Ո՞Վ Է ԽՈՍՈՒՄ․ Ավետիք Իշխանյան
Կարդացի վարչապետ կոչեցյալի «շնորհավորհական ուղերձը», մայիսի 28-ի կապակցությամբ։
«Ուղերձում» կարդում ենք հետևյալ «մտքերը»․ «Մեր այս մեծերի և հազարավոր ուրիշ հայրենակիցների ջանքերով ձեռքբերված սրբազան անկախությունն ընդամենը երկուսուկես տարի անց կորսվեց: Սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ:
Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջ խաղաղություն հաստատել»:
Եթե «ուղերձում» չկարդայինք «Առաջին Հանրապետություն» բառերն, ապա ընթերցողը հաստատ կմտածեր, որ այս տողերը վերաբերում են 2018-20 թվականներին և այն կընկալվեր, որպես ինքնախոստովանություն։
Բայց, վարչապետ կոչեցյալն, իրեն իրավունք է վերապահում քննադատել Առաջին Հանրապետության նվիրյալ ղեկավարներին։ Վարչապետ կոչեցյալը, փաստորեն նոր «նախկիններ» է հայտնաբերել։ Իհարկե, սա զարմանալի չէ։ Եթե նախկին մեղավորների շարքում են Տիգրան Մեծը, «ֆաշիստ» Գարեգին Նժդեհը, ապա, բնական է, որ մեղավոր-«նախկիններ» են նաև Առաջին Հանրապետության ղեկավարները։
Իհարկե, Առաջին Հանրապետության ղեկավարները անսխալականներ չեն եղել։ Նրանք ճիշտ չեն կողմորոշվել փոփոխվող աշխարհում, հատկապես մեր տարածաշրջանում, հույսները դնելով վիլսոնյան Հայաստանի մասին անիմաստ խոստումներին։Հաշվի առնենք, որ նրանք դեռևս չունեին պետական կառավարման փորձ և թերևս բացատրելի է նրանց այն տարիների հավատը արևմուտքի նկատմամբ։
Բայց, ով-ով, Առաջին Հանրապետության նվիրյալ-ղեկավարներին քննադատելու իրավունք չունի այսօրվա Հայաստանի վարչապետ կոչեցյալը։
Առաջին Հանրապետության ղեկավարները եղել են նվիրյալներ, նրանց համար իշխանությունը չի եղել վայելքների աղբյուր։ Նրանք Սարդարապատի հաղթանակի արդյունքում ստացել են ընդամենը 10 000 քառ․ կմ․ տարածք, որի վրա ստեղծեցին պետություն, այն ընդլայնելով, ներառելով Սյունիքը, Լոռին։ Նրանք վարել են ասկետական ապրելակերպ,չեն մսխել պետական բյուջեն իրենց վայելքների և ցոփ ու շվայտ կյանքի համար, հիմնադրել են բանակ, Համալսարան, այլ պետական ինստիտուտներ։
Իսկ դու՞․․ Դու որ ժառանգություն ստացար անկախ Հայաստան, ազատագրված Արցախ․․․ և ի՞նչ արեցիր քո միանձնյա իշխանության, արդեն 4 տարիների ընթացքում։ Հիշեցնե՞մ․պառակտեցիր հայ ժողովրդին, քայքայեցիր պետական կառույցները՝ բանակ, ազգային անվտանգություն, դատարաններ, ԲՈՒՀ-եր, շարքն անվերջ է։ Դու, որ խոսում ես «խաղաղությունից», մեր խաղաղ երկրին բերեցիր, ավելի ճիշտ հրահրեցիր պատերազմ, զոհաբերեցիր հազարավոր կյանքեր, հանձնեցիր Արցախի մեծ մասը, նաև Հայաստանի տարածքները։ Դու փչացրեցիր Հայաստանի հարաբերություններն ինչպես մեր դաշնակիցների, այնպես էլ մեր նկատմամբ հարգանք ունեցող պետությունների հետ, Հայաստանը պետությունից դարձնելով նվաստացած, պարտված, արհամարհված տարածք։ Եվ այդ ամենից հետո, անամոթաբար քննադատում ես Առաջին Հանրապետության ղեկավարներին և շարունակում կառչած մնալ աթոռիդ, շրջապատված հազարավոր ոստիկաններով։
Դու պատրաստվում ես «խաղաղության» և «Զանգեզուրյան միջանցքի» անվան տակ հանձնել Սյունիքը, այլ տարածքներ։ Եվ եթե, ինչպես վերը նշեցի, Առաջին Հանրապետության ղեկավարները փորձի պակասի պատճառով էին հույսը դնում արևմուտքի վրա, դու այդ ամենն անում ես քո և քո տերերի շահերից ելնելով, թքած ունենալով Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի ճակատագրի վրա։