«Եթե անձը չի տիրապետում ռուսերեն լեզվին, կարելի է ասել, որ գրագիտության բավարար մակարդակին չբավարարող անձ է»․ ՔՊ-ական պատգամավոր
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում ռուսական դպրոցների թիվը կավելացվի։
Լրագրողներն այսօր Լավրովի այս հայտարարության առնչությամբ նախ հիշեցրին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից առաջ» գործող իշխանության որոշ ներկայացուցիչների հակառուսական տրամադրվածությունները, ապա հարցրեցին, թե նա հակասական բան չի՞ նկատում։
«Ինչքան էլ ջանաք, որ հարցի մեջ ընդգծվի այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչները հակառուս էին և հիմա դառել են ռուսամետ, նման բան չկա։ Կոնկրետ ես շատ կողմ եմ, որ ռուսական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում զարգացում ապրի, այդ ուղղությամբ նաև մի շարք միջոցներ ենք ձեռնարկել, բայց նաև ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության համապատասխան ներկայացուցիչներին և դեսպանատան, և ովքեր իրավասություն ունեն այդ կրթության ոլորտում այլ երկրներում միջոցառումներ ձեռնարկել, ես միշտ ասել եմ, որ նախևառաջ պասիվությունն իրենցից է գալիս։ Օրինակ՝ Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոց, որը ռուսական թեքումով է եղել միշտ, այսօր չունի ռուսական դասագրքեր ժամանակակից, և այլն։ Բազմաթիվ անգամ դիմում ենք, այդ հարցը ձգձգվում է։ Հայաստանի Հանրապետությունը և մեր իշխանությունը՝ Կառավարությունը, մշտապես պատրաստ է ռուսական լեզվի զարգացման, տարածման ուղղությամբ բոլոր միջոցառումները իրականացնելու, բայց պետք է նախաձեռնի ռուսական կողմը․․․
Որևէ մեկը չի կարող լինել ռուսական լեզվի զարգացմանը դիմադրող, որովհետև այսօր եթե կոպիտ ասենք՝ անձը չի տիրապետում ռուսերեն լեզվին, դա կարելի է ասել, որ գրագիտության բավարար մակարդակին չբավարարող անձ է։ Այսպես կոպիտ ասենք՝ ռուսերեն և անգլերեն լեզվին․․․»,- ասաց իշխանական պատգամավորը։
Լրագրողների դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք ընդամենը միջնակարգ կրթություն ունեն, Արմեն Խաչատրյանը փորձեց պաշտպանել թիմակիցներին․
«Պատգամավորը չի գալիս միայն օրենք գրում, մի շարք այլ լիազորություններ էլ ունի, հիմա եկել է, իր մտավոր ունակությունների սահմանում կաշխատի, կօգնի, կձևավորվի, կզարգանա․․․»։