Ինչո՞ւ է Փաշինյանը հիմա էլ հիշել թոշակառուների մասին
«Ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարիքներն իմ մտքում են» հայտարարության տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանն իբրև թե ձեռնամուխ է եղել սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և որոշել է այս տարվանից ընդլայնել կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալները: Այսինքն՝ որոշել է, որ հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում կկիրառվեն զեղչեր, եթե թոշակառուն առևտուրն իրականացնի բանկային քարտի միջոցով:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ փաստացի թոշակները բարձրանում են 10 տոկոսով և թոշակառուները ստանում են 10 տոկոսի զեղչ: Նույնը սկսեցին թմբկահարել նաև իշխանական քարոզիչները, սակայն իրականում այս տարվա հուլիսի 1-ից կենսաթոշակառուներն ու նպաստառուներն առևտրի կենտրոններում կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններում գնումներն ու վճարումները քարտով կատարելու դեպքում, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից, որը չի կարող գերազանցել 5000 դրամը:
Ըստ մասնագետների՝ այս ծրագիրն անիրատեսական է։
Կառավարության նախորդ շաբաթվա նիստում Փաշինյանն այս նախագիծը հիմնավորեց նրանով, որ իբր ուզում են զեղչերի համակարգ ներդնել, կրճատել կանխիկի շրջանառությունը, վերլուծել առևտրի գործարքների տվյալները: Ի՞նչ է նշանակում՝ գործարքների տվյալների վերլուծություն․ պետությունը որոշել է հետևե՞լ, թե անհատները, այս դեպքում՝ թոշակառուներն ու նպաստառուները, ինչի վրա են ծախսում իրենց մի քանի դրամ թոշակն ու նպաստը:
Թոշակառուներն ու նպաստառուներն ամենախոցելի ու աղքատ խավն են մեր երկրում, ու նրանց համար սոցիալական նմանատիպ ծրագրերով ու նախաձեռնություններով, 10 տոկոսի հետվերադարձով վերքեր չես բուժի, դրա փոխարեն կարելի էր ավելի արդյունավետ միջոցներով ու գործիքներով ապահովել, կամ անվճար բուժօգնություն ու խնամք: Հատկապես, երբ անկանխիկ գործարքներին կտրուկ անցումը նոր խնդիրների առաջ է կանգնեցնելու հատկապես գյուղաբնակ թոշակառուներին:
Հունիսի 1-ին կհրապարակվի այդ բանկերի ցուցակը, որոնք ցանկություն կհայտնեն ներգրավվել ծրագրում: Փաշինյանը վստահ է, որ առևտրի կետերը նույնպես պետք է շահագրգռված լինեն այս նախագծով, քանի որ կենսաթոշակային միջոցների տարեկան շրջանառությունը 500 միլիարդ դրամ է: Բոնուսային ու զեղչային համակարգեր այսօր ունեն գրեթե բոլոր տնտեսվարողներն ու առևտրի կենտրոնները, ու լրացուցիչ զեղչեր ակնկալել նրանցից այնքան էլ իրատեսական չէ:
Ինչպե՞ս պետք է պետությունը համոզի կամ շահագրգռի տնտեսվարողին միանալու այս նախաձեռնությանը: Առևտրի մեծ ցանցերը կստանան մրցակցային առավելություններ փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ: Թոշակառուն մի քանի հազար դրամ քեշբեկի համար պարտավորված կլինի ավելի թանկ գնով առևտուր անել մեծ, քան փոքր բակային խանութներից:
Կառավարությունն էլ լիարժեք պատկերացում դեռ չունի, թե ինչ մեխանիզմներով կիրականացվի ծրագիրը, պարզապես 10 տոկոսի մի մասը կհամաֆինանսավորի կառավարությունը, մի մասն էլ՝ բանկային համակարգն ու բիզնեսը: Սրանով լրացուցիչ բեռ է դրվում բիզնեսի կամ բանկային համակարգի վրա: Իսկ դա կարող է բերել լրացուցիչ գնաճի:
Այսօր էլ առկա բարձր գնաճի պայմաններում դժվար թե առևտրի 10 տոկոսի հետվերադարձը, որը չի գերազանցելու 5000 դրամը, իրականության մեջ որևէ խնդիր լուծի: Իսկ թե ինչու պիտի նախագծով շահագրգռված լինի հատկապես մասնավոր հատվածը՝ պարզ չէ:
Իսկ ինչո՞ւ հատկապես հիմա և ինչո՞ւ հատկապես թոշակառուների ու նպաստառուների համար առաջարկվեց այս նախագիծը: Կյանքը ցույց է տվել, որ ցանկացած անկայունության և քաղաքական լարված իրավիճակում հանրության որոշակի խավերին հաճոյանալու խնդիր է դրվում:
Որոշ ժամանակ առաջ կառավարությունը խոսում էր ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին, հետո՝ ոստիկանների, հիմա էլ թոշակառուների ու նպաստառուների համար է որոշել սոցիալական ծրագիր իրականացնել:
Ի վերջո, թոշակառուների խնդիրները մեր երկրում նոր չեն, ու հենց սոցիալական խոցելի խավերի խնդիրները շահարկելով եկան իշխանության ու այդպես էլ չլուծեցին նրանց խնդիրները: