Ախտորոշումը՝ արյունոտ մանդատ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայ հասարակության ախտորոշումն է։ Մանդատը, որի մասին նա անընդհատ խոսում է, իրականում հանրային առողջության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին բժշկական տեղեկանք է։ Այն իրողության վկայությունը, որ հասարակության մի մասը լռելյայն հանդուրժում է երկրին արյունալի աղետներ բերած իշխանությանը, իսկ մեկ այլ հատված անգամ բարձրաձայն պաշտպանում է մեկին, ով, իր իսկ խոստովանությամբ՝ կարող էր կայացնել հազարավորների մահը կանխելու որոշումներ, բայց չի կայացրել։

Մեր հասարակության ախտորոշման դիապազոնը գտնվում է Եռաբլուրի ու Նիկոլ Փաշինյանի «մանդատի» միջակայքում։ Դրանք երկու իրականություններ են, որոնք որևէ այլ հանրությունում պետք է լինեին իրար փոխբացառող իրականություններ։ Բայց Հայաստանում դրանք ոչ միայն չեն բացառում, այլև պայմանավորում են իրար։ Ողբերգականորեն մեծացած Եռաբլուրը պետք է ունենար հետևանք, պատասխանատու ու դատաստան։

Բայց դատաստանի փոխարեն՝ Եռաբլուրին հաջորդեց մանդատը։ Դա արյունոտ մանդատ է, և դրա համար պատասխանատու է ոչ միայն մանդատի կրողը, այլ նաև այն շնորհողը, հասարակությունը՝ ընդհանուր առմամբ։

Թալանի հարցում անհանդուրժող հասարակության հանդուրժողականությունն արյունոտ հանցավորության նկատմամբ՝ լրջագույն ախտորոշում է։ Այդ մասին մոդայիկ չէ խոսել, բայց դա ճշմարտություն է, առանց որի ընդունման հնարավոր չէ մտածել ախտորոշված անանուն հիվանդության ապաքինման մասին։ Բայց այդ զրույցը հասարակության հետ երբևէ պետք է կայանա։

Այդ զրույցը չեն կարող վարել ո՛չ իշխանությունները, որոնք հասկանալիորեն ախտորոշման առաջնային շահառուներն են, ո՛չ էլ ընդդիմությունը, որի համար հասարակությանը ճշմարտությունն ասելը կարող է վարկանիշային կորուստներ ապահովել։ Մեծ հաշվով, այդ զրույցը հասարակությունը պետք է վարի առանց զրուցակցի։ Ինքն իր հետ ու լռության պայմաններում։ Որովհետև բոլոր կարևոր որոշումները կայացվում են լռության մեջ։ Որովհետև լռության մեջ է մարդը, իմա՝ նաև հասարակությունը մտածում։

Բայց հիմա Հայաստանում աղմուկի ժամանակներ են։ Հիմա ոչ թե աղմուկ է, այլ ղալմաղալ։ Խաղաղության դարաշրջանի մասին իշխանության մանտրան լռեցվում է դավաճանության ու կապիտուլյացիայի մասին ընդդիմության կրկնողությամբ, և հակառակը։ Իսկ ղալմաղալը բանավեճից տարբերվում է նրանով, որ դրանում հաղթում է ոչ թե ավելի խելոքը կամ փաստարկվածը, այլ ավելի լաչառն ու շուլուխչին։

Հայաստանն ահա ապրում է այս լաչառության սպարտակիադայի պայմաններում, որտեղ հաղթում է ձայնի հատկապես ու առանձնապես ճղճղան տեմբր ունեցողն ու մանիպուլյատորը։ Աղմուկի մեջ լսվում է ոչ թե ճշմարտությունը, այլ սուտը, որը հնչում է հատկապես բարձր։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայ հասարակության ախտորոշումն է։ Հասարակությունը նախ պետք է գիտակցի սեփական այդ ախտորոշումը, ապա ապաքինման փորձեր կատարի։ Սա հիվանդության բացառիկ վիճակ է, որից ապաքինվելու համար բժիշկներ անհրաժեշտ չեն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս