Սուրեն Պապիկյանը կհետևի՞ Դավիթ Տոնոյանի օրինակին

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, բնականաբար, չի գաղտնազերծվում, թե ինչ խնդիրներից ելնելով են հանկարծ հիշել, որ գոյություն ունեն սմարթֆոնների կիրառումն արգելող հրամաններ, և դրանց կատարմանը պիտի խստորեն հետևել:

Այսինքն, ՊՆ աշխատակիցները կամ զինծառայողներն աշխատանքի ժամին սմարթֆոնով շարի՞կ են գլորում, թե՞ անվտանգային հարցեր են առաջացել:

Գուցե Սուրեն Պապիկյանը հաշվի է առել փաստը, որ պատերազմից հետո էլ ԱԱԾ-ն տեղեկություններ է տարածում թշնամուն վարձատրության կամ դրա խոստման դիմաց պայմանագրայինների կողմից զորամասի շենքերի, շինությունների, սպառազինության, ռազմական տեխնիկայի, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի, տեսակների և այլ տեղեկությունների տրամադրման մասին, և որոշել է խիստ հանձնարարականներ տալ:

Երբ «թավշյա հեղափոխությունից» հետո ժամկետային զինծառայողներին թույլատրվեց ծառայության ընթացքում պահել և օգտագործել բջջային հեռախոսներ, սահմանվեց կարգ, որ այն չպետք է ունենա տեսախցիկ, ինտերնետ մտնելու հնարավորություն և այլն, ժամկետայինների և հատկապես նրանց ծնողների շրջանում այս փաստը ոգևորությամբ ընդունվեց, բայց մասնագիտական և փորձագիտական դաշտում եղան քննադատություններ:

Դրանց հիմքում անվտանգության գործոններն էին, ծառայությանը վերաբերող ինֆորմացիայի արտահոսքը և այլն, ինչի ականատեսը եղանք պատերազմի ընթացքում, պատերազմից հետո, որը շարունակվում է մինչ օրս:

Մասնագետները նաև զգուշացնում էին, որ այսօրվա տեխնիկական զարգացվածության դարում և ժամանակակից հեռախոսների օգտագործման դեպքում գաղտնալսելը բավականին հեշտ է:

Ավելին, հատուկ ծառայություններին բավական է ընդամեը մեկ անգամ վիրուսային ինչ-որ ծրագիր մտցնել սմարթֆոնի մեջ և 24 ժամ օնլայն մշտադիտարկման տակ պահել «կլիենտին», ինչպես ընդունված է ասել այդ ծառայություններում։ Այսինքն, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում բոլոր հնարավորությունները գործնականում ստեղծված են հետաքրքրություն առաջացնող «կլիենտներին» օպերատիվորեն հետևելու և արժեքավոր տեղեկությունները ֆիլտրելու համար:

Բանակում հեռախոսի օգտագործման թույլտվության կողմնակիցները նշում էին, որ միևնույն է՝ գաղտնի կերպով զինվորներն այն կիրառում են: Գուցե: Բայց, եթե հեռախոսի օգտագործումը թույլատրվում է համապատասխան հրամանով, ապա անգործությունն այս հարցում անթույլատրելի է, այդ թվում՝ սպաների հետ կապված, որոնց դեպքում, առհասարակ, խիստ մոտեցման պակաս կա:

Եվ եթե հիմա, թեև ուշացած, հասկացել են սրա հետևանքները, ողջունելի է:

Բայց կա այլ խնդիր ևս. որքանո՞վ են հենց Սուրեն Պապիկյանը կամ նրա տեղակալները պահպանում անվտանգության կանոններն այս առումով:

Օրինակ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն օգտագործում էր սովորական հեռախոս, և ոչ թե սմարթֆոն, համենայնդեպս, կառավարության նիստերի ժամանակ դա լրագրողներն արձանագրել էին:

Արդյո՞ք Սուրեն Պապիկյանը կգնա սրան: Կամ՝ արդյո՞ք նա հեռախոսով բանակին վերաբերող գաղտնիության տարրեր պարունակող հարցեր չի քննարկում:

Այսինքն՝ Սուրեն Պապիկյանը պիտի օրինակ ծառայի և անի այն, ինչ խստորեն պահանջում է ենթականերից: Նաև պետք է ձերբազատվել այս իշխանություններին բնորոշ՝ երկիրը, բանակը ֆեյսբուքյան, «տելեգրամյան» էջերով կառավարելու մեթոդից։

Ի դեպ, ասում են՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն այս հարցում ամենազգուշավորն էր, ինչը զարմանալի չէ, ի վերջո, երկար տարիներ ղեկավարել է ԳՇ հետախուզության վարչությունը:

Տեսանյութեր

Լրահոս