Տո ա՛յ լապիստրակ, դու երեխա ունե՞ս, ծնողներին հաթաթա՞ ես տալիս․ զոհվածի հայրը՝ Արգիշտի Քյարամյանին
Զոհված զինծառայողների հարազատներն այսօր դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքով զբաղվի ԱԱԾ-ն։
Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված տղաներից Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, հայտնել է, որ Քննչական կոմիտեի (ՔԿ) ղեկավար Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնողների հետ հանդիպմանը շատ վատ է իրեն պահել, հաթաթա է տվել.
«Ես ներկա չեմ եղել, սակայն կնոջս պատմելով` Քյարամյանը շատ վատ է իրեն պահել, հաթաթա է տվել, որ եթե մեկը ձայնագրի զրույցը, քրեական գործ է հարուցելու և անձամբ հետևելու է, որ դատվի»,-ասել է Գալեյանը։
Քյարամյանի հետ հանդիպմանը պատերազմում զոհվածների 22 ծնող է ներկա եղել, որոնց ստորագրությամբ հաղորդումը և միջնորդությունը այսօր ներկայացվել է դատախազություն։
Քրեական գործը ՔԿ-ից վերցնելու և ԱԱԾ-ում քննելու միջնորդության մասին Մխիթար Գալեյանը նշել է, որ քննչական կոմիտեին չեն վստահում, իսկ ԱԱԾ-ի հանդեպ վստահությունը չեն կորցրել` չէ՞ որ երկրի անվտանգությունն է ապահովում։
Ծնողներն ակնկալում են, որ դատախազությունը հնգօրյա ժամկետում կպատասխանի իրենց դիմումներին, հակառակ դեպքում իրենք մանրամասներ, այդ թվում՝ ձայնագրություն կներկայացնեն Քյարամյանի հետ հանդիպումից:
«Բա սա Քննչական կոմիտեի նախագահի պահվա՞ծք է։ Այ լապիստրակ, հըլը դու մի հատ հաշվի առ՝ ում հետ ես խոսում, ովքեր են քո առաջ նստած։ Դու ընդհանրապես երեխա ունե՞ս, ծնողներին հաթաթա ես տալիս, որ հանկարծ մեկը նկարի՝ պատասխան ա տալու։ Տո դու գիտե՞ս՝ երեխեն ի՞նչ է, որ մի հատ էլ ծնողների հետ տենց ես խոսում։ Մենք չենք վստահում Քննչական կոմիտեին, իմ ընտանիքը վառ օրինակ։ Հիշո՞ւմ եք, չէ՝ ինչ շինծու քրեական գործ հարուցեցին։ Իմ ընտանիքի վրա քրեական գործ են կարել ու ուզում եմ հասկանալ՝ իրենց տղամա՞րդ են համարում։ Շառ անելով, գործ կարելով՝ իրենց տղամա՞րդ են համարու՞մ։ Լավ, բա որ գնում են տուն, իրենց ընտանիքի անդամները իրենց ի՞նչ են ասում»,-լրագրողների հետ զրույցում ասել է Մ. Գալեյանը։