«Ադրբեջանը ունակ է կիրառել այդ գործիքը, և ոչ միայն՝ Արցախի նկատմամբ». Արա Մարջանյան

էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունը կանգնել է շատ լուրջ էներգետիկ խնդիրների առաջ։ Իսկ մինչ պատերազմը, Արցախում էներգետիկ ոլորտն ընդհանրապես և վերականգնվող էներգետիկայի ասպարեզը՝ մասնավորապես, ապրում էին բուռն վերելք։ Արցախը հատել էր ինքնաբավության շեմը, ունակ էր մաքուր վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիան՝ ոչ մեծ ծավալներով, արտահանել Հայաստան։

«44-օրյա պատերազմից հետո մենք տեսանք  թուրք-ադրբեջանական նույն ձեռագիրը, որը ծանոթ էր մեզ դեռ վաղ 90-ականներից։ Մենք տեսանք էներգետիկ շրջափակման դեպքեր, գազի անջատումներ, էներգետիկ ահաբեկչություն տեղի բնակչության հանդեպ, սա թուրքական ձեռագիրն է։ Մենք սա տեսնում էինք նաև Ղրիմի էներգետիկ ու ջրային բլոկադայի ժամանակ, ինչպես նաև մի շարք այլ դրվագներում»,- 168.amի հետ զրույցում ասաց Արա Մարջանյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո Արցախի ընդհանուր էներգետիկ ոլորտի խնդիրներին ու դրանց ուղղված անհրաժեշտ քայլերին։

Ըստ փորձագետի, պատերազմից հետո Արցախը կորցրեց նաև հսկայական քանակությամբ փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք մեծ հաջողությամբ կառուցվել էին անցած 7-8 տարիների ընթացքում։ Դրանք ապահովում էին Արցախի մաքուր էներգետիկ աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիայով։

«Կորցրեցինք որոշակի էներգետիկ ենթակառուցվածքներ, թե՛ էլեկտրաէներգետիկ, թե՛ գազի, թե՛ ջրի, և թե հաղորդակցման։ Ցավոք, անցած տարվա ընթացքում հայկական կողմը չարեց մի քանի կարևոր քայլեր, որը կարծես թե կարող էր անել։ Մասնավորապես՝ չդրվեցին այդ կորցրած ՀԷԿ-երի փոխհատուցման կամ, ենթադրենք, միասնական շահագործման մեխանիզմների հիմքերը։ Որոշ դեպքում ռուսական խաղաղապահ ուժերն օգնեցին հարթել իրավիճակը, իսկ որոշ դեպքերում մնացին չեզոք։ Կարճ ասած՝ խնդիրներն առկա են և կարոտ են լուծման»,- շեշտեց Ա. Մարջանյանը։

Միաժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է Արցախի էներգետիկ ոլորտում ճնշումներ գործադրել և իր պահանջներն առաջ տանել։

«Առհասարակ բնակչության նկատմամբ ահաբեկչությունը, մասնավորապես՝ էներգետիկ ահաբեկչությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի ամենաբնութագրական գծերից մեկն է։ Ադրբեջանը հաստատ մտադիր է, նաև ունակ է ու ծրագրում է կիրառել իր այդ գործիքը և ոչ միայն՝ Արցախի նկատմամբ։ Պատեհ առիթի դեպքում նա այն կկիրառի նաև Հայաստանի և առհասարակ ողջ տարածաշրջանի նկատմամբ։ Այնպես որ, այստեղ աչքներս բաց պետք է պահենք։

Այս իրավիճակից դուրս գալու ելք, կարծում եմ՝ կա, և այն շատ կարճ կարելի է  ձևակերպել։ Հիմա Հայաստանն անդառնալի քայլեր չպետք է անի, պահպանի հավասարակշռությունը, նյարդերի ամրությունը, ուշադիր հետևի տարածաշրջանային զարգացումներին և օժանդակի նրանց, ովքեր նպատակահարմար կլինեն Հայաստանի համար։ Չեզոք մնա հակառակ քայլեր անելուց, մինչև այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում ավելի հստակ ու հանգուցալուծմանը մոտ կլինի»,- եզրափակեց Արա Մարջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս