Միլիարդների ծախսեր պետբյուջեից՝ միևնույն ճանապարհների ասֆալտապատման համար
Կառավարության արդյունավետ աշխատանքի լավագույն ցուցիչն ասֆալտն է: Ճանապարհների ասֆալտապատումը, անկասկած, ժողովրդի աչքին թոզ փչելու և աշխատանքի տպավորություն ստեղծելու հրաշալի մեթոդ է:
Նախկիններին ասֆալտի գործով մեծ փողերի թալանի մեջ մեղադրող ներկաներն ավելի մեծ թափով ու ախորժակով լծվել են հայրենիքի ճանապարհներն ասֆալտապատելու սուրբ գործին:
Դե, քանի որ համակարգային կոռուպցիան ու «ատկատներն» արդեն վերացել են, ասֆալտապատումն էլ դարձել է ժողովրդին մեծ լավություն անելու բարի կամքի դրսևորում: Ազնիվ ու թափանցիկ իշխանությունն անցել է գործի: Կառուցում ու հիմնանորոգում է ճանապարհներ, անգամ այն ճանապարհները, որոնք շահագործվել են ընդամենը մեկ տարի առաջ:
Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Գորիս-Կապան ավտոճանապարհն Ադրբեջանին հանձնելուց հետո, կառավարությունն արագացված ընթացակարգով սկսեց այլընտրանքային ճանապարհների կառուցումը՝ ծախսելով դրա համար միլիարդավոր դրամներ: Ու քանի որ դրանք կառուցվում են շատ արագացված տեմպերով, բնականաբար, տուժում է որակը, հաշվի չեն առնվում որոշ կարևոր նրբություններ, չեն կատարում անհրաժեշտ հաշվարկներ:
Այս տարվա մայիսի 13-ի կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ի դեմս նախարար Գնել Սանոսյանի, կառավարությունից պահանջում է փոփոխություններ կատարել Գնման պայմանագրերում և լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել մի շարք ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն ավարտին հասցնելու համար: