«Հայաստանի կողմից որևէ կետ ներկայացնելը դիվանագիտական ձեռքբերում չի կարող կոչվել». Բենիամին Պողոսյան

«Հայաստանի կողմից որևէ կետ ներկայացնելը դիվանագիտական ձեռքբերում չի կարող կոչվել, որովհետև դիվանագիտական ձեռքբերում կլիներ, եթե իքս պետությունը ներկայացնում է կետեր, որն իգրեկ պետությունն ընդունում է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Հայաստանի իշխանությունները նախ հայտարարեցին, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերում անընդունելի բաներ չկան իրենց համար, ապա 6 կետ էլ իրենք ներկայացրին Ադրբեջանին: Պրոիշխանական շրջանակներն էլ փորձեցին այդ 6 կետերը ներկայացնել՝ որպես իշխանությունների դիվանագիտական ձեռքբերում:

Բենիամին Պողոսյանը նկատեց՝ այդ 6 կետերի մի մասը փաստերի արձանագրում է. «Օրինակ՝ առաջին կետն արձանագրում է փաստ, որ ադրբեջանական առաջարկությունները ստացել ենք մարտի 11-ին, այլ ոչ թե, ասենք, մարտի 7-ին: Մի քանի կետեր կան, որոնք դիրքորոշումներ են փաստում, որ Հայաստանի համար կարևոր է եռակողմ երեք հայտարարությունների ամբողջական իրականացումը, ԼՂ վերջնական կարգավիճակը, իրավունքների պաշտպանություն, անվտանգային երաշխիքներ: Ընդ որում՝ այս դիրքորոշումները ձևակերպված են այնպես, որ ճկունության տեղ են թողնում, որովհետև անհասկանալի է՝ ի՞նչ անվտանգության երաշխիքների մասին է խոսքը, ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը: Հետևաբար, ասել, որ այն փաստը, որ Հայաստանը A 4 ֆորմատի մեկ էջանոց թուղթ է ուղարկել Ադրբեջանին, դա ինքնին դիվանագիտական ձեռքբերում է, ցանկացած անկախ պետության համար դա ընդհանրապես ձեռքբերում չէ»:

Նրա դիտարկմամբ՝ հիմնական խնդիրն Արցախի ապագա կարգավիճակն է, որը, ըստ Պողոսյանի՝ մի քանի հնարավոր տարբերակով կարող է լինել. «Տարբերակ առաջին՝ Հայաստանը հանդես է գալիս առաջարկով, որ ընդհանրապես չի ցանկանում Արցախի կարգավիճակը քննարկել կնքվելիք պայմանագրի շրջանակներում, հետևաբար՝ Արցախի հարցը առանձնացնում է Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումից և հետո ինչ-որ կերպ փորձում այդ հարցը լուծել: Դա կարող է լինել տարբերակ, սակայն այն միանշանակ չի ընդունվի Ադրբեջանի կողմից և մի փոքր տարակուսելի կլինի նաև միջազգային հանրության համար, որովհետև միջազգային հանրությունը (ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, առանձին եվրոպական պետություններ) ասում է, որ Արցախի խնդիրը պետք է արտացոլվի Հայաստան-Ադրբեջան պայմանագրում: Հետևաբար, առաջին տարբերակը չաշխատեց»:

Երկրորդ տարբերակով, փորձագետի խոսքով՝ ՀՀ-ն հայտարարում է, որ եթե Արցախի հարցը պետք է լինի պայմանագրի մաս, ապա Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի կարող լինել. «Հասկանալի է, որ այս դեպքում Ադրբեջանն է հրաժարվում բանակցություններից և դիմում է ռազմական շանտաժի, ընդ որում՝ ամենայն հավանականությամբ Ադրբեջանը միջազգային հանրությանը կներկայացնի, որ՝ տեսեք, Հայաստանն ինձ այլընտրանք չի թողնում, քան ռազմական շանտաժը: Սա մոտավորապես նման կլինի այն վիճակին, ինչ մենք ունեինք 2020թ. պատերազմից անմիջապես առաջ, երբ ՀՀ-ն հայտարարեց, որ մինչ 2018թ. մշակված բոլոր առաջարկություններն իր համար անընդունելի են, և դրանով հիմք տվեց Ադրբեջանին՝ միջազգային հանրությանն ասել, որ՝ տեսեք, Հայաստանն ինձ այլընտրանք չի թողնում: Այս տարբերակը նույնպես մեզ համար ձեռնտու չէ, որովհետև առաջին՝ կունենանք էսկալացիա, երկրորդ՝ որքանով կարող ենք դատել ՀՀ ԶՈւ ներկա վիճակից, դժվար է միանշանակ պնդել, որ նրանք կարող են ամբողջովին ապահովել Հայաստանի անվտանգությունը, առավել ևս՝ Արցախինը»:

Նա ներկայացրեց երրորդ տարբերակը, ըստ որի՝ Հայաստանը համաձայնում է, որ Արցախի հարցն ընդգրկվի բանակցություններում, համաձայն է ճանաչել Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս՝ ինչ-որ ինքնավար կարգավիճակով, եթե Ադրբեջանը տրամադրի բավարար անվտանգային և այլ երաշխիքներ. «Կարծես թե ՀՀ իշխանություններն այս երրորդ ճանապարհն են ընտրել, ինչքանով հնարավոր է գոնե հրապարակային ելույթներից հասկանալ: Բոլորս ենք հասկանում, որ եթե իրոք պայմանագիրը ստորագրվի, որտեղ ֆիքսվի Արցախի կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում, ապա ի՞նչ ինքնավարության մասին ենք խոսում: Անկախ նրանից, թե այդ դեպքում ինչ երաշխիքներ է տրամադրում Ադրբեջանը կամ միջազգային հանրությունը, պայմանագիրը կբերի Արցախի վերջնական հայաթափման: Սա բոլորն են հասկանում»:

Մանրամասերը՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս