Նիկոլ Փաշինյանի «սայթաքումների» գինը
Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի իր ասուլիսում հայտարարել էր, որ երթուղու փոփոխության դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Լաչինի բնակիչների հարցերը Կառավարությունը լուծում է, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդիրն այն է, թե այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»,- նշել էր նա:
Այս հայտարարությունը շատերին վրդովվեցրել էր, մտահոգել, մինչդեռ այն, ինչ ասվել է, ըստ էության, նորություն չէր:
Նիկոլ Փաշինյանն անգամ «միամտորեն» լեզվական սայթաքումներ է թույլ տվել, որից հմտորեն օգտվել է Ադրբեջանը:
Մասնավորապես, 2021-ի նոյեմբերի 23-ին կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության անարգել երթևեկություն արտահայտությունը կիրառելով` պնդել էր, որ սա հենց «սուվերեն միջանցք» է նշանակում, հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումը ադրբեջանական կողմին, ասել էր.
«Եթե նշանակեր «սուվերեն միջանցք», գրված կլիներ՝ «սուվերեն միջանցք»: Մանավանդ այդ նույն փաստաթղթի մեջ միջանցք բառը օգտագործված է` «Լաչինի միջանցք» ձևակերպումով»:
Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցներն ի պատասխան՝ զգուշացրել էին, որ ադրբեջանական կողմը շատ հանգիստ կարող է օգտվել Փաշինյանի այս լեզվական սայթաքումից:
Այսինքն, կարող են վերանայել Լաչինի միջանցքով տեղաշարժման սկզբունքը և օգտվելով միջանցքից՝ անարգել Հայաստանի տարածքով շարժվեն դեպի Նախիջևան:
«Բառախաղը կարող է թանկ նստել ոչ միայն Փաշինյանի, այլև հայ բնակչության վրա, որոնք օգտագործում են Լաչինը որպես միջանցք կամ «անցում» դեպի Հայաստան: Ինչ կլինի «Ադրբեջանում» (չակերտները.- Մ.Պ.) փակված հայերի հետ, եթե Ադրբեջանը վերանայի Լաչինի միջանցքի գործունեության սկզբունքները»,- գրել էր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը:
Ավելին, մենք նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում արդեն իսկ զիջում թույլ ենք տվել Լաչինի միջանցքի հետ կապված, ինչը 168.am-ը մանրամասն ներկայացրել էր՝ նշելով, թե այդ պահին ինչի դիմաց:
Եռակողմ հայտարարության հիշատակված 6-րդ կետում նշվում է, որ «կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:
Ըստ սրա՝ սկզբունքորեն այստեղ դոմինանտ դիրքորոշումն Ադրբեջանինն է լինելու:
Մենք ներկայացրել էինք, թե ինչ սրբագրումներ են եղել եռակողմ հայտարարության մեջ ապաշրջափակման մասին կետում, երբ ՀՀ-ից վերցվել է տրանսպորտային հաղորդակցություն ապահովողի դերը և տրվել տրանսպորտային կապերի անվտանգությունը երաշխավորողինը:
Իսկ եթե առաջին հայացքից թվում է, թե Նիկոլ Փաշինյանի լեզվական սայթաքումները չիմացությունից են, ապա ժամանակը ցույց է տալիս, որ դրանք, եթե անգամ հեռու են ճշմարտությունից, իրականությունից, ապա դրանում դիտավորության և հաշվարկված պահ հաստատ կա: