«Ֆուտբոլի գնդակի նման Անկարայից տշում են Բաքու, Բաքվից՝ Մոսկվա, Մոսկվայից՝ Բրյուսել, Բրյուսելից՝ Վաշինգտոն, Վաշինգտոնից էլ՝ կոսմոս». Էդուարդ Շարմազանով
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը խաղաղության դարաշրջան բացել և գերիներին վերադարձնել խոստացող Փաշինյանը վերընտրվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Սակայն ո՛չ գերիները վերադարձան, ո՛չ էլ խաղաղության դարաշրջանը բացվեց:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ այսօր լրանում է մեր անկախ պետականության ամենամեծ խայտառակություններից մեկի տարելիցը:
«Ես՝ որպես պատմաբան, դժվար մտաբերեմ որևէ դեպք, առնվազն նորագույն պատմության ընթացքում, երբ պարտված, կապիտուլյացիա ստորագրած, հազարավոր զոհերից նահատակության մեղավոր դարձած մարդուն և նրա խմբակին հասարակության՝ ընտրություններին մասնակցած մեծամասնությունը ձայն տա: Դա մեր խայտառակությունն է: Դա միգուցե պայմանավորված էր նրանով, որ Փաշինյանը քարոզարշավի ողջ ընթացքում մանիպուլյացնում էր: Նա ոչ միայն խաղաղություն էր խոստանում, ասում էր՝ ապագա կա, նշում էր, որ գերիները 1-2 ամիս հետո պետք է վերադառնան, այլ նաև ասում էր՝ Շուշին պետք է դեօկուպացվի, Արցախի հարցը լուծվի ՄԽ համանախագահության, երեք հիմնարար սկզբունքների շրջանակում: Իսկ այսօր չի խոսում ո՛չ ինքնորոշման իրավունքից, ո՛չ Արցախի կարգավիճակից, ո՛չ երեք հիմնարար սկզբունքներից, ո՛չ գերիներից: Ժողովրդին վախեցնում էր պատերազմով, որ՝ եթե ես չընտրվեմ, հները կգան, պատերազմ կլինի: Ինքը ստեղծեց պատերազմի ուրվական՝ նշելով, որ ինքն է խաղաղության միակ երաշխավորը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Շարմազանովի դիտարկմամբ՝ այսօրվա շարժումն ընտրություններից մեկ տարի անց արդեն ցույց տվեց, որ հասարակությունն ապատիայից արթնացել է. «Մեր հասարակությունը թևակոխել է ընդվզման փուլ, որին պետք է հաջորդի իշխանափոխության փուլը»:
Ըստ նրա՝ իշխանափոխության համար հարկավոր է, որ անհնազանդության ակցիաներին կրիտիկական զանգված մասնակցի:
«Եթե Նիկոլ Փաշինյանի կամ իր խունտայի նպատակն է՝ Հայաստանը տանել ցնցումների կամ մեզնից կերտել արմատական ընդդիմություն, մենք արմատական, ծայրահեղ քայլերի չենք գնալու, մենք օրինականության սահմաններում ու բարոյական ճանապարհով հասնելու ենք իշխանափոխության: Այդ ընդդիմությանը մեղադրողները, որ՝ բա խի՞ չեք գնում, խի՞ չեք կրակում, դրանք Հայաստանի թշնամիներն են: Հայաստանում պետք է ոչ մի կրակոց չհնչի: Հայաստանում ով քաղաքացիական բախում հրահրեց՝ նա Հայաստանի թշնամին է»,- ընդգծեց նա:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, թե Հայաստանն այսուհետ պետք է վարի ինքնիշխան քաղաքականություն, ապա հարց ուղղեց. «Սա՞ է քո ինքնիշխան քաղաքականությունը: Ֆուտբոլի գնդակի նման Անկարայից տշում են Բաքու, Բաքվից՝ Մոսկվա, Մոսկվայից՝ Բրյուսել, Բրյուսելից՝ Վաշինգտոն, Վաշինգտոնից էլ՝ կոսմոս: Ֆուտբոլի գնդակն ավելի մեծ գեոպոլիտիկ արժեք ունի, քան այսօրվա իշխանության գեոպոլիտիկ քաղաքականությունը: Շպագատ է իջել ու բոլորին «այո» է ասում: Ինչքա՞ն կարելի է ասել՝ նախկին, նախկին: Նախկինը լա՞վն է եղել, թե՞ վատը, պատմությունը կորոշի, բայց այդ ամենավատ նախկինը քեզ ժառանգել է երկու հայկական պետություն: Տեսնենք՝ դու քեզնից հետո ի՞նչ ես ժառանգություն թողնելու»:
Անդրադառնալով իրենց անելիքներին՝ նա նշեց, որ շարժման աշխարհագրությունը պետք է ընդլայնվի, պետք է փորձեն ավելի լայն հասարակական շերտերի հետ աշխատել, ընդլայնել շարժման թեմատիկան. «Արցախի անվտանգության խնդիրը շատ կարևոր է, արտաքին քաղաքական հարցերը շատ կարևոր են, բայց պակաս կարևոր չեն նաև սոցիալական, տնտեսական խնդիրները, Հայաստանի ապագա զարգացման տեսլականի խնդիրները, կոռուպցիոն դրսևորումների խնդիրները, ազգային համերաշխության խնդիրները: Եթե հասարակության մի մեծ հատված կա, որ չի գալիս հանրահավաքներին, նշանակում է, որ մենք իրենց հասկանալի լեզվով չենք խոսում, կամ մենք չէ, որ պետք է խոսենք, ուրիշ մարդիկ պետք է խոսեն: Այս ամենը պետք է հասկանանք: Ինձ համար Նիկոլի իշխանությունից ավելի վատ են շողոքորթողները, այն մարդիկ, ովքեր ասում են՝ երկու կողմն էլ կթուլանա, երրորդ ճանապարհը կգա: Հիշեցնեմ՝ երրորդ ճանապարհն ամենաշատը տանում է դեպի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն, ուրիշ տեղ չի տանում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում