Ֆինանսական հոսքերի աննախադեպ աճ է եղել Ռուսաստանից. ինչպե՞ս է դա ազդել փոխարժեքների վրա
Վերջին տարիներին Հայաստանի տրանսֆերտային շուկայում Ռուսաստանի մասնակցությունը գնալով կրճատվում էր։ Այդ երկրից ուղարկվող գումարները տարեցտարի նվազում էին ընդհանուր հոսքերի մեջ։ Եթե նախկինում Ռուսաստանի կշիռը տրանսֆերտային փոխանցումների մեջ անցնում էր 80 տոկոսից, ապա վերջին շրջանում հասել էր գրեթե 40 տոկոսի։
Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո իրավիճակը կրկին փոխվել է. ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարների ակտիվությունը կտրուկ մեծացել է։ Այդ երկրից մասնավոր տրանսֆերտների տեսքով բավական մեծ գումարներ են գալիս Հայաստան։ Դրանք գերազանցում են նախորդ բոլոր ժամանակների մուտքերը։
Երևույթը նկատվեց ռուս-ուկրաինական հակամարտությունից անմիջապես հետո։ Շարժը սկսվեց փետրվարի վերջից, սակայն հետագա ամիսներին անհամեմատ ավելի ակտիվացավ։
Մարտին ռուսական շուկայից փոխանցվող գումարները նախորդ տարվանից գրեթե կրկնակի ավելի շատ էին։
Արդեն ապրիլին անհավանական բարձր մուտքեր գրանցվեցին։ Այդ ամսին, պաշտոնական տվյալներով, միայն բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 232 մլն դոլարից ավելի գումար։ Խոսքը զուտ ֆիզիկական անձանց կատարած փոխանցումների մասին է, որոնք դասվում են մասնավոր տրանսֆերտների շարքին։
Նախկինում բանկային համակարգի միջոցով մեկ ամսվա ընթացքում երբևէ Ռուսաստանից այդքան գումար չէր մտել Հայաստան։ Ապրիլի մուտքերը 3,6 անգամով գերազանցեցին նախորդ տարվա ցուցանիշը։ Անցած տարվա ապրիլին Ռուսաստանից Հայաստան էր փոխանցվել ընդամենը 64 մլն դոլար։ Այս տարի մուտքերը գերազանցել են 232 միլիոնը։
Ակտիվությունն ակնհայտ է ոչ միայն նախորդ տարվա, այլև նախորդ ամսվա նկատմամբ։
Մարտին Ռուսաստանից Հայաստան էր մտել գրեթե 116 մլն դոլար։ Ապրիլի մուտքերը կրկնակի ավելի են եղել։
Այսպիսի կտրուկ դրսևորումներից հետո Ռուսաստանը կրկին մեծացրել է իր կշիռը Հայաստան փոխանցվող տրանսֆերտային հոսքերի կառուցվածքում։
Ապրիլին մուտքերի 65 տոկոսը ստացվել է Ռուսաստանից։ Միայն այդ երկրից փոխանցվել է 232 միլիոն, մյուս բոլոր երկրներից միասին՝ 125 մլն դոլար։
Հասկանալի է, որ Ռուսաստանից ստացված ֆինանսական հոսքերի մեջ քիչ չեն եղել ռուբլով կատարված փոխանցումները՝ հաշվի առնելով դոլարի շարժերի նկատմամբ Ռուսաստանում կիրառվող բավական խիստ սահմանափակումները։
Իհարկե, այնպես չէ, որ նախկինում ռուսական շուկայից կատարված մասնավոր փոխանցումները բացառապես այլ արժույթներով էին։ Այն ժամանակ էլ ստացվող գումարների մեծ մասը ռուսական ռուբլով էին։ Գրեթե միշտ էլ այդպես էլ եղել։ Ուստի, այդ գործոնի ազդեցությունը, որքան էլ ընդունենք, որ կա, չէր կարող էական լինել Հայաստանում դոլարի դիրքերի թուլացման և դրամի ամրապնդման գործում. մի բան, ինչը նկատվում է վերջին շրջանում։ Դրամն այնքան է ամրապնդվել դոլարի, ինչպես նաև եվրոյի նկատմամբ, որ սկսել է լուրջ անհանգստություններ ստեղծել տնտեսության արտահանելի հատվածի համար։
Տնտեսական ոլորտի որոշ մասնակիցների կարծիքով, այսպես շարունակվելու դեպքում դրամի ամրապնդումը կկործանի Հայաստանի տնտեսությունը։ Հատկապես որ, արտահանողների խնդիրները միայն ազգային արժույթի ամրապնդման հետ չեն կապված։ Վերջին շրջանում լուրջ դժվարություններ են առաջացել նաև կոմունիկացիաների առումով։ Շաբաթներով հայկական բեռները չեն կարողանում հատել Վերին Լարսի անցակետը։
Իշխանությունների քայլերն այս ուղղությամբ, եթե նույնիսկ այդպիսիք արվում են, առայժմ արդյունք գրեթե չեն տալիս։ Արտահանողները բախվում են ոչ միայն դժվարությունների, այլև ֆինանսական կորուստներ են կրում։ Ու այդ ամենին ավելանում է նաև ազգային արժույթի ամրապնդման ազդեցությունը, որն արտաքին շուկաներում թուլացնում է հայկական ապրանքների մրցունակությունը և նվազեցնում իրացման հնարավորությունները։
Դրամի ամրապնդման գործում թեև իր դերն ունի նաև դրսից ստացվող ֆինանսական հոսքերի ակտիվացումը, այնուհանդերձ այդ կապն այնքան մեծ չէ, որ հանգեցներ դոլարի այդպիսի թուլացման։ Դոլարի թուլացման վրա ազդող գործոնները բազմազան են։ Տրանսֆերտները դրանցից ընդամենը մեկն է և ոչ հիմնականը։
Տրանսֆերտներն ավելացել են գերազանցապես ռուսական հոսքերի հաշվին, որոնց մեջ քիչ չեն ռուբլով կատարվող փոխանցումները։
Աճել են այն գումարները, որոնք ստացվում են Հայաստանում հանգրվանած Ռուսաստանի քաղաքացիների հաշիվներին։ Դա էլ, թերևս, հանգեցրել է այդ երկրից մասնավոր փոխանցումների կտրուկ ավելացման։
Հայաստանի քաղաքացիների ստացած տրանսֆերտային գումարների էական փոփոխություն չկա։ Չի բացառվում, որ այդ գումարները նույնիսկ նվազել են՝ հաշվի առնելով, որ կրճատվել է արտագնա աշխատանքի մեկնողների քանակը։ Ազդել է նաև Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը, որի հետևանքով նվազել են այդ երկրում աշխատանք գտնողների եկամուտները։
Ի տարբերություն Ռուսաստանի, մյուս բոլոր ուղղություններից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից ստացվող մասնավոր փոխանցումների առումով, որոնք դոլարային են, այս տարի էական տեղաշարժ չկա։ Ապրիլին տրանսֆերտներն այլ երկրներից նույնիսկ ավելի քիչ են եղել, քան մարտին։
Մարտին ԱՄՆ-ից ստացվել էր գրեթե 61 մլն դոլար, ապրիլին ստացվել է 56 միլիոն։
Մյուս բոլոր երկրներից միասին մարտին ստացվել էր 76 մլն դոլար, ապրիլին ստացվել է 69 մլն դոլար։
Եվ սա՝ այն պարագայում, որ ապրիլին մասնավոր փոխանցումների երբևէ չտեսնված հոսքեր են արձանագրվել։ Ընդհանուր մուտքերը հասել են գրեթե 358 մլն դոլարի։ Անցած տարի 168 միլիոն էր։
Անցած տարվա համեմատ ապրիլի մուտքերն ավելացել են 190 միլիոնով, այս տարվա մարտի համեմատ՝ 106 միլիոնով։
Այս ակտիվությունը տեղի է ունեցել բացառապես Ռուսաստանից ստացվող ֆինանսական փոխանցումների հաշվին։ Թե այն դեռ ինչքա՞ն կպահպանվի՝ կախված է՝ ինչպես ռուս-ուկրաինական հակամարտությունից, այնպես էլ՝ նրանից, թե Հայաստան տեղափոխված քաղաքացիները դեռ որքա՞ն կմնան մեր երկրում։ Ինչքան երկարի այս պրոցեսը, այնքան կշարունակի ակտիվ մնալ ֆինանսական միջոցների հոսքը։
Դա, իհարկե, նպաստավոր է մեր տնտեսության և, հատկապես, առևտրի ու ծառայությունների ոլորտների համար։ Բայց դրանք այն տրանսֆերտային գումարները չեն, որոնք սովորաբար ստանում են մեր հայրենակիցները՝ իրենց սոցիալական ու կենցաղային խնդիրները լուծելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ