Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ ելակ եք ուտում

Գարնան գալուստը նշանավորվում է ոչ միայն ջերմ եղանակով, զգեստապահարանի փոփոխությամբ, այլ նաև՝ շուկաներում սեզոնային հատապտուղների հայտնվելով: Ելակը համարվում է սուպեր-մթերք. դրա օգտագործումն ազդում է մաշկի, մազերի, կազմվածքի և օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։

Ելակը հնագույն ժամանակներից համարվում է կախարդական հատապտուղ և հիշատակվում է բազմաթիվ լեգենդներում։ Այսպիսով, Բավարիայում այն դեռ օգտագործվում է տոնական արարողության ժամանակ. կովերի եղջյուրներից փոքրիկ բուրավետ զամբյուղներ են կախում, քանի որ անտառի փերիները պաշտում են այդ հատապտուղը և փոխարենը շատ կաթ են տալիս։

Հետաքրքիր փաստ՝ պատմության մեջ առաջին տորթերը պատրաստվել են ելակից։ Ամերիկայի հնդկացիները հատապտուղները խառնել են եգիպտացորենի ալյուրի հետ և թխել։ Ելակի հացը սիրվել է գաղութատերերի կողմից, և նրանք ստեղծել են բաղադրատոմսի իրենց տարբերակը: Հռոմում ելակը սիրո աստվածուհու՝ Վեներայի խորհրդանիշն էր՝ շնորհիվ իր ուշագրավ ձևի և կարմիր գույնի։

Ժամանակի ընթացքում գիտական հետազոտությունները հաստատել են հեքիաթները. օրինակ՝ ելակը կարող է դրական ազդեցություն ունենալ սրտի աշխատանքի վրա։ Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ ուտում ենք այս հատապտուղը:

Հարվարդի համալսարանի հետազոտությունը՝ հրապարակված Circulation գիտական ամսագրում, հաստատել է, որ անտոցիանինների (այդ հատապտուղների մեջ հայտնաբերված ֆլավոնոիդների դաս) կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը կանանց 32%-ի մոտ: Դրական արդյունքի հասնելու համար հարկավոր է շաբաթական առնվազն երեք անգամ ելակ ուտել՝ որպես բնական հակաբորբոքային միջոց, որը պաշտպանում է արյան անոթների պատերը խոլեստերինի հետևանքով առաջացած վնասներից։ Պոլիֆենոլների բարձր պարունակությունը կանխում է թրոմբների առաջացումը։

Ինչպես բացատրում է Բարսելոնայի «Տուֆեթ» կլինիկայի էսթետիկ և հակատարիքային բժշկության մասնագետ բժիշկ Օլգա Էրնանդեսը, կարմիր հատապտուղներն օգնում են նվազեցնել քաշը։ Սա ցածր գլիկեմիկ ինդեքսով (40) բարձր մանրաթելային մթերք է, որը կարգավորում է շաքարի մակարդակը և արագացնում նյութափոխանակությունը, նույնիսկ, եթե այն ուտում եք բազմոցին պառկած՝ ռոմանտիկ կատակերգություն դիտելով։

Նույնիսկ արևը հետքեր ունի: Նյույորքաբնակ բժիշկ Փիթեր Գելֆանդը նախազգուշացնում է այն մասին, որ ելակի բարձր կալիումի պարունակությունը անհամատեղելի է որոշ դեղամիջոցների հետ (բետա-բլոկլերների կատեգորիա) և կարող է վնասակար լինել երիկամների խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս