Մերժում ենք և դատապարտում Բրյուսելում պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը. ՀԴԿ հայտարարությունը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դատապարտում և մերժում է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը, որոնց շուրջ բանակցել և համաձայնության է եկել Նիկոլ Փաշինյանը։ Այն համարում ենք հակահայկական, թուրքական միակողմանի օրակարգ։ Այս մասին նշված է ՀԴԿ հայտարարությունում:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Փաշինյանը վերջնական դավադիր, հակապետական քայլն է կատարել՝ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից և միջազգային հանրությանը, առանց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների արդեն կայացած կամքը հաշվի առնելու, միակողմանի հայտարարել, որ ինքը և իր գլխավորած անձնատու կառավարությունը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ անվտանգային «երաշխիքների» դիմաց, ինչպես նաև փոփոխել ՀՀ ընդունված սահմանները: Ն․Փաշինյանը ոչ մի իրավասություն և մանդատ չունի չեղարկելու Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները և 1988 թվականից սկսված՝ միջազգային իրավունքի բոլոր ընթացակարգերին համապատասխանող օրենքներն ու որոշումները, մեր ազգային-ազատագրական պայքարի արդյունքները։ Նույնը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքի զիջումների քայլերին, որովհետև ՀՀ տարածքները և սահմանները ամրագրված են ՀՀ Մայր օրենքով։ Մեկ մարդու կամքը, ավելի ճիշտ դրա բացակայությունը չեն կարող հիմք դառնալ միջազգային որևէ բանակացությունների համար Արցախ Հանրապետության կարգավիճակի և ՀՀ տարածքների սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ։

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համոզված է, որ Փաշինյանի և իր վարչախմբի գործունեության հետևանքները կործանարար են լինելու հայոց ինքնիշխան պետականության համար, քանի որ նրանք վտանգում են պետության գլխավոր հիմնասյուներից մեկի՝ Արցախի գոյությունն առհասարակ: Արցախը ՀՀ դարպասներն են, և դրանք անպաշտպան թողնելը նշանակում է Հայաստանի կործանում։ Փաշինյանն այլևս սպառել է իշխանության ղեկին գտնվելու բոլոր հնարավորությունները և իրավունքը, քանզի հանդես է գալիս պետության և ազգի շահերին հակառակ:

ՀԴԿ-ն համոզված է, որ Հայաստանի և Արցախի ինքնիշխանության, պետականության պահպանման գաղափարների հրամայականով պետք է անհապաղ կազմակերպել համահայկական համաժողով՝ անհապաղ մշակելու նոր կառավարության ձևավորման գործիքակազմը, քաղաքական և կազմակերպական ուղղություն հաղորդելու ժողովրդի ընդվզմանն ու կամքին՝ իշխանափոխությունը Հայաստանում այլընտրանք չունի:

Տեսանյութեր

Լրահոս