Բաժիններ՝

«Որ վարորդները բողոքի ակցիայի ժամանակ ակտիվ էին, նրանց պատժել են, ռեյտինգն իջեցրել են». «Յանդեքս»-ի վարորդ

«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդների մեծ մասը դժգոհ է փոփոխություններից, որոնք արվել են, և որոշել են այլևս չհամագործակցել ընկերության հետ: Հիմնական պատճառն այն է, որ բարձրացվել է միջնորդավճարի արժեքը, ինչպես նաև 1 կմ համար պահանջվող գումարը. եթե նախկինում ծանրաբեռնված ժամերին կամ վատ եղանակին «մինիմալը» կարող էր կազմել 700-800 դրամ, ապա հիմա 12000-1600 դրամ է:

Պարզվում է՝ վարորդները նախկին 16 տոկոս միջնորդավճարի փոխարեն՝ հիմա պետք է վճարեն 18.5 տոկոս:

«Ինձ համար ձեռնտու է, որ 1 կմ-ի համար գումարը քիչ լինի, ժողովուրդը շատ նստի, քան բարձր լինի, ու մարդիկ չնստեն: Ես իրենց շատ տոկոս եմ տալիս: Օրինակ, եթե քշում եմ 20.000 դրամի, ապա 6000-7000 դրամ իրենց տոկոս եմ տալիս: Ավելի լավ է՝ քշեմ 10.000 դրամի և իրենց 2000 դրամ տամ: Սկզբում 300-400 դրամ էր, նոր էին շուկա մտնում, իսկ հիմա լիդեր է դարձել, ինչ ուզում՝ անում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդներից Արթուրը:

Նրա փոխանցմամբ՝ քանի որ օրերս բողոքի ակցիա էր եղել, ղեկավարությունը մի շարք վարորդների նկատմամբ, այսպես ասած՝ «պատժիչ գործողություններ» է ձեռնարկել:

«Որ վարորդները որ ակտիվ էին, նրանց վատ վերաբերվեցին մի քիչ: Ես էլ ակտիվ եմ, իմ ռեյտինգն իջեցրել են, ասում եմ՝ ինչո՞ւ, թե՝ բա բողոք կա: Ես բիզնեսից իջել եմ կոմֆորտ: 6 ամսով բլոկավորել են»,- նշեց Արթուրը:

Ընկերության վարորդ Գևորգի խոսքով էլ, եթե նախկինում վճարում էին 16 տոկոս միջնորդավճար, հունիսի 26-ից այն բարձրացել են:

«1000 դրամ պատվերից 184 դրամ կանխիկի դեպքում են պահում, իսկ երբ գումարը անկանխիկացնում ենք, 1 տոկոս էլ այդ ժամանակ է պահում: Եթե նախկինում 3000 դրամից ավելի պատվեր էինք գրանցում,  ասենք, մոտ 7000-ի, ամենաշատը 480 դրամ էին պահում, հիմա 21000 դրամի պատվեր է եղել, 3700 դրամ տալիս ես «Yandex»-ին»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ, լրատվամիջոցների հետ զրույցում «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանն ասել է, որ միջնորդավճարի բարձրացումը միտված է ծառայության մատուցման որակի բարձրացմանն ու հավելվածի անխափան աշխատանքի բարելավմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս