Թմրամիջոցների գործածումը բնորոշ է դարձել երիտասարդների, երբեմն՝ նաև դեռահասների շրջանում. Սուրեն Նազինյան
Հունիսի 26-ը թմրամոլության և թմրաբիզնեսի դեմ պայքարի միջազգային օրն է: 1987 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 42-րդ նստաշրջանում ընդունվել է բանաձև, որն առաջարկում էր յուրաքանչյուր տարի հունիսի 26-ը նշել որպես Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր:
ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ թմրամիջոց օգտագործողների թիվն աճում է:
«2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում և և Հանրապետության նարկոլոգիական ծառայությունների թմրամիջոցների գործածման հետ կապված հաշվառված անձանց թիվը կազմել է 7570, որոնցից 4694-ը կանաբինոիդներ գործածելու հետ կապված է հաշվառված: Սա ներառում է նաև սինթետիկ կանաբինոիդները: 2868 հոգի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է օփիոդների, 8 հոգի էլ՝ կոկաինի գործածման հետ կապված: Տարիքային առումով մոտ 70 տոկոսը կազմում են 30-ից մինչև 50 տարեկան անձինք, բայց վերջին շրջանում տեսանելի է, որ թմրամիջոցների գործածումը բնորոշ է դարձել երիտասարդների, երբեմն նաև դեռահասների շրջանում: Հաշվառված կանանց թիվն այս պահի դրությամբ 170 է, կեսը օփիոդ գործածող է, կեսը՝ կանաբինոիդ»,- նշեց Սուրեն Նազինյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է՝ գիտակցել, որ անհրաժեշտ է ապրել թմրամիջոցներից զերծ կենսակերպով: Նախորդ տարի հաշվառված անձանց թիվը, բանախոսի փոխանցամբ, եղել է մոտ 7100:
Նշված թվերը ոչ միայն բուժման դիմած, այլև իրավապահ մարմինների որոշումներով հետազոտության ուղեգրվածներին են վերաբերում: Կանաբինոիդ օգտագործողների թվի հիմնական մասն իրավապահների որոշումներով բերված կամ ուղեգրված անձինք են, իսկ 2868 հոգին՝ օփիոդ օգտագործողները, գերազանցապես այն մարդիկ են, ովքեր դիմել են բուժման նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանն էլ նշեց, որ թմրամիջոց օգտագործողների թվի աճը, իր կարծիքով, պայմանավորված է նրանով, որ նոր սինթետիկ թմրամիջոցներն ավելի շատ տարածում են գտել, ու նրանց հայտնաբերումը մի քիչ ավելի դժվար է:
«Կա նաև մեկ ուրիշ վտանգ. նոր սինթետիկ թմրամիջոցները բերում են շատ լուրջ հոգեկան խանգարումների՝ փսիխոզների ձևով, ընդհուպ՝ մինչև թուլամտություն: Հենց առաջին օգտագործման ժամանակ կարող են դիտվել սուր հոգեկան խանգարումները, և այս դեպքում ստացիոնար բուժումն անխուսափելի է: Շատ հաճախ նման խանգարումները կրում են քրոնիկ, անվերադարձելի բնույթ»,- մանրամասնեց Գևորգ Փաշիկյանը՝ հավելելով, որ, ցավոք, թմրամիջոցները հասանելի են դարձել, հիմնական թիրախային խմբում դեռահասներն ու երիտասարդներն են, ովքեր իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են սոցիալական կայքերում, որտեղ թմրամիջոցները բավականին լուրջ գովազդվում են:
168.am-ի հարցին՝ կարծիք կա, որ ոչ մի թմրամոլ ինքնակամ չի դիմում բուժման, այդպե՞ս է, ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատուն պատասխանեց, որ նման բան չկա:
«Կախվածություն ունեցող անձինք կենտրոնում մեծ մասամբ իրենց կամքով են բուժվում: Այսինքն, հասկանում են իրենց խնդիրը և իրենց կամքով դիմում են բուժում ստանալու համար: Այն պացիենտները, որոնք չեն ցանկանում բուժում ստանալ, մենք չենք կարող նրանց ստիպել, որ բուժվեն»,- ասաց Գևորգ Փաշիկյանը:
Մեր հաջորդ հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել թմրանյութերի նկատմամբ կախվածությունը, Գևորգ Փաշիկյանն արձագանքեց՝ միայն բժշկի օգնությամբ:
«Որպես կանոն, ինքնաբուժությունը հետագայում խնդիրներ է առաջացնում: Մարդիկ կարող են ժամանակավորապես չօգտագործել թմրանյութ, բայց ռիսկը շատ մեծ է, որ վաղ թե ուշ կարող են վերադառնալ թմրանյութեր օգտագործելուն կամ այլ կախվածության ձևեր առաջանան իր մոտ: Դրա համար մասնագիտացված մոտեցումն ամենակարևորն է: Շատ են դեպքերը, որ բուժվում և այլևս չեն օգտագործում թմրամիջոց»,- եզրափակեց ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատուն: