«Ես թույլ չեմ տա, որ իմ ընտանիքին էշի տեղ դնեն». Կոտայքի բնակիչները շարունակում են պայքարը ուղեվարձի թանկացման դեմ
Կոտայքի մարզի տարբեր համայնքներից դեպի Երևան և հակառակ ուղղություններով երթուղիների ուղեվարձի բարձրացման դեմ բնակիչների պայքարը շարունակվում է:
Եթե նախկինում Չարենցավանից Երևան և հակառակ ուղղությամբ մեկ անձի համար ուղեվարձը 350 դրամ էր, ապա հիմա այն դարձել է 500 դրամ, Հրազդան-Երևան երթուղու համար նախկին 5000 դրամի փոխարեն՝ վճարում են 700 դրամ: Ծաղկաձոր-Երևան երթուղու դեպքում ուղեվարձը բարձրացել է 100 դրամով՝ 600 դրամից դառնալով 700 դրամ: Աբովյան-Երևան երթուղին ևս թանկացել է 100 դրամով՝ 200-ից դառնալով 300 դրամ։
Բնակիչների փոխանցմամբ՝ ամեն օր մայրաքաղաք եկող-գնացողներն ավելի քան 1000 դրամ պետք է ծախսեն, սա մեկ ամսվա հաշվարկով նվազագույն կենսաթոշակից բարձր գումար է կազմում։
Օրինակ, Զառ գյուղից մայրաքաղաք հասնելու համար մարդիկ 350 դրամ էին ծախսում, հիմա՝ 600 դրամ։ Այսինքն, նախ 300 դրամով հասնում են Աբովյան, այնտեղից էլ ևս 300 վճարելով՝ Երևան։
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից իմ նամակին ի պատասխան՝ ուղարկեցին մրցույթի հետ կապված որոշ մանրամասներ, սակայն այն ինֆորմացիան, որը ակնկալում էինք, այնտեղ չկար: Իրենք դա ներկայացնում են՝ որպես ընկերության անձնական գաղտնիք, որ իրավունք չունեն բացահայտել: Ուղարկված նամակում տեսանք մեծագույն խախտումը. մինչև հիմա, չգիտես որ օրենքով, իրենք պայմանագիր չեն կնքել, ու նախարարությունը ներկայացնում է այսպես. «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կկնքվի, երբ որ կլրացնեն պակաս տրանսպորտը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մարզի բնակիչներից Մարտին Գևորգյանը:
Նա նշեց՝ ընկերությունը խոստացել էր, որ 15 օրվա մեջ Եղվարդի տրանսպորտի հարցը լուծվելու է, համալրելու են նորերով, սակայն ձգձգվում է:
«Երևան-Եղվարդ տրանսպորտ կա, բայց նախկին սպասարկողն ու նախկին գներն են, պարկը չի թարմացվել: Թարմացնելուց հետո 150 դրամը դառնալու է 300 դրամ: Նոր Հաճն-Երևան գիծը 250 դրամ է, բայց որ փոխվի՝ կդառնա 300 դրամ: Սակայն, քանի որ հին գծի տերն է սպասարկում, գինը դեռ չի փոխվել, ավելին, խոսակցություններ կան, որ մինչև ճանապարհները չսարքեն, նա նոր մեքենաներ չի բերի: Ամեն դեպքում շարունակելու ենք պայքարել. ես թույլ չեմ տա, որ իմ ընտանիքին էշի տեղ դնեն: Պատրվակ են բերում, թե դիզվառելիքը թանկացել է. այդ դեպքում ինչո՞ւ հաշվարկդ չես ներկայացնում, ասում ես՝ անձնական գաղտնիք է:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով մրցույթ էր հայտարարել, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել միայն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն և հաղթող է ճանաչվել։ «Հետք»–ի փոխանցմամբ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021թ․ սեպտեմբերի 16-ին։ Պետական գրանցումից մեկ ամիս անց ընկերությունը հայտ է ներկայացրել Կոտայքի մարզի հանրային տրանսպորտն ամբողջությամբ սպասարկելու համար։ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին, իսկ ընկերության տնօրենն Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանն է։
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունք է տրվել՝ 10 տարի ժամկետով։
«Մուլտի տրանսպորտ» ՍՊ ընկերության տնօրեն, Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանը armdaily.am-ի հետ զրույցում ասել է. «Մեր ընկերությունը օրենքի համաձայն մասնակցել է մրցույթին։ Նոր սակագներ ենք առաջարկել, նոր ուղեվարձ, որպեսզի սպասարկվի ամբողջ մարզը, և այդ նոր սակագներով ճանաչվել ենք հաղթող։ Այդ պահին մենակ մենք ենք մասնակցել մրցույթին, այլ մասնակից չի եղել, բայց դա ոչինչ չի նշանակում. օրենքի բոլոր կետերը թե՛ մեր կողմից, թե՛ ՏԿԵՆ կողմից պաշտպանվել են։ Ունենք խոշոր ներդրումներ, մոտ 7-8 միլիոն դոլարի կարգի, բայց հավելյալ մոտ մեկ միլիոն դոլարի ունենք ենթակառուցվածքների մասով, այսինքն՝ սպասարկման կայաններ ենք ստեղծում նաև Կոտայքի մարզում, տարբեր համայնքներում: Օրինակ, Չարենցավանում ժամանակին սպասարկվել է 7 մեքենայով 21 երթ, իսկ հիմա Չարենցավան քաղաքին տրամադրել ենք 15 մեքենա ու 56 երթ, նաև այնտեղի բնակչությունը զանգահարում է, և մեզանից շատ գոհ են։ Մենք կրկնակի ավելացրել ենք թե՛ երթերի, թե՛ ավտոբուսների քանակները»։