Հայկական «ժողովրդավարություն» 

Կարծես թե Հայաստանում թևածում է հերթական՝ թվով երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուրվականը։ Այդ  են վկայում ԲՀԿ-ի կողմից սկսված կազմակերպչական գործընթացները,մարդ-կուսակցությունների հետ վարչապետ կոչեցյալի  հանդիպումից հետո, չկայացած եվրոռեժիսորի մտավարժանքները։ Կարծում եմ, այդ մասին են վկայում նաև որոշ ընդդիմադիր պատգամավորների մանդատներից հրաժարականները։ Մյուս կողմից, իսկապես առկա է խորհրդարանական ճգնաժամ, որն ընդամենը ձևականորեն չի գոհացնում վարչապետ կոչեցյալին։ Իհարկե,  նա ԱԺ-ում ունի հպատակ, կոճակ սեղմող մեծամասնություն, բայց դե «ժողովրդավարությունը» պահանջում է ունենալ նաև ընդդիմություն, ցանկալի է՝ «կառուցողական»։

Փորձենք հետհայացք գցել  անցած հարյուրամյակի Հայաստանի բոլոր ընտրություններին, մինչ այդ ներկայացնելով, թե իրականում ինչ է նշանակում ժողովրդավարությունը։

Ժողովրդավարությունը, որպես կառավարման ձև, համարվում է ամենաառաջադիմականը։ Դասական իմաստով ժողովրդավարությունը համարվում է որպես ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ Ժամանակակից, եվրոպական ժողովրդավարությունն էականորեն տարբերվում է դասականից։ Այն ենթադրում է ոչ միայն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, այլև օրենքի գերակայություն, այն է՝ գործադիր իշխանությունից անկախ դատաիրավական համակարգ, որն էլ, իր հերթին, համապատասխան օրենսդրության դեպքում, ապահովում է մարդու իրավունքների պաշտպանությունը։

Ավելին, առանց, երկրորդ, իսկ իմ համոզմամբ՝ իրականում առաջին բաղադրիչի բացակայության պայմաններում, բացառվում է նաև ազատ, արդար, թափանցիկ և այլն, ընտրությունների արդարությունը։

Այս տեսակետից, ինչպիսի՞ն է Հայաստանը՝ օրենսդրությամբ վարչապետին կից ԱԱԾ, ոստիկանություն, քննչական մարմիններ, դե ֆակտո վարչապետին կից դատախազություն, ՍԴ, ԲԴԽ, դատավորների մեծամասնություն։ Այս պարագայում  խոսել ժողովրդավարության մասին՝ առնվազն անհեթեթություն է։ Եթե գործող իշխանությունը կիրառելով իր բազմատեսակ և բազմաթիվ ընտրախախտումները՝ վարչական ռեսուրս, ընտրակաշառք, ահաբեկումներ, զինված  ուժերի բազմատեղամասային, ուղղորդված քվեարկություններ, կեղծ անձնագրեր և այլևայլ խախտումներ, ո՞վ կամ պետական ո՞ր կառույցը պետք է արձագանքի, բռնի կեղծարարի ձեռքը։ Կարծում եմ՝ պատասխանն ու հետևություններն  ակնհայտ են։

Այժմ մի պահ «մոռանանք» Հայաստանը դիտարկել՝ որպես իրավական պետություն, այլ դիտարկենք  1918թ․ սկսած Հայաստանում կայացած բոլոր ընտրությունները և դրանց արդյունքները։

1918թ․ Հայաստանի Առաջին անկախ Հանրապետության խորհրդարանը բազմակուսակցական էր։ Այն կազմավորվել էր ոչ թե ընտրությունների արդյունքում, այլ միջկուսակցական համաձայնությունների։ 1919թ․ Հայաստանի ողջ պատմության ընթացքում անցկացվեցին առաջին  խորհրդարանական ընտրությունները։ Ի դեպ, ընտրական օրենքը շատ առաջադիմական էր։ Այն հնարավորություն էր ընձեռում ընտրություններին մասնակցել կանանց, փախստականներին, այն դեպքում, երբ եվրոպական շատ երկրներում այդ նորմերը չէին գործում։

Եվ ի՞նչ․․․ Քանի որ պետական ողջ լծակները գտնվում էին ՀՅԴ-ի ձեռքին, ընտրությունները տվեցին «ցանկալի» արդյունք՝ 80 պատգամավորական մանդատներից 72-ը բաժին հասան ՀՅԴ-ին։

Ընտրություններ կոչվածն անցել է մթերակաշառքով, երկրապահների, ներեցեք՝ մաուզերիստների կողմից ահաբեկումներով։

Թե ինչպիսին էին Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի ընտրությունները, կարծում եմ, չարժե անդրադառնալ։ Այդ ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվում էին ԳԽ կուսակցականների և անկուսակցականների անխախտ դաշինքներ, տևեց մինչև 1988թ․։

1988թ․ սկսված արցախյան համաժողովրդական շարժումը Հայաստանում ստեղծեց երկիշխանություն, և ԳԽ թափուր տեղերում, ժողովրդի հուժկու ճնշման տակ պատգամավորներ ընտրվեցին Աշոտ Մանուչարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Խաչիկ Ստամբոլցյանը։

Արդեն 1990թ․ հերթական ԳԽ ընտրություններն էին։ Իշխանությունը դե յուրե դեռևս գտնվում էր ՀԿԿ-ի ձեռքին։ Չխոսենք այդ ընտրությունների օրինականության մասին։ Այն ժամանակվա ԿԸՀ փոխնախագահ,  հանգուցյալ Ջեմմա Հասրաթյանը պատմում էր ահավոր ճնշումների և խախտումների մասին։ Ինչևէ, ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացավ ՀԿԿ-ն։

Այսինքն, դե յուրե ընտրությունների արդյունքում  հաղթեց ՀԿԿ-ն։ Բայց քանի որ առկա է համաժողովրդական ահռելի ճնշում, այն ժամանակվա դասական ՀԿԿ-ական գործիչները, ինչպիսին էր Վիգեն Խաչատրյանը, ժամանակին կողմնորոշվեցին, և Հայաստանում առաջին անգամ ընտրություններով, շեշտեմ՝ ոչ ընտրությունների արդյունքներով,  կատարվեց իշխանափոխություն։

Արդեն 1995թ․ հուլիսի 5-ին վերջնականապես ոչնչացվեց ընտրություններ և հանրաքվե  կոչվող միջոցառումների իմաստը։ Էլ լցոնումներ, էլ քվեատուփերի առևանգումներ, էլ երկրապահների կողմից ահաբեկումներ, ծեծ ու ջարդ, էլ արձանագրությունների կեղծումներ, էլ որն ասեմ, էլ որը։

Եվ այս ազգային, գեղեցիկ ավանդույթը շարունակվեց մինչև 2021թ․։

Հիշեցնեմ, որ Հայաստանում երկու անգամ՝ 1998 և 2018 թթ․, տեղի է ունեցել իշխանափոխություն, առաջին անգամ՝  ներքին հեղաշրջման, երկրորդ անգամ՝ արտաքին, բառի լայն իմաստով, արդյունքում։

Այսպիսով և պատմական փորձը, և մեր, ինչպես ասում են՝ մենթալիտետը, որևէ, նույնիսկ չնչին հույսեր չեն տալիս ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու համար։ Եթե այս բոլորին ավելացնենք, որ նույնիսկ 2020թ․ խայտառակ պարտությունից, հայրենիքի կորստից հետո, 2021թ․ «ընտրությունների» միջոցով իշխանափոխություն տեղի չունեցավ, ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Արդ, եթե իսկապես վարչապետ կոչեցյալը գնում է հերթական արտահերթ «ընտրությունների», ի՞նչ սպասել արդյունքներից։ Նախ, ի տարբերություն Հայաստանի նախորդ բոլոր ղեկավարների, այսօրվանը չունի որևէ «կարմիր գիծ», նա պատրաստ է ամեն ինչ զոհաբերելու, այդ թվում՝ հայրենիքը, հանուն անձնական իշխանության։ Եվ մի՞թե պարզ չի, որ եթե նա 100%-ով համոզված չլինի, որ մնալու է իշխանության ղեկին,  ոչ մի դեպքում չի գնա արտահերթի, ինչպես 2021թ․։ Եվ որքան էլ Հայաստանում անցկացվեն սոցիոլոգիական ամենաճշգրիտ հարցումներ, որոնց արդյունքում, դիցուք, վարչապետ կոչեցյալի վարկանիշը 0-ական է, այն ոչինչ չի նշանակի, և «ընտրությունների» արդյունքում նա կստանա ավելի քան 60%-անոց արդյունք։

Ուստի, սպասվելիք «ընտրությունների» արդյունքում, կունենանք նույն, գուցե ավելի մեծ տոկոսով վարչապետական կոճակներ, գումարած ԲՀԿ և մարդ-կուսակցություններից կազմված երրորդ՝ «Մուտք»  խմբակցություն։ Ի դեպ, երկու ապագա «ընդդիմադիր» խմբակցությունների ցուցակները կկազմի անձամբ վարչապետ կոչեցյալը։ ԲՀԿ-ին թույլ կտրվի կիրառել բոլոր ֆինանսա-«կազմակերպչական» լծակները, իսկ «Մուտքը» կներմուծվի, վարչապետ կոչեցյալի հրահանգով, ինչպես 2018թ․ «Լուսավոր Հայաստանը», դրանցով իսկ երկուսին էլ կպահի «վզներին դրած» վիճակում։ «Ընտրություններում» «անաչառ» դիտորդություն կիրականացնեն քաղհասարակության ներկայացուցիչները՝ դրանք համարելով «ազատ, թափանցիկ, ժողովրդավարական։ Չէ՞ որ նրանք Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» հանձնման կողմնակիցներ են։ Բնականաբար, «ընդդիմադիր» գործիչները ժամանակ առ ժամանակ պրոֆիլակտիկ ծեծեր կուտեն, երբեմն կդիմեն գրպանային ՍԴ, չէ՞ որ պետք է ապահովել ժողովրդավարական շղարշը։

Իսկ ի՞նչ են մտածում իսկապես ընդդիմադիր գործիչները։ Մի՞թե նորից մտածում եք, թե «կրելու եք»։ Եթե, ինչպես 2021թ․ նորից մասնակցեք վարչապետ կոչեցյալի կազմակերպած «ընտրություններ» միջոցառմանը, ապա դուք նույնպես պատասխանատու կլինեք ինչպես «Զանգեզուրի միջանցքի», այնպես էլ հետագա կորուստների համար։ Սակայն, կարծում եմ, ինչպես նախկինում, այս անգամ էլ բոլոր քաղաքական ուժերը կմասնակցեն սպասվելիք ֆարսին, բերելով հետևյալ «փաստարկները»․ «է, եթե չմասնակցենք, մեկ է, մյուսները կմասնակցեն, բա թողնենք նրա՞նց, դառնալով պատգամավոր՝ լրացուցիչ լծակ կունենանք, և այլն»։

Ավետիք Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս