Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ կաթնային շոկոլադ եք ուտում
Եկեք անկեղծ լինենք և խոստովանենք, դառը շոկոլադը միշտ ետին պլան է մղվում, երբ մրցում է կաթնայինի հետ: Որո՞նք են սիրելի շոկոլադի օգուտներն ու վնասները: Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմի հետ (ինչպես նաև մեր մաշկի և ուղեղի հետ), երբ մենք ուտում ենք կաթնային շոկոլադ:
Շոկոլադն ուժեղացնում է ուղեղի աշխատանքը
Կաթնային շոկոլադը մագնեզիումի հարուստ աղբյուր է՝ ուղեղի առողջության համար անհրաժեշտ հանքանյութ: Հայտնի է, որ շոկոլադի հիմնական քիմիական միացությունը՝ թեոբրոմինը, ունի կոֆեինի նման խթանիչ ազդեցություն: Մոտ երեք-չորս կտոր շոկոլադը մեծացնում է կենտրոնացումը և ամրացնում հիշողությունը։
Շոկոլադը դանդաղեցնում է ծերացումը
Հարվարդի գիտնականները 1998 թվականին 8000 մարդու մասնակցությամբ փորձի ժամանակ ապացուցել են, որ նրանք, ովքեր շոկոլադ են ուտում ամիսը երեք կամ ավելի անգամ, ապրում են գրեթե մեկ տարի ավելի երկար, քան նրանք, ովքեր չեն ուտում: Միակ նախազգուշացումը. նրանք բոլորը տղամարդիկ էին, և նմանատիպ ազդեցությունը դեռևս ապացուցված չէ կանանց համար:
Շոկոլադը պաշտպանում է սիրտը
Աբերդինի, Մանչեսթերի և Քեմբրիջի համալսարաններում մոտ 158,000 հարցվածների մասնակցությամբ 12-ամյա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեր սննդակարգում առկա շոկոլադը կարող է լրջորեն նվազեցնել սրտի կաթվածի վտանգը: Մարդիկ, ովքեր օրական մինչև 100 գրամ շոկոլադ են ուտում, 23%-ով ավելի քիչ են տառապում սրտանոթային խնդիրներից, քան այն մարդիկ, ովքեր այն ընդհանրապես չեն ուտում: Պատճառը նրա բաղադրության մեջ առկա ֆլավոնոիդներն են, որոնք խթանում են արյան հոսքը և իջեցնում խոլեստերինը։
Շոկոլադը պայքարում է մրսածության դեմ
2009 թվականին British Journal of Cancer-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ շոկոլադի մեջ պարունակվող ֆենոլաթթուները (մեկ այլ բնական հակաօքսիդանտ) պաշտպանում են իմունային համակարգը։ Դրանք խթանում են օրգանիզմի դետոքսիկացման գործընթացը՝ օգնելով ազատվել հազից և մրսածությունից։
Պատրաստեց Անի Գաբուզյանը