«Բաց ձեռքերով մնալու ենք Թուրքիայի դիմաց». Հարութ Արթին Առաքելյան

Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանն օրերս է ցամաքային ճանապարհով վերադարձել Իրանից, և պատմում է, որ այլընտրանքային ճանապարհը շատ վատ վիճակում է:

«Հավատացեք, որ շատ վատ ճանապարհ էր, մի մեծ հատվածում անգամ գրեթե ասֆալտ էլ չկար, փոսերն էլ այնքան մեծ էին, որ մեքենաները փորձում էին մի կերպ շրջանցել: Ոչ ռազմավարական ճանապարհ. այսպես կարող եմ բնորոշել: Ճանապարհը շտապ կառուցել են՝ պարզապես հանրությանը ներկայացնելու, որ այլընտրանքային ճանապարհ ունենք: Այդ ճանապարհով ոչ միայն բեռնափոխադրումներ իրականացնել հնարավոր չէ, այլև, պատկերացրեք՝ եթե ինչ-որ զինտեխնիկա այդտեղից փորձի անցնել, կատաստրոֆիկ վիճակում կհայտնվի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ նպատակն այն է, որպեսզի առաջիկայում հայտարարեն, թե ճանապարհ չկա, և միակ ելքը մնում է Նախիջևանով Իրան մեկնելը՝ այդպիսով ինչ-որ կերպ ապաշրջափակման մտադրությունն արդարացնելու համար, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ նման պատճառ կա, որ այս ճանապարհն այս վիճակում է: Նախիջևանով դեպի Իրան ճանապարհը շատ կարճ է և հարթ, բայց թե ինչպես պետք է դա ապաշրջափակեն, հարցական է: Ցանկացած թեմա թղթի վրա շատ գեղեցիկ է հնչում, բայց մենք պետք է տեսնենք, թե ում հետ ենք ուզում բարեկամություն անել: Դրա պատասխանը Շահան Նաթալին իր գրքում շատ լավ տվել է, որ այն ժամանակ նույնպես կային ուժեր, որոնք փորձում էին եղբայրություն անել թուրքերի հետ՝ ասելով, որ բալանսավորելու համար ռուսական ազդեցությունը տարածաշրջանում՝ մենք պետք է նաև թուրքերի հետ եղբայրություն անենք, Շահան Նաթալին շատ պարզ պատասխանը տվել է, որ դժվար թե կարողանաք թուրքի հետ, որովհետև թուրքի ազգային շահը գերակա է ամեն ինչից, և եթե նպատակ ունի, չի գալու՝ բարեկամության պատճառով իր ազգային նպատակից հրաժարվի»:

Նա նկատեց՝ Հայաստանին պարտադրում են հորիզոնական առևտրային ուղիներ. «Մենք ժամանակին գոնե թղթի վրա որոշել էինք, որ մեզ տեսնում ենք «Հյուսիս-Հարավ» տնտեսական մայրուղու վրա, հիմա մեզ պարտադրում են, որ միանանք հորիզոնական ճանապարհին: Թուրքիան նպատակ ունի Չինաստանից դեպի Եվրոպա գնացող ճանապարհներն անցկացնել թուրքալեզու երկրների միջով: Այստեղ ընդամենը երկու երկիր են խոչընդոտում՝ Հայաստանը և Տաջիկստանը: Հիմա տեսնում ենք, որ Թուրքիան կենտրոնացել է Հայաստանի և Տաջիկստանի վրա և փորձում է ամեն մեկին թե՛ ուժով, թե՛ սպառնալիքով, թե՛ բլիթներով համոզել, որ այս ուղու մեջ խաղան: Հետևաբար՝ այս ուղին ինչքան էլ գեղեցիկ փաթեթավորումներով ներկայացնեն, թուրքերը մեզ խաղալու հնարավորություն են տալու այս մեծ ճանապարհի վրա: Սա կոնֆետ է, որը նաև մեր իշխանությունները հրամցնում են մեր հասարակությանը, որ՝ տեսեք, մենք միանում ենք ինչ-որ մեծ միջազգային նախագծի, բայց շատ փոքր հատվածն է, այն էլ՝ մեզ պարտավորեցնում ենք, որ մենք դա տանք, որ իրենք անցնեն»:

Իրանագետի խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի ապագան անորոշ է:

«Իրանը փորձելու է բալանսավորել և թույլ չտալ, որ Ռուսաստանի դուրսմղման դեպքում Թուրքիան լրացնի այդ բացը: Եթե ասում են՝ վեկտորը փոխենք Արևմուտք, Արևմուտքի համար Հայաստանը ի՞նչ գեոպոլիտիկ կարևորություն ունի»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ ռուսական ռազմաբազան դուրս կգա Հայաստանից, իսկ խաղաղապահ զորքերը՝ Արցախից, ռուսական գործոնը չեզոքանում է տարածաշրջանից, փոխարենը՝ գալիս է Թուրքիան, նա արձագանքեց. «Այո, Թուրքիան, դրա համար եմ ասում, որ Հայաստանի գեոպոլիտիկ կարևորությունը ոչ թե Արևմուտքի համար է, այլ Թուրքիայի: Այսինքն՝ տարածաշրջանում վեկտոր փոխելու համար այլընտրանքը Թուրքիան է: Ինչքանո՞վ է վստահելի Թուրքիայի հետ բարեկամություն անել այն դեպքում, երբ դու հրաժարվում ես Ռուսաստանից, Իրանից, և ընդամենը թողնում ես Թուրքիային, ես չեմ կարողանում հասկանալ: Գնում ենք վիլայեթացման և դա պետք է թույլ չտալ: Այսօր խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ պետական: Չեմ ուզում Ռուսաստանին սրբի դերում դնել, Ռուսաստանն էլ իր շահերն ունի, ինչպես ցանկացած պետություն, բայց մենք չենք կարող հրաժարվել Ռուսաստանից, Իրանից: Իրանի դեպքում հիմա հարաբերություններն ավելի են վատթարանում, ինչը նպատակահարմար չէ մեզ համար, որովհետև մենք բաց ձեռքերով մնալու ենք Թուրքիայի դիմաց»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս