային համակարգի միջոցով ստացվել է ավելի քան 412 մլն դոլար, գերակշիռ մասը՝ Ռուսաստանից։ Ռուսաստանի բաժինը կազմել է 266 մլն դոլար՝ մասնավոր փոխանցումների ավելի քան 64 տոկոսը։
Մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունն ու կիրառվող պատժամիջոցները՝ Ռուսաստանից ստացվող մասնավոր փոխանցումներն իջել էին ընդհանուր հոսքերի 40 տոկոսից ներքև։ Երեք ամսվա ընթացքում այն կտրուկ վերականգնվել է։
Անցած տարվա մայիսի համեմատ մասնավոր փոխանցումները Հայաստան ավելացել են 2,3 անգամով. Ռուսաստանից՝ գրեթե 3,7 անգամով։
Անցած տարի մայիսին Ռուսաստանից ստացվել էր ընդամենը 72 մլն դոլար, այս տարի հասել է 266 միլիոնի։
Այսպիսի կտրուկ փոփոխությունը կապվում է Ռուսաստանից Հայաստան տեղի ունեցող տեղաշարժերի հետ։ Խոսքը մարդկանց ու բիզնեսի տեղափոխման մասին է։ Բայց դա այնքան էլ ամբողջական չի արտահայտում իրավիճակը։
Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխումը Հայաստան որոշակի առումով ավելացրել է այդ երկրից ստացվող տրանսֆերտային փոխանցումները։ Սակայն հոսքերի այս ակտիվությունը միայն դրանով դժվար է բացատրել։
Տրանսֆերտների տեսքով եկող ֆինանսական միջոցների մեջ քիչ չեն նաև առևտրային բնույթի փոխանցումները։ Սա հաստատում են նաև Կենտրոնական բանկում։
«Սրանք ամբողջ բանկային համակարգով կատարվող փոխանցումներն են, որոնց միայն մի մասն է վիճակագրորեն տրանսֆերտ ասվածը, որը մարդիկ փոխանցում են իրենց հարազատներին»,-վերջերս հայտարարվեց Կենտրոնական բանկում կայացած ասուլիսներից մեկում։
Հիմնականում աճել են առևտրային բնույթի և այլ տիպի փոխանցումները։ Այն աճը, որը տեսնում ենք տրանսֆերտներում, դրա հաշվին է։
Կենտրոնական բանկի պաշտոնյաները հաստատում են, որ իրական տրանսֆերտները, որոնք ստանում են մեր քաղաքացիները, ոչ միայն չեն աճել, այլև նվազել են։ Ավելի քիչ, քան կանխատեսվում էր ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում։ Բայց անկումը կա։
Տրանսֆերտների նկատվող աննախադեպ աճերը ոչ միայն կապված չեն մեր քաղաքացիների, այլև իրական տրանսֆերտների հետ։ Դրանց մեջ քիչ չեն առևտրային բնույթի փոխանցումները, որոնք կարող են ունենալ տարբեր, այդ թվում՝ Հայաստանից ներմուծումներ կազմակերպելու նպատակներ։ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով դադարեցվել են արտասահմանյան բազմաթիվ ընկերությունների արտադրանքի մատակարարումները ռուսական շուկա։ Այդ բացը փորձ է արվում լրացնել այլ երկրների շուկաների հաշվին։ Այդպիսի երկրներից մեկն էլ, ըստ ամենայնի, դարձել է Հայաստանը։
Տպավորություն է, որ փողը գալիս է Ռուսաստանից՝ վերածվում ապրանքի և արտահանվում ռուսական շուկա։
Նաև դրանով է բացատրվում Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշների, մասնավորապես՝ արտահանման ու ներմուծումների ակտիվությունը։
Իր դրական կողմերով հանդերձ, սա շատ վտանգավոր երևույթ է, որը Հայաստանին կարող է ներքաշել պատժամիջոցների տակ՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
Փաստն այն է, որ վերջին ամիսներին նկատվող ֆինանսական միջոցների ակտիվ ներհոսքը դեպի Հայաստան կապված է հիմնականում Ռուսաստանի հետ, ու դա որոշակի կասկածների տեղիք կարող է տալ։ Սրան պետք է չափազանց զգուշավոր լավատեսությամբ վերաբերվել, այլապես կարող ենք մի գեղեցիկ օր հայտնվել լուրջ խնդիրների առաջ։
Չնայած ֆինանսական փոխանցումների առումով, նախորդ տարվա համեմատ, որոշ ակտիվություն կա նաև այլ երկրներից, այնուհանդերձ դա այն ակտիվությունը չէ, որը տեսնում ենք Ռուսաստանի պարագայում։ Ռուսաստանից ստացվող հոսքերը գերազանցել են բոլոր սպասումները։
Այդ ակտիվությունն է, որը ֆինանսական շուկայում, այլ գործոնների թվում, մեծացրել է ճնշումը փոխարժեքների վրա՝ հանգեցնելով դոլարի ու եվրոյի արժեզրկմանը։
Երեք ամսվա ընթացքում դրամն ամերիկյան և եվրոպական արժույթների նկատմամբ հասցրել է ամրապնդվել 15-20 տոկոսով՝ առաջացնելով տնտեսության որոշ հատվածների դժգոհությունը։ Այս ընթացքում Կենտրոնական բանկը նաև որոշակի քանակությամբ տարադրամ է գնել։ Ապրիլ-մայիսին ԿԲ պահուստները համալրվել են 211 մլն դոլարով։ Ենթադրվում է, որ գումարի հիմնական մասը ներքաշվել է ներքին շուկայից՝ դոլարի և եվրոյի արժեզրկումը կանխելու համար։ Թեև դա փոխարժեքի շուկայում էական ազդեցություն չի թողել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ