Արցախի խորհրդարանականնե՞րն են իրականությունից կտրված, այդ իրականության մեջ ապրելու արդյունք են մեր հայտարարությունները. Արթուր Մոսիյան

Վերջին օրերի ընթացքում ՀՀ իշխանության տարբեր անդամներ հստակ հայտարարեցին, որ չեն պատրաստվում ընդառաջ գնալ ընդդիմության պահանջին և հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Տարածքային Կառավարման նախարար Գնել Սանոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասացին, որ նման հայտարարություն չեն անի։ Գնել Սանոսյանն ու Քրիստինե Գրիգորյանն ասացին, թե այդ հարցն իրենց չի վերաբերում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, թե չի դժվարանում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բայց չի ասի որովհետև դա նշանակում է բանակցությունների ընթացքում ինչ-որ գիծ դնել, այն դեպքում, երբ բանակցություններ են ընթանում, և բանակցություններն ամեն րոպե իրավիճակ են փոխում, այդպես էլ չբացահայտելով, թե կոնկրետ ինչ իրավիճակ է փոխվում։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ շտապեց «փարատել» Արցախի ԱԺ պատգամավորների մտահոգությունները և հայտարարությունները, նշելով, թե նրանք իրականությունից կտրված են, ուստի պետք է մի քիչ շատ ուսումնասիրեն իրականությունը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն անդրադառնալով Հայաստանի պաշտոնյաների այս բոլոր հայտարարություններին, ընդգծեց, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները լավ կանեն, եթե Արցախից չխոսեն։

«Արայիկ Հարությունյանը և Ալեն Սիմոնյանը լավ կանեն առհասարակ Արցախից չխոսեն։ Արցախի խորհրդարանականնե՞րն են իրականությունից կտրված, սխալվում է, մենք առհասարակ իրականության մեջ ենք ապրում, այդ իրականության մեջ ապրելու արդյունք են այն հայտարարությունները, որոնք արվել են ապրիլին և մայիսին»,- շեշտեց Արթուր Մոսիյանը։

Նա ընդգծեց, որ իրենց համար Արցախի հարցում կան «կարմիր գծեր», դրա մասին բազմիցս ասել են, եթե ՔՊ-ականների համար էլ կան «կարմիր գծեր», ապա թող բարձրաձայնեն։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի այն հայտարարարությանը, որ ընթանում են բանակցություններ, և ամեն պահի իրավիճակ է փոխվում, այդ պատճառով էլ չի կարող ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արթուր Մոսիյանն ասաց. «Դրա հետևում այն վտանգներն են Արցախի վերաբերյալ, որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք»։

Արցախի ԱԺ պատգամավորը մանիպուլյացիա որակեց Ալեն Սիմոնյանի  այն հայտարարությունը, թե 1998 թվականից սկսած ՀՀ բոլոր իշխանություններն էլ Արցախը դիտարկել են Ադրբեջանի կազմում։

 «Որևէ իշխանություն չի եղել, որ նման բան է արել, թող մանիպուլյացիաներով չզբաղվեն։ Այն, ինչ եղել է, բաց է եղել բոլորի աչքի առջև, բոլորը կարող են տեսնել ու ուսումնասիրել»,- եզրափակեց Արթուր Մոսիյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ընդդիմությունը փողոցային պայքարի ընթացքում այցելել է տարբեր գերատեսչություններ, իշխանության անդամներից պահանջելով, որպեսզի Արցախի հարցի վերաբերյալ տեսակետ հայտնեն և բարձրաձայն ասեն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն ընդդիմությանն արգելեցին ներս մտնել որևէ գերատեսչության շենք՝  ստանալու այդ պարզ նախադասությունը՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Տեսանյութեր

Լրահոս