Բաժիններ՝

«Ո՞ւմ դիմենք, որ այս կանաչ խաչերի հարցը լուծի»․ Վարորդները՝ դեղատների շեղող ցուցանակների մասին

Դեղատների կողմից որպես ցուցանակ տեղադրված կանաչ լույսով խաչերը շարունակում են անհանգստություն պատճառել ոչ միայն վարորդներին, այլև երբեմն նաև՝ հետիոտնին:

«Ո՞ւմ դիմենք, որ այս կանաչ խաչերի հարցը լուծի: Տեղեր կան, որ հենց լուսացույցի ուղղությամբ դրած է, ուշ ժամի ահավոր շեղում է: Վերջին պահին ես հասկանում, որ լուսացույցը չի, դեղատան լույսն է: Հատկապես թարթող լույսը շատ է խանգարում: 10 տարի է՝ բարձրաձայնում ենք, ոչ մեկը հարցին լուծում չի տալիս»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհեց վարորդներից մեկը: Մյուսն էլ առաջարկեց գոնե ցուցանակի գույնը փոխել:

Կանաչ լույսով խաչերը, պարզվեց, խանգարում են նաև հետիոտնին:

«Օրբելի խաչմերուկում դեղատուն կա, խաչը լուսացույցի մոտ է, մտածեցի՝ կանաչ է՝ անցնեմ փողոցը, մի քանի քայլ հազիվ էի արել, երբ նկատեցի, որ իրականում կարմիր լույս է, իսկ կանաչը դեղատան խաչի լույսն է»,- նշեց քաղաքացին:

Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից հայտնեցին, որ «Լիցենզավորման մասին» օրենքը պարտադրում է, որ դեղատունը պետք է գործունեություն ծավալի՝ դեղատուն բառը կանաչ տարբերանշանով լինելու դեպքում: Եթե դեղատունը խաչմերուկում է, և ունի օրինական թույլտվություն՝ այդտեղ ծավալել գործունեություն, նորմերի պարտադիր պահանջ է, որ կանաչ տարբերանշանով պետք է գրված լինի «դեղատուն»:

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ այս հարցը բարձրացվել է դեռևս 2017 թվականին։

«Այդ հարցը դեռևս Տարոն Մարգարյանի ժամանակ մասնակի էր կարգավորվում․ մոտավորապես այսպես էր. արտաքին գովազդի տեսանկյունից համարվում էր, որ կարելի էր պարզապես լույսը չմիացնել, թեկուզև նշանը լինի։ Զգալի դեղատներ՝ հատկապես խաչմերուկների մերձակա հատվածներում, լույսերն անջատում էին։ Այսինքն, կար կանաչ գույնի խաչի այդ նշանը, բայց վառ լույսով միացված չէր։ Օրենքով հստակ նշվում էր, որ աշխատանքի ժամանակ դեղատան պատին պետք է լինի այդ կանաչ խաչը և լուսավորվի: Սակայն կանաչ խաչը երթևեկելի մասին զուգահեռ պետք է լինի, այսինքն՝ երթևեկությանը ոչ ուղղահայաց, քանի որ կարող է վարորդներին շփոթեցնել, կամ, միգուցե ընդհանրապես չլուսավորվի։ Իսկ, եթե երթևեկելի մասին ուղղահայաց տեղադրված լինի, ապա պետք է առաջացնի տուգանքի որևիցե տարբերակ կամ ապամոնտաժում, բռնագրավում»,- նշել էր Սերգեյ Ղահրամանյանը:

Հավելենք, որ դեռևս 2018թ.մարտ ամսին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ գույքագրել են խաչմերուկների հարևանությամբ տեղադրված դեղատների կանաչ խաչերը: Արդյունքում 53 կանաչ խաչեր, որոնք կարող էին նույնականացվել լուսացույցի կանաչ լույսի հետ, ապամոնտաժվել և տեղափոխվել են այլ վայրեր: Սակայն սա հարցի լուծմանը չի հանգեցրել, ու 2020թ. մայիսին «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Մխիթար Հայրապետյանը և Նարեկ Զեյնալյանը, առաջարկեցին փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և տուգանք սահմանել ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց մոտ գտնվող այն դեղատների համար, որոնք որպես ցուցանակ՝ տեղադրել են կանաչ լույսով խաչեր: Խնդիրն այն էր, որ խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակները հաճախ պատճառ են հանդիսանում, որ վարորդները խախտեն երթևեկության կանոնները։

Սակայն, կարծես թե դեռևս ոչ մի փոփոխություն չի եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս