Այսուհետ Փաշինյանը իր խղճուկ գոյությունը փակ դռների հետևում է պահպանելու Հայաստանում. Մամիջանյան

«Այսուհետև Նիկոլ Փաշինյանն ու իր խմբավորումը փակ դռների հետևում են շարունակելու իրենց խղճուկ կյանքը և պաշտոնավարումը՝ մինչև որ վերջնականապես ժողովրդի հաղթանակն արձանագրվի: Լինի ՊՊԾ խումբը, թե ոստիկանները. որևէ մեկը ժողովրդի իրական ցասումը կասեցնել չի կարողանա»,- «Մարիոթ» հյուրանոցից դուրս գալուց հետո հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք, «Մարիոթ» hյուրանոցում այսօր մեկնարկել էր Ժողովրդավարության հայկական ֆորումը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, և բացման խոսքով նա ելույթ ունեցավ: Միջոցառմանը ներկա էին նաև ԵՄ և ԱՄՆ դեսպանները, միջազգային, ինչպես նաև տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված ժողովրդին դիմելով՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները և, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեցին, որ ժողովրդի որոշմամբ մտնում են ներս՝ իրականացնելու իրենց պատգամավորական առաքելությունը և ցույց տալու Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը։ Հյուրանոցի մոտ ձևավորված ոստիկանական պատնեշի ղեկավար ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո, ի վերջո, պատգամավորներին թույլ տվեցին ներս մտնել, սակայն հյուրանոցի ներսում նրանց սպասող ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն արգելեց պատգամավորների մուտքը սրահ:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանրությունը հնարավորություն ստացավ իրազեկվելու և տեղեկատվություն ստանալու հյուրանոցի ներսում և հյուրանոցից դուրս տեղի ունեցող իրադարձություններին: Հայկ Մամիջանյանն էլ անդրադառնալով խոսքի ազատության մասին հարցերին՝ արձանագրեց. «Ես գոյություն չունեցող բաներ չեմ քննարկում. ես գիտաֆանտաստ ֆրանսիացի գրող չեմ: «Մարիոթ» հյուրանոցում ֆանտաստիկայի ժանրի քննարկում է այս պահին, հեքիաթասացություն, թե ինչքան լավ, հրաշալի երկիր է Հայաստանը. արդեն 30 քաղբանտարկյալ Հայաստանում չկա, մեր գործընկերներին ամեն օր խաղաղ ցույցի և ոչ միայն ցույցի ընթացքում՝ բիրտ ուժի կիրառումով, քաղմասներ չեն տանում, և այլն: Մի խոսքով, հեքիաթասացության հերթական ժանր, որին իր մասնակցությունն է բերում Հայաստանի ամենալավ սուտասան ու հեքիաթասաց Նիկոլ Փաշինյանը: Ամեն ինչ օրինաչափ է»:

Տեսանյութեր

Լրահոս