Դեսպանները գալու-գնալու են, սակայն Արցախի ժողովուրդն իր պատմական հայրենիքում ապրել, ապրում է և ապրելու է՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մեկնաբանում. Արցախի ԱԺ պատգամավոր

«Բոլորն էլ երազում են խաղաղության մասին, բայց խաղաղություն ծնկած վիճակում չի կարող լինել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի՝ Ադրբեջանին ներկայացրած 6 կետերին ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մեկնաբանություններին ինքնորոշման իրավունքի մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված:

«Մենք շարունակում ենք կարծել, որ տևական լարվածության հիմքում գտնվող և 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները»,- ասել է դեսպան Թրեյսին:

Մեկ այլ հարցի պատասխանելիս էլ նա նշել է, թե ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կարգավիճակի մասին 6 կետերում նշելը ՀՀ իշխանությունները մեծ ձեռքբերում են ներկայացնում, Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ մեծ ձեռքբերում կլինի այն դեպքում, երբ ունենանք արդյունք: Նրա գնահատմամբ, մի մեծ համարձակություն, աշխատանք չի կատարվել այդ կետերը ներկայացնելիս: «Կարգավիճակի առումով՝ ցանկանանք թե չցանկանանք, այսօր գտնվում ենք բավականին բարդ իրավիճակում: ՀՀ վարչապետի կողմից ստորագրվել է կապիտուլյացիայի մասին հայտարարություն, որն այլ ձևով չենք կարող բնութագրել, ինչի արդյունքում մեզ պարտադրվում են շատ ցավոտ որոշումներ: Ի վիճակի՞ ենք արդյոք այդ պարտադրվող որոշումներին հակադարձել, ի վիճակի՞ ենք արդյոք մենք մեր ազգային շահը առաջ տանել․ գտնում եմ, որ մենք այս պահին բավականաչափ ռեսուրսներ չունենք ո՛չ դիվանագիտական դաշտում, ո՛չ պաշտպանության դաշտում, բայց դա չի նշանակում, թե պետք է կոտրվենք, խեղճանանք կամ անելանելի իրավիճակում գտնվող մարդու հոգեբանությամբ փորձենք հապճեպ որոշումներ կայացնել, ուրախանալ մեզ շպրտված ինչ-որ բաներից: Այն, ինչ ասում է Ադրբեջանը ու ցույց է տալիս, թե մեծահոգաբար զիջում է, դա իրականությանը չի համապատասխանում: Այն, ինչ մենք ենք դիմադրում, առաջարկում, հասկանում ենք, որ դա պարտված կողմի անելանելի վիճակում գտնվող ինչ-որ ցնցումներ են: Սա այն արդյունքը չէ, այն ճանապարհը չէ, որը մեզ հնարավորություն է տալու, որպեսզի կարողանանք մեր ազգային նպատակներն, իղձերը կյանքի կոչենք»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ քաղաքականության մեջ են եղել, հիմա առավել ևս իրենց ունեցած հնարավորությունները բազմակի անգամ շատացել են, և այն որոշումները, որոնք իրենք փորձում են կայացնել, ինքը, որպես քաղաքական գործիչ, մեղմ ասած, բավարար չի համարում:

«Գտնում եմ, որ թերությունները, բացթողումները բավականին շատ են, և այն նվիրական իղձը, որը 1988 թ. Ղարաբաղյան շարժման արշալույսին փայփայել է հայ ժողովուրդը, գտնվում է լիարժեք փլուզման ճանապարհին»,- ցավով նշեց Արցախի ԱԺ պատգամավորը:

Կարեն Հովհաննիսյանը պատկերացում չունի, թե խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ ինչ նկատի ունեն ՀՀ իշխանությունները:

Նրա խոսքով, նրանք իրենց պատկերացումներով ամբողջությամբ չեն կիսվում հանրության հետ:

«Կարող եմ ասել հետևյալը, որ «շատ խելացի ու խորամանկ են» կամ վախկոտ են, կամ էլ այդ ամենը պայմանավորված է այնպիսի հանգամանքներով, արտաքին ճնշումներով, որն իրենք, որպես պարտված իշխանություններ, որքան էլ որ տեղի ունեցան ԱԺ ընտրություններ, և իրենք ստացան և ձևավորեցին Կառավարություն, համենայն դեպս, իրենց թույլ տված սխալների հանրագումարի արդյունքում մենք այսօր ունենք այն իրավիճակը, որը հայ ժողովրդի պատմության մեջ ամենաողբագույն վիճակներից մեկն է»,- նման կարծիք հայտնեց Հովհաննիսյանը, շարունակելով, որ ՀՀ իշխանությունները խոսում են խաղաղության օրակարգի մասին, բոլորն էլ երազում են խաղաղության մասին, բայց խաղաղություն ծնկած վիճակում չի կարող լինել:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի դիրքորոշումներին՝ Արցախի ԱԺ պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ դեսպանը ոչ միայն Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման իրավունքի մասին խոսեց, այլև շեշտեց տարածքային ամբողջականության և ուժի սպառնալիքի չկիրառման մասին: «Պետք է իրերն իրենց անուններով կոչենք, և մեկ նախադասությունը որպես դրոշակ չընդունենք ու հրճվենք»,- ասաց նա:

Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ արտաքին խաղացողները բազմագույն ու բազմերանգ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պետական, տնտեսական շահը:

«Կա՞ն ուժեր, որոնք կկանգնեն Արցախի կողքին: Իհարկե, գտնում եմ, որ կան, նայած՝ ինչ ենք մենք առաջարկում իրենց, ինչպիսի տեսքով ենք հանդես գալիս: Կա՞ն ուժեր, որոնք ճնշելու են մեզ, իհա՛րկե կան, և այդ ամբողջը հաշվի առնելով՝ պետք է հասկանանք, թե առհասարակ մեր տեսլականը մոտակա 10 տարվա կտրվածքով ինչպիսին է լինելու, ինչ ենք կարողանալու անել, ինչ չենք կարողանալու, որն է այն սպառնալիքների վատթարագույնը, որին հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինելով դիմակայել ինչ զրկանքների դիմաց, այդքանը պետք է ժողովրդին բացատրել»,- ասաց նա:

Կարեն Հովհաննիսյանը գտնում է, որ դեսպանները 30 տարի խոսում են, բայց Արցախի ժողովուրդը ապրում, ստեղծագործում, արարում է, 30 տարի է՝ հայ ժողովուրդը անցել է որոշակի զրկանքների, տառապանքների միջով՝ սրտում ջերմ պահելով այն մեծ երազանքը, որ Արցախը մի օր միջազգային հանրության կողմից ճանաչվելու է ազատ, անկախ միավոր:

«Թե դեսպաններն ինչ կասեն, ինչ կանեն․․․ դեսպանները գալու-գնալու են, քաղաքականությունը գալու-գնալու է, մեր ժողովուրդը այստեղ՝ իր պատմական հայրենիքում, մի թիզ հողի վրա ապրել, ապրում է և ապրելու է՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մեկնաբանում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս