«Բոլորս նստած ենք ժամացույցը միացված դանդաղ գործարկման ռումբի վրա». Վահագն Մելիքյան

Ֆրանսիայի հրապարակում այսօր 19։30-ին մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը խոսելով Հայաստանին սպառնացող վտանգների մասին՝ շեշտեց․ «Բոլորս նստած ենք ժամացույցը միացված դանդաղ գործարկման ռումբի վրա»։

Խոսելով խաղաղության դարաշրջանի մասին, նախկին պաշտոնյան ընդգծեց, որ 3 պատերազմ տեսած հայ ժողովրդի մեջ դժվար թե գտնվի մեկը, որը խաղաղություն չի ուզում, բայց․

«Այստեղ կա մեկ, բայց շատ կարևոր բայց։ Այդ խաղաղությունը որևէ պարագայում չպետք է լինի ցանկացած գնով, որևէ պարագայում չպետք է լինի նվաստացման ու սպառնալիքի ճանապարհով, չպետք է զոհասեղանին դրվի մեր ազգային, պետական շահը, մեր արժանապատվությունը։ Շատ է խոսվել, որ դիվանագիտությունը հնարավորի արվեստ է, այո՛, հաստատում եմ, սա անժխտելի փաստ է, բայց արդյո՞ք մենք օգտագործել ենք մեր բոլոր հնարավորությունները, արդյոք կարողացե՞լ ենք ճիշտ վերլուծել բոլոր այն քայլերի հաջորդականությունը, արդյոք ունեցե՞լ ենք պահեստային տարբերակներ կամ բավական հեռատեսություն, որպեսզի կարողանայինք չեզոքացնել առաջին հայացքից չերևացող, բայց մասնագիտական աչքով խիստ տեսանելի վտանգները: Պատասխանը միանշանակ է, ո՛չ։ Ես ոչ մի գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դիվանագիտական աշխատանքի համար բացվել էր շատ լայն դաշտ։ Հավատացնում եմ ձեզ, նույնիսկ այդ դժվար պայմաններում կային թեկուզ քիչ, բայց բավականին ծանրակշիռ հնարավորություններ իրավիճակը որոշակի շտկելու և հետագա անդառնալի կորուստներից խուսափելու համար․․․

Հատկանշական է, որ հեռացած կամ համակարգից դուրս մնացած բոլոր դիվանագետներն ունեին 25-30 տարվա դիվանագիտական աշխատանքի հսկայական փորձ։ Հսկայական փորձ, որը 1 օրում չի տրվում, հսկայական փորձ, որի վրա պետությունն ահռելի գումարներ է ծախսում, և այդ դիվանագետներն իրենց կյանքի պատկառելի մասը նվիրել են նորանկախ Հայաստանի դիվանագիտության կայացմանը, ամրապնդմանն ու զարգացմանը․․․»։

Վահագն Մելիքյանի խոսքով՝ այսօր հայտնվել ենք մի մղձավանջում, երբ Արցախի դրոշը դարձել է անարգանքի առարկա․

«Այդ նույն դրոշը պոկո՛ւմ են, քերո՛ւմ են, դեն են շպրտո՛ւմ, կամ լկտիաբար անվանում են լաթի կտո՛ր։ Բարձրացրեք այդ դրոշը, թող տեսնեն բոլորը․․․ Ահա այն դրոշը, որն առաջնորդել է մեր բոլոր տղաներին, այդ թվում՝ մեր Մոնթեին, մեր Թաթուլին, մեր Պետոյին, մեր Շահենին, մեր Ռոբերտին Աբաջյան, մեր Աբգարին Նազարյան․․․ Այդ նույն դրոշը, որի ներքո ձայնի բարձր ու հատուկ տոնայնությամբ  ի լուր աշխարհի աղաղակվում էր՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Կարճ է ձեր հիշողությունը, պարոնայք, մերը՝ ո՛չ։ Կե՛ղծ և սի՛ն են ձեր փաստարկները, ինչպես որ կեղծ է ձեր խաղաղության օրակարգը, կեղծ է ձեր ամեն ինչը․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս