«Ժողովրդին խաբել է՝ իրեն ընտրել են. խոշոր շահում էր, էլի». Իջևանի բնակիչ

168.am-ն օրերս Տավուշի մարզի Իջևան քաղաքում մի խումբ քաղաքացիներից հետաքրքրվեց, թե համատարած թանկացումների, գնաճի պայմաններում ինչպե՞ս են կարողանում լուծել սոցիալական խնդիրները,  առհասարակ հետևո՞ւմ են Հայաստանում ընթացող ներքաղաքական իրադարձություններին, նաև՝ ինչպե՞ս են պատկերացնում երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը։

Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաք Իջևանում, տեսախցիկի առջև մեր հարցերին պատասխանող մարդկանց մի հատվածը թեև դժգոհ էր տիրող իրավիճակից, ապրելակերպից, քանի որ ըստ նրանց՝ հազիվ են կարողանում ծայրը ծայրին հասցնել ու օրվա հաց վաստակել և համարում են, որ դրա մեղավորը իշխանության վարած ոչ ճիշտ քաղաքականությունն է, բայց իշխանությանը բարձրաձայն քննադատել չեն կարող, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին, ասելով, թե՝ «դե, մեր «զեմլյակն» է՝ լավն է, թե վատը, հո չե՞նք ասելու՝ վեր կաց գնա, լավը չես»։

Հարցվածների մի մասն էլ մեղադրում էր ընդդիմությանը՝ ասելով, թե խանգարում են Նիկոլ Փաշինյանին ու չեն թողնում, որպեսզի նա աշխատի, մի մասն էլ, թեև ընդունելով, որ Նիկոլ Փաշինյանը իրենց համաքաղաքացին է, բայց բարձրաձայն քննադատեցին՝ վատ ղեկավար լինելու համար։

«Աշխատանք չունենք, որ աշխատենք՝ գոնե ծխախոտ առնենք, ծխախոտը 500 դրամ է։ Զոռով-զոռով ապրում ենք»,- խոսելով սոցիալական խնդիրներից ու թանկացումներից՝ ասաց իջևանցիներից մեկը։

Մեր մյուս զրուցակիցն էլ մատնացույց արեց կարտոֆիլի գինը, որն Իջևանում վաճառվում է 400 դրամով։

«Ժողովրդի համար դժվարություն է, էլի։ Բոլորն էլ ժողովրդին խաբում են, մարդիկ իրենց հացը վաստակում են «ասնավնոյ» աշխատանքով, ոմանք «քոլ» ունեն, ծառ ու փայտ ունեն, բա ուրիշ տեղ դա էլ չկա։  Հայաստանի «պալաժենին» դժվար է, մարդիկ բողոքում են, ճիշտ են անում, որովհետև սաղ ժողովրդի «վզին» է, ես այսպես եմ հասկանում»,- նշեց մեր զրուցակիցը։

Իջևանի շուկայի հարակից տարածքում կանաչի վաճառող բնակչուհիներից մեկն էլ ասաց, որ ժողովուրդը հնարավորություն չունի ապրելու, ապրելու հնար չկա։

Իջևանցիներից ոմանք էլ նշեցին, թե միայն Հայաստանում չէ թանկացում, ամբողջ աշխարհում է, այդ թանկացումները «վերևից» են գալիս։

«Ամբողջ Եվրոպայով մեկ թանկացում է, մի քիչ էլ այս մեր հայերն են առիթավորվել։ Դե, ժողովուրդ են, էլի, ձգում են, տեսնենք՝ ո՞նց կլինի։ Այս ընդդիմությունն է, որ թողնի, մարդիկ հետո իրենց քայլերին ընթացք կտան»։

Մեր զրուցակիցներից մեկի խոսքով՝ վատ են ապրում, գրպանին նայելով է օրվա առևտուրն անում, փող լինում է՝ առևտուրն անում են, չի լինում՝ հարմարվում են։

Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա զրուցակիցները նշեցին, որ ուշի ուշով հետևում են գործընթացներին։

«Ժողովրդին ո՞վ է հաշվի առնում, դրա համար էլ այս սիտուացիան է։ Պատերազմին մասնակցած մարդ եմ, էն 90-ականներին, էհ, քանի տարի է անցել, բայց այն ժամանակ մեր ժողովուրդն այսպես չէր, հիմա ժողովուրդ էլ չկա, «ասնավնոյ» իշխանությունն է մեղավոր, ես իմ ասածին «ատվիչայ» եմ։ Ցույցեր են անում, սա արտասահմանը չէ, մենք ամեն ինչ տեսնում ենք՝ ջարդում ու փշրում են, Երևանի քանի հիվանդանոց մարդկանց «սամասուդ» են անում, սա Եվրոպա չէ, սա մի հատ փոքր Հայաստան է։ Էս կյանքն այսպես էլ մնում է, հարիֆը միշտ էլ բանվորն է, ժողովրդին ո՞ւր են տանում։ Ժողովրդին խաբել է, ժողովուրդն էլ իրեն ընտրել է. խոշոր շահում էր, էլի։ Նիկոլից առաջ Սերժ Սարգսյանն էր, բա ո՞նց էր, որ այն ժամանակ Սերժին ասաց, թե՝ ժողովրդի պահանջով հրաժարական պետք է տաս… Հիմա էլ իրեն չեն կարողանում հանեն: Ճիշտ է, մեր «զեմլյակն» է, բայց ես ճշտի կողմն եմ, ի՞նչ է ժողովրդին տալիս՝ ոչինչ էլ չի տալիս։ Հա լսում ենք, որ այստեղ ծնունդ արեց (Նիկոլ Փաշինյանը,- Զ.Խ.), այնտեղ արեց, բա ժողովուրդը, բա այս «քյասիբ» ժողովուրդը՝ 4 հատիկ կարտոշկա են առնում, որ սուպ սարքեն…  Մինիստրներին է պարգևատրում, այդ գումարը տար թոշակառուներին»,- նշեցին մեր զրուցակիցները։

Շուկայում առևտրական կանանցից մեկին էլ համաքաղաքացիներից մեկը հրավիրեց տեսախցիկի մոտ խոսելու: Համաքաղաքացին եկավ ու ասաց, թե պատերազմը Նիկոլ Փաշինյանը չի արել, այլ նախորդ երեք նախագահները։

«Ինչ եք ուզում էդ մարդիցը, էդ տղիցը, էդ ջահելիցը, ի՞նչ է ուզում ժողովուրդը, չե՞ն ուզում լավ ապրեն, թող ապրեն էլի։ Վայեննու աշխատավարձը բարձրացրել է, վայեննու ուտելիքն ամենալավն է տալիս, վայեննուն ամենալավն է պահում։ Բա շունը կռվի ժամանակ դուրս է եկել, կծել է, Փաշինյանն ի՞նչ մեղք ունի։ Իշխան Սաղաթելյանը պատերազմի ժամանակ պադվալում տափ է արել, նրա երեխան ծառայե՞լ է։ Ղարաբաղցիներն ասում էին՝ հաղթելու ենք, Նիկոլը մեղք ունի՞»։

Քաղաքացուն հիշեցրեցինք, որ Իշխան Սաղաթելյանի երեխաները դեռ անչափահաս են:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս