Ինչո՞ւ փողոցում չունենք 200.000 մարդ. ի՞նչ անել 25.000-ը 200.000 դարձնելու համար. Արսեն Գասպարյան

Մայիսի 22-ի ուշ երեկոյան Բրյուսելում ավարտվեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Միշել-Ալիև արդեն 3-րդ հանդիպումը, ինչի ավարտից հետո հայտարարությամբ հանդես եկավ միայն եվրոպացի պաշտոնյան և փոխանցեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են սահմանային հարցերը և եկել համաձայնության տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:

Ըստ Շառլ Միշելի՝ Խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում պայմանավորվել են նաև, որ առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այդ գործընթացը։

«Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- գրել է Միշելը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով բրուսելյան այս հանդիպմանն ու Արցախի հարցով Հայաստանի վարած քաղաքականությանը, քաղաքական գիտությունների դոկտոր, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը նախ շեշտեց՝ այս հանդիպումը ևս մեկ անգամ վկայում է, որ Շառլ Միշելն է ստանձնում բանակցություններում միջնորդի դերակատարկումը։

«Արևմուտքում տեսնում են Միսնկի խմբի գործունեության նվազեցումը և նոր գործընթաց են մեջտեղ բերում, որը ստանձնում է եվրոպական խորհուրդը։ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ չկա որևէ հղում նախկինում արված եռակողմ հայտարարություններին, իսկ սա նշանակում է, որ սկսվում է նոր գործընթաց։ Շատ ցավալի է, որ այս հայտարարության մեջ չկա խոսք ինքնորոշման իրավունքի մասին, ինչի մասին Հայաստանն իր ուղարկած առաջարկների մեջ ևս չի շեշտել և խնդիր չի դրել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս։

Հարց է առաջանում՝ ի՞նչն էր խանգարում Ադրբեջանին արված առաջարկների մեջ նշել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս»,- ասաց Գասպարյանը։

Հարցին՝ եթե Հայաստանի իշխանությունը ոչ՛ գրավոր, ո՛չ բանավոր հստակ չի ասում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արդյո՞ք նշանակում է, որ ՀՀ իշխանությունը չի բացառում Արցախը՝ Ադրբեջանի կազմում, Գասպարյանն ասաց.

«Այո՛, երբ ես նայում եմ բանակցային գործընթացին, այո՛։ Միշելի տարածած հայտարարության մեջ ոչ մի բառ չկա ինքնորոշման իրավունքի մասին»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար Հայաստանի արտաքին քաղաքականությանը տալ բովանդակություն, որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ Հարավային Կովկասում շուտով ականատես ենք լինելու Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման։

«Հարավային Կովկասում բախվելու են Ռուսաստանի և Արևմուտքի քաղաքականությունը, ուստի հիմա մեզ պետք է, որ մեր արտաքին քաղաքականությունը բովանդակություն ունենա, որպեսզի խնդիրները կանխվեն։ Այդ բախումը նոր խնդիրներ է բերելու մեզ համար»,- ասաց Գասպարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կանգնած է ձախողված երկիր դառնալու ճանապարհին, դրա ցուցիչն է այն, որ մենք չենք կարողանում պաշտպանել մեր երկրի սահմանները, ինչը ձախողված երկրի ցուցիչներից մեկն է։

«Մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը ձախողված է. այդ կառույցը թողել են 20-25 տարի այդ կառույցում աշխատած դիվանագետներն իրենց հարուստ փորձով»,- ասաց Գասպարյանը՝ ընդգծելով, որ խնդիրներին դիմագրավելու համար արտաքին քաղաքականությունը պետք է դրվի բովանդակային հենքի վրա։

Արսեն Գասպարյանն Արցախյան հակամարտության համատեքստում դիտարկեց նաև Արցախի պաշտպանության համար Հայաստանում ապրիլի կեսից մեկնարկած ընդդիմադիր փողոցային պայքարը ու նկատեց՝ շարժման հիմքում պետք է դնել նոր գաղափարական թեզեր, որովհետև մեկ ամսից ավելի ձգվող շարժումը ցույց է տալիս, որ դրված գաղափարական թեզերը բավարար չեն։

«Հայաստանում գրանցված 2.5 միլիոն ընտրողից 1 միլիոնից ավելին չի մասնակցել 2021 թվականի արտահերթ ընտրություններին։ Այս փողոցային պայքարին հավաքվում է 25 հազար մարդ, իսկ եթե այս շարժման ուղերձն ու պատգամներն ուղղված լինեն նաև ընտրություններին չմասնակցած այն 1 միլիոն մարդուն ու նաև այս իշխանությանն ընտրածներին, դա կարող է իրավիճակ փոխել, հակառակ դեպքում, պետք է պատասխանել հարցին՝ ինչո՞ւ այսօր փողոցում չունենք 200 հազար մարդ։ Չունենք, որովհետև միայն Արցախի մասին արվող ուղերձները բավարար չեն. պետք է նաև սոցիալ-տնտեսական ծրագիր ներկայացնել մարդկանց, ցույց տալ, թե ի՞նչ է փոխվելու, եթե իրենք դուրս գան փողոց։ Կարծում եմ՝ պետք է հրապարակել նաև այն պրոֆեսիոնալների անունները, ովքեր պետք է դառնան տեխնոկրատների Կառավարության մաս. մարդիկ կտեսնեն այդ փոփոխությունները ու կհավատան դրանց։ Ընդդիմության մոտեցումները պետք է լրացվեն նոր մոտեցումներով, պետք է հրապարակել հայտարարած 250 հոգանոց ցուցակը, հետն էլ՝ ծրագիր»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս