Սա մեծագույն բլեֆ է. իրենք քեզ հետ չեն ուզում բարեկամանալ, իրենք այս երկիրն են ուզում. զիջեցիր՝ վաղն ուզելու են ավելին. Մելքոնյան

Տնտեսության 9.4 տոկոս ակտիվության ցուցանիշը հանրությանը ներկայացնելիս Կառավարությունը նախ պետք է բացատրի, թե այդ ի՞նչ է արել տնտեսությունը զարգացնելու համար, և ոչ թե՝ սպասի Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներին, դրանք փռի սեղանին ու հանրությանը ներկայացնի միայն պլյուսով թվերը, որովհետև պարզ է, չէ՞, որ տնտեսությունն ունի իներցիոն բնույթ, և եթե անգամ Կառավարության շենքը փակեն՝ գնան տուն և 3 ամիս աշխատանքի չգան, միևնույն է՝ տնտեսությունն իր իներցիայով կարող է աշխատել, ինչից հետո կարող են գալ ու նորից վիճակագրական թվերից ընտրել պլոււսով թվերն ու դա հրամցնել քաղաքացիներին։

168 TV- ի «Ռեվու» հաղորդաշարի եթերում՝ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների և իշխանությունների տարածած գերադրական արձագանքների մասին ասաց էկոնոմիկայի նախկին առաջին փոխնախարար, Նիդեռլանդներում ՀՀ նախկին դեսպան Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով.

«Որովհետև ստացվում է՝ գյուղատնտեսության ոլորտում ունենք էական անկում, բայց եթե ունենք 500 կիլոգրամով ավելի աճեցրած լոլիկ, դա ներկայացնում են՝ որպես գյուղոլորտի աճ։ Մանիպուլյացնել թվերը և դրանով պատկեր ցույց տալ, թե ունենք դրական տենդենց, սխալ է, հետևապես, իշխանությունը պետք է հաշվետու լինի, հստակ ներկայացնի, թե ինքն ի՞նչ է արել երկրում իրավիճակը փոխելու համար, պետք է ասի առնվազն այն, ինչ գրել է իր տնտեսական ծրագրում»։

Գարեգին Մելքոնյանն ընդգծեց՝ եթե իշխանությունը խոսում է տնտեսական աճի մասին, ապա պարտավոր է մատնանշել, օրինակ, ոչ թե ընդամենը ծառայությունների և շինարարության ոլորտների աճը, այլ տնտեսության բոլոր ճյուղերի ցուցանիշները՝ չխուսափելով խոսել նաև Կառավարության ռազմավարությունների մասին՝ այդ ոլորտների զարգացման հետ կապված, իսկ չի խոսում, որովհետև որևէ ոլորտի վերաբերյալ որևէ ռազմավարություն չունի։

«Ցավն այն է, որ Կառավարությունը որևէ քաղաքականություն չի վարում, փոխարենը՝ թմբկահարում է այն, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ մարդիկ եկան Հայաստան, և նրանց ֆինանսական ռեսուրսը հոսեց Հայաստան, բայց չէ՞ որ դա եղավ Կառավարության վարած քաղաքականությունից անկախ, հետևապես՝ հիմա հարց է, թե դեռ որքա՞ն այդ ռեսուրսը կմնա Հայաստանում»,- ասաց Էկոնոմիկայի նախկին առաջին փոխնախարարը՝ ընդգծելով՝ Փաշինյանի Կառավարությունը տնտեսությունը զարգացնելու համար ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկում, այլև մեծամասամբ օգտագործում է նախորդ իշխանությունների մշակած ծրագրերը, իսկ որոշներից էլ պարզապես հրաժարվում է՝ քանի որ էֆեկտիվ կառավարման ունակություն չունի։

«Էֆեկտիվ կառավարում չունեն, ծրագիր և օրակարգ չունեն, որը միտված լինի հանունին, ապագային, բայց չէ՞ որ չի կարելի երկիրը տանել առաջ՝ անընդհատ անցյալի և ինչ-որ մարդկանց դեմ խոսելով։ Պետք է ունենալ պրոֆեսիոնալ թիմ, դա էլ չունեն»,- ասաց Մելքոնյանը՝ շեշտելով, որ տնտեսության զարգացման հիմքում պետք է դնել ոչ թե Կառավարության հավաստիացումները՝ Թուրքիայի հետ ամեն գնով սահմանները բացելու մասին, այլ տնտեսության երկարաժամկետ ու թիրախային ռազմավարությունը։

«Որովհետև Թուրքիայի հետ սահմանների բացման ու առևտրի խոստումը մի հերթական և մեծագույն բլեֆ է, կամ՝ մեղմ ասած՝ բլեֆ. էդպես ուղղակի չի կարելի։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններն այդ ինչպե՞ս եք կարգավորում, երբ 2020 թվականին ասում էիք, որ Թուրքիան վերադարձել է տարածաշրջան՝ ցեղասպանություն իրականացնելու համար։ Կարող եմ կոպիտ համեմատականներ բերել, բայց եթերում զերծ կմնամ հիմա դրանից, բայց մի՞թե մեր ժողովուրդը մոռացավ մեր պատմությունը։ Ո՞ւմ հետ եք բարեկամանում և ինչպե՞ս. չէ՞ որ Թուրքիան և Ադրբեջանը քեզ հետ չեն ուզում բարեկամանալ, ավելին՝ պարզ ասում են՝ ուզում են այս երկիրը անընդհատ վերցնել, չէ՞ որ ով հայ է սպանում, նրան հերոսի կոչում են տալիս։ Չէ՞ որ ակնհայտ է՝ ամեն ինչ զիջելով՝ խաղաղություն չես բերի. եթե ամեն ինչ զիջում ես, վաղն առավոտյան գալու են՝ քեզնից ուզելու են ավելին»,- ասաց Գարեգին Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ այս տարածաշրջանում ապրելու միակ տարբերակը ուժեղ պետություն ունենալն ու նման հարևանների հետ արժանապատիվ երկխոսությունն է։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս