Սփյուռքը պետք է հասնի նրան, որ դեսպանները պաշտպանեն կա՛մ այս հրապարակը, կա՛մ Նիկոլի տեսակետը․ Սարգիս Մկրտչյան

«Ես Մկրտչյան Սարգիսն եմ, ծնվել եմ Իրանում, 2001թ.-ից կնոջս հետ հաստատվել եմ Հայաստանում: Ունեմ մեկ տղա, ով ծնվել ու մեծացել է Հայաստանում: Անցնող 21 տարիների ընթացքում, ապրելով Հայաստանում, կիսել և կիսում եմ հայրենի մեր ժողովրդի ամեն օրը՝ լավը, վատը, ուրախությունն ու տխրությունը»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց սոցիոլոգ, իրանահայ հայրենադարձ Սարգիս Մկրտչյանը՝ շեշտելով, որ այսօր ներկայացնելու է զուտ իր տեսակետը, այլ ոչ՝ սփյուռքահայերի կամ Հայաստանում հաստատված իրանահայերի:

Վերջինս նկատեց, որ ինքն ու իր նման բազմաթիվ իրանահայեր, Հայաստանում հաստատվելով, դեմ են գնացել սրանից 400 տարի առաջ հայ ազգի մեկ հատվածի դեմ իրականացված բռնագաղթին:

«Մեր նախնիներն իրենց սրտում վառ են պահել հայրենիքի գաղափարը և փոխանցել են սերնդից սերունդ ու հասցրել մեր սերնդին, ու մեր սերունդը բախտ է ունեցել տեսնելու Հայաստանի վերաանկախացումը և հնարավորություն՝ հաստատվել Հայաստանում: Մենք 400 տարի պայքարել ենք հայ մնալու համար, սակայն ի՞նչ է կատարվում այսօր: Ստացվում է, որ 400 տարի հայ ենք մնացել, որ վերադառնանք հայրենիք, և Հայաստանում մեզ պարտադրեն թուրքանալ: Ես չեմ եկել Հայաստան, որ տղաս թուրքի հետ ամուսնանա: Դրա համար կգնայի Անկարա»,- ասաց իրանահայ մեր հայրենակիցը:

Սարգիս Մկրտչյանը նկատեց՝ պիտի խոստովանի, որ անցնող 4 տարիների ընթացքում մղձավանջի մեջ է, հատկապես 44-օրյա պատերազմից հետո անընդհատ այն երազն է տեսնում, որ քիչ հետո կարթնանա ու կհասկանա, որ երազ է, մեր 5000 տղաները ողջ ու առողջ են, որ Արցախն ազատագրված է, բայց ցավոք, այդպես չէ:

«Այդպես չէ, որովհետև երբ 2018թ. մի խումբ մարդիկ, օգտագործելով ամբոխների խաբելու ամենաարդի մեթոդները, սկսեցին քայլել և ժողովրդին փողոց դուրս բերել, իբր ընկերային, տնտեսական հողի վրա հեղափոխություն անելով, ինձ և ինձ նման շատերի համար հստակ էր, որ դա ընդամենը քող է հետին նպատակների համար, որ խնդիրը խորքային ու գաղափարական է, և հայրենիքն ու ազգը դրված են զոհասեղանին: Անցնող 4 տարիները եկան ապացուցելու, որ մենք ճիշտ էինք. Հասարակության կյանքի պայմաններն ավելի վատացան, իսկ փոխարենը՝ այդ խումբն իր արբանյակներով պետական ամբողջ հնարավորություններն օգտագործելով՝ իր չտեսած օրերը սկսեց ապրել՝ մի քանի հարյուր հազար դոլարանոց մեքենաներ, առանձնատներ, արտերկրում ճամփորդություններ»,- ասաց Սարգիս Մկրտչյանը:

Ըստ նրա՝ խնդիրը եթե միայն փողը լիներ, հարց չէր, սակայն խնդիրը գաղափարական էր, որովհետև մարտի դուրս եկան հայի պարտվող, հարմարվող, պատեհապաշտ, քծնող, վախկոտ, օտարի առաջ ծալվող, թուրքի անունը լսելիս սարսափող, ապազգային տեսակը հայի մյուս տեսակի՝ քաջի, մարտունակի, համարձակի, օտարի առաջ ծնկի չեկողի, ազգայինի դեմ:

«Հայերի այս երկու տեսակների պայքարը նոր չէ: Դա արմատ ունի մեր պատմության մեջ… Ստրկամիտ հայեր, թուրքի անունը լսող ու վախից դողացող հայեր, նայեք Արարատ Միրզոյանի և Չավուշօղլուի հանդիպման տեսանյութը: Հարազատ հորը տեսներ, այդպես չէր ժպտա… Եվ դա այն Չավուշօղլուին, որ հայերին գորշ գայլերի նշանն էր ցույց տալիս»,- ասաց Սարգիս Մկրտչյանը՝ բերելով օրինակներ:

Վերջինը նաև կոչ ուղղեց սփյուռքահայերին՝ նշելով, որ Սփյուռքում իրենց գոյությունն ինքնանպատակ չէ:

«Լավ օրից չէ, որ դուք հայտնվել եք օտարության մեջ: Ձեզ հետ թե առանց ձեզ՝ մենք այս պայքարն առաջ ենք տանելու ու հասնելու ենք հաջողության, սակայն շատ ավելի լավ կլինի, որ դուք հանուն հայրենիքի, ազգի ու հանուն հենց ձեզ՝ մաս կազմեք այս պայքարին»,- ասաց Սարգիս Մկրտչյանը:

Տեսանյութեր

Լրահոս