Հայկական «հրաշքը»
Հայաստանի տնտեսության զարգացումները շեղվել են տնտեսական օրինաչափությունների տրամաբանությունից։ Մինչ համաշխարհային տնտեսությունը ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով բախվել է լուրջ դժվարությունների հետ՝ կորցնելով աճի հեռանկարները, Հայաստանի տնտեսությունը պարզապես «հրաշքներ» է գործում։ Զարգացումները մի բան էլ ակտիվացել են։
«2022 թվականի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 108,8 տոկոս, իսկ հունվար-ապրիլը՝ 109,4 տոկոս:
Հարկ է նշել, որ մարտ ամսվա 106,7 տոկոսից հետո տնտեսական աճն արագացել է։
Պետք է նշել, որ այս աճն էապես ավելին կլիներ, եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, որի ուղղությամբ ՀՀ Կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում, որպեսզի հնարավորինս արագ իրավիճակը շտկվի»,- Հայաստան սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ ապրիլի օպերատիվ ցուցանիշների հրապարակումից հետո իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր կատարել էկոնոմիկայի նախարարը։
Պաշտոնական տվյալներով, իսկապես ապրիլին, նախորդ ամսվա համեմատ՝ Հայաստանի տնտեսության ակտիվությունն արագացել է։ Թեև 4 ամիսների արդյունքներով, տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակել է նվազել։
Եթե հունվարին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում նախնական տվյալներով 15,4 տոկոս է, ապա արդեն հունվար-փետրվարին իջավ 12 տոկոսի։
Եռամսյակի ակտիվության ցուցանիշն էլ այլևս երկնիշ չէր։ Հունվար-մարտին տնտեսական ակտիվության աճը կազմեց 9,6 տոկոս։
Չնայած ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, պաշտոնական վիճակագրությունը 8,8 տոկոս աճ է արձանագրել, 4 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը եռամսյակային 9,6-ից դարձել է 9,4 տոկոս։
Ռուս-ուկրաինական հակամարտությունից ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից հետո համաշխարհային տնտեսության զարգացումների տեմպն ընկել է։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունները լավ ապագա չեն կանխատեսում համաշխարհային տնտեսության համար, իրար հերթ չտալով՝ նվազեցնում են տնտեսական աճի ակնկալիքները։
Նվազեցրել են նաև Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումները։ Ընդ որում՝ շատ կտրուկ. նախորդ կանխատեսումների համեմատ՝ առնվազն 2-3 անգամով։
Բայց, ինչպես տեսնում ենք, պաշտոնական վիճակագրության արձանագրումները ոչ մի կերպ չեն տեղավորվում տնտեսական օրինաչափությունների տրամաբանության ու ներկայացված կանխատեսումների մեջ։
Չնայած հակամարտությունից ու պատժամիջոցներից հետո համաշխարհային և հատկապես հիմնական գործընկեր երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսության մեջ ծագած խնդիրներին, Հայաստանի տնտեսական ակտիվության աճն ապրիլին մարտի համեմատ մի բան էլ ավելացել է։ Ավելացել է նաև արտաքին առևտրի շրջանառությունը։
Խոսքը՝ ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման մասին է։ Ներմուծումն աճել է ավելի քան 24 տոկոսով։ Արտահանման աճն էլ հասնում է 19,8 տոկոսի։
Ու որքան էլ կարող է տարօրինակ լինել, դա տեղի է ունեցել, ինչպես էկոնոմիկայի նախարարն է ասում, Վերին Լարսի անցակետում ստեղծված խցանումների պայմաններում։
Արդեն տևական ժամանակ կա այս խնդիրը։ Հայկական բեռնափոխադրողները բախվել են լուրջ դժվարությունների հետ, շաբաթներով չեն կարողանում հատել սահմանը, փչանում ու որակազրկվում է տեղափոխվող բեռը, բայց պարզվում է՝ նույնիսկ դա չի խանգարել, որ մեր արտահանումը գրեթե 20 տոկոսանոց աճ արձանագրի, իսկ ներմուծումը՝ ավելի քան 24 տոկոսանոց։
Ստացվում է, որ Լասում ի հայտ եկած դժվարությունները մի բան էլ նպաստել են բեռնափոխադրումների ավելացմանը։ Թեև թվում էր, թե հակառակը պիտի լիներ։
Խոչընդոտների ու ծագած դժվարությունների պայմաններում ավելի շատ բեռնափոխադրումներ են իրականացվել։
Մարտին արտաքին առևտրի շրջանառությունը կազմել էր 677 մլն դոլար, արդեն ապրիլին կազմել է 805 մլն դոլար։
Հայտնի է, որ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության հիմնական մասն իրականացվում է հենց Վերին Լարսով։
Անդրադառնանք ևս մեկ օրինաչափության։
Հայտնի է, որ արտահանումն ուղիղ կապ ունի ազգային արժույթի վարքագծի հետ։ Ազգային արժույթի ամրապնդումը խնդիրներ է ստեղծում տնտեսության արտահանելի հատվածի համար։ Արտաքին շուկաներում այն բախվում է մրցակցության ու իրացման դժվարությունների հետ։
Սա պարզագույն տնտեսագիտական օրինաչափություն է, որից ևս մեր տնտեսությունը շեղվել է։
Մարտի վերջից-ապրիլի սկզբից սկսած դրամն ամրապնդվում է։ Դոլարի և եվրոյի նկատմամբ ազգային արժույթի արժևորումը հասնում է գրեթե 10 տոկոսի։ Շուկայում այնպիսի փոխարժեքներ են ձևավորվել, ինչպիսիք չեն եղել առնվազն վերջին 7-8 տարիներին։ Ու դրա հիմնական պատճառն ազգային արժույթի ամրապնդումն է, որը թվում է, թե պիտի խոչընդոտներ ստեղծեր հայկական ապրանքների արտահանման համար։
Բայց պաշտոնական վիճակագրության հրապարակած ցուցանիշներն այլ բան են փաստում. դրանք հիմք են տալիս ասելու, որ այդ օրինաչափությունն այնքան էլ մեր տնտեսության համար չէ, որ ազգային արժույթի ամրապնդումն այնքան էլ չի խոչընդոտում տնտեսության արտահանելի հատվածի զարգացումներին, որ այդ պայմաններում արտահանումը կարող է լավ էլ աճեր արձանագրել ու ընդլայնվել, որ բեռնափոխադրումների հետ կապված դժվարությունները, որքան շատանում են, այնքան ավելի շատ ենք արտահանում ու ներմուծում։
Սա, հավանաբար, հայկական ֆենոմեն է, որը, դեռ պարզ չէ, թե ինչի հետ կարող է կապված լինել։ Բայց այդ կապը մի օր հավանաբար դուրս կգա ջրի երես։
Փաստն այն է, որ այս պահին պաշտոնական վիճակագրության արձանագրումներն էապես շեղվում են տնտեսական օրինաչափությունների տրամաբանությունից և Հայաստանի տնտեսության այս տարվա զարգացումների վերաբերյալ մասնագիտացված կառույցների հնչեցրած գնահատականներից։ Այդ կառույցները համատարած սխալվե՞լ են իրենց կանխատեսումներում ու հաշվարկներում, թե՞ կան այլ պատճառներ, դեռ հավանաբար ժամանակ կլինի անդրադառնալու։
Ուղղակի ավելացնենք, որ այս տարի ևս տնտեսական ակտիվության ամենամեծ բաղադրիչներն են առևտուրն ու ծառայությունները։ Մինչդեռ, 4 ամսում արդյունաբերությունն աճել է ընդամենը 2,6 տոկոսով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ