Տնտեսության անոմալիան

Հայաստանի տնտեսության վերաբերյալ հրապարակվող ցուցանիշները շարունակում են զարմացնել իրենց տարօրինակություններով։ Տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ զարգացումներ չկան կամ շատ ցածր են, բայց ապրանքների արտահանումը մեծ տեմպերով աճում է։

Չենք արտադրում, սակայն, պարզվում է, արտահանում ենք։ Որտեղի՞ց և ինչի՞ հաշվին է այդպիսի մեծ տեմպերով աճում արտահանումը, անհասկանալի է։

Այդքան խոսվում է տնտեսության արտահանելի հատվածի վրա դրամի ամրապնդման բացասական ազդեցությունների մասին, բայց նույնիսկ այդ պայմաններում արտահանումը ռեկորդային բարձր տեմպերով աճել է։

Հինգ ամսում պաշտոնական վիճակագրությունը 25,7 տոկոս արտահանման աճ է արձանագրել։

Մայիսին աճը հասել է ընդհուպ 33,7 տոկոսի։ Ու դա տեղի է ունեցել դրամի այդքան ամրապնդման պայմաններում։ Դոլարի միջին փոխարժեքն այդ ամսին կազմել է 456 դրամ։ Նախորդ ամսին գրեթե 497 դրամ էր։

Արտահանման ցուցանիշների վրա, իհարկե, առկա է դոլարի փոխարժեքի անկման ազդեցությունը, բայց անգամ դա հաշվի առնելու պարագայում ունենք բավական բարձր աճ։ Եթե դրամի ամրապնդումն այսպես է արտահայտվում արտահանման վրա, ապա տնտեսվարողները դժգոհելու առիթ չպետք է, որ ունենան։ Թեև այդպես չէ. արտահանելի հատվածում համատարած դժգոհություններ են դրամի արժևորումից։

Տնտեսվարողները դժգոհում են, որ դա կործանարար հետևանք է ունենում իրենց գործունեության վրա։ Բայց դա պաշտոնապես հրապարակվող ցուցանիշներում չի երևում։

Պարզվում է, անգամ բեռնափոխադրումների հետ կապված վերջին ամիսներին առաջացած լրջագույն խնդիրները պատճառ չեն արտահանման ծավալների ավելացման համար։ Այն, որ բեռնափոխադրողները շաբաթներով մնում են հերթերի մեջ ու չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանային անցակետը, ևս խոչընդոտ չէ արտահանման համար։

Այլ հարց, թե ի՞նչ ենք այդքան արտահանում, եթե տնտեսության իրական հատվածում զարգացումները շատ ցածր են, արտադրության ծավալները դանդաղ են ավելանում։

Հինգ ամսում արդյունաբերության ոլորտում ունենք ընդամենը 2,7 տոկոսանոց աճ։ Այդ նույն ժամանակահատվածում արտահանման աճի տեմպը գրեթե 10 անգամ ավելին է եղել։

Արտահանելի մեկ այլ հատվածում, գյուղատնտեսության մեջ, նույնիսկ անկում է գրանցվել։ Բայց ունենք արտահանման աճի այսպիսի բարձր ցուցանիշ։

Ներմուծման աճն էլ ավելի բարձր է. 5 ամսում անցնում է 42 տոկոսից։

Հարց է առաջանում, մի՞թե ներքին սպառման պահանջարկն այդքան բարձր է, որ ներմուծումը նման տեմպերով ավելանում է, թե՞ դրա համար կան այլ պատճառներ։

Ներքին սպառումն աճել է, բայց շատ ավելի քիչ, քան ներմուծման աճի տեմպն է։ Ուստի մնում է ենթադրել, որ ներմուծման ակտիվությունն ունի այլ պատճառներ։

Դրա հետ կարող է կապված լինել նաև արտահանման ակտիվությունը։

Ամենայն հավանականությամբ, գործ ունենք վերարտահանումների հետ՝ հաշվի առնելով ռուսական շուկայում ի հայտ եկած բացերը։ Զարմանալի չէ, որ վերջին ամիսներին ռուսական կապիտալի մեծ հոսք է նկատվում Հայաստան։ Այդ կապիտալը թեև ստացվում է մասնավոր տրանսֆերտների տեսքով, այնուհանդերձ այն ունի մեծամասամբ առևտրային նպատակ։ Հավանաբար դա ապրանքային տեսքով վերադառնում է Ռուսաստան՝ խթանելով ինչպես ներմուծումը, այնպես էլ արտահանումը։

Դատելով մեր տնտեսության իրական հատվածի զարգացումներից ու աճի տեմպերից, ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման ակտիվությունը քիչ կապ ունեն ներքին տնտեսության հետ։ Պաշտոնապես արձանագրվող տնտեսական ակտիվության աճն իրական հատվածում շատ ցածր է։ Փոխարենը՝ բարձր է այնպիսի ոլորտներում, ինչպիսին են առևտուրն ու հատկապես ծառայությունները։

Ծառայությունների աճը վերջին տվյալներով, հասել է գրեթե 25 տոկոսի։ Սրանում մեծ է արտաքին հատվածից թելադրված ազդեցությունը։

Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստան տեղափոխված քաղաքացիները խթանել են ծառայությունների պահանջարկն ու արտահանումը։ ՏՏ հատվածում սկսել են գործունեություն իրականացնել այստեղ տեղավորված ռուսական ընկերություններն ու մասնագետները՝ լրացուցիչ ակտիվություն հաղորդելով ոլորտին։

Հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետ է կապված նաև ներքին առևտրի աճը։

Ներքին առևտրում 5 ամսում գրանցվել է 8,9 տոկոս աճ, որն արտահայտվել է առաջին հերթին մեծածախ առևտրում։ Մանրածախում ակտիվություն կա, բայց շատ քիչ։ Գների ու եկամուտների աճի անհամապատասխանությունը չի նպաստում մանրածախ առևտրի ակտիվությանը։ Եղածն էլ կապված է, մեծամասամբ, դրսից տեղափոխված քաղաքացիների կողմից ձևավորված հավելյալ պահանջարկի հետ։

Տնտեսական ակտիվության աճի գործում այս տարի նկատելի է շինարարության դերի ավելացումը։ Աճը 5 ամսում անցնում է 11 տոկոսից։ Բայց այն հիմնված է հիմնականում բնակարանային շինարարության վրա և կապված է եկամտային հարկի արտոնության հետ։ Եթե չլիներ այդ արտոնությունը, դժվար է ասել, թե հիմա ինչ զարգացումներ կունենայինք շինարարության մեջ։

Կառավարությունը պատրաստվում է այս տարի հարկատուների փողերից շուրջ 30 մլրդ դրամ վճարել եկամտային հարկի վերադարձի տեսքով, որպեսզի համեմատաբար վճարունակ քաղաքացիները մեկ կամ մի քանի բնակարան ձեռք բերեն։ Եկամտային հարկի արտոնության ժամկետի սպասվող սահմանափակումները պատճառ են դարձել, որպեսզի շատերը շտապեն օգտվել արտոնյալ պայմաններով բնակարան ունենալու հնարավորությունից։ Թերևս դա էլ նպաստել է բնակարանային շինարարության ակտիվացմանը և ուղղակիորեն ազդել շինարարության ոլորտի միտումների վրա։

Ինչպես առևտուրն ու ծառայությունները, այնպես էլ շինարարությունը դարձել են մեր տնտեսության այս տարվա բարձր աճի հիմքը։

Հինգ ամսում տնտեսական ակտիվությունը պաշտոնապես կազմել է 10,2 տոկոս։ Բայց դրանում դեռ ներառված չէ գյուղատնտեսության մասնակցությունը։ Առաջին եռամսյակում գյուղատնտեսությունն անկումային էր, իսկ երկրորդ եռամսյակի ցուցանիշը կհրապարակվի արդեն հաջորդ ամիս։

Արդյունաբերության 5 ամսվա աճն ընդամենը 2,7 տոկոս է, որտեղ զգալի է նաև որոշ ապրանքների միջազգային բարձր գների ազդեցությունը։ Անգամ այդպիսի ազդեցությունների պայմաններում արդյունաբերության հատվածում ունենք աճի այսպիսի համեստ պատկեր, որը ոչ մի կերպ չի տեղավորվում տնտեսական ակտիվության վերաբերյալ հրապարակվող որոշ ցուցանիշի մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս