«Առանց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի ինքնորոշման վերջնական ճանաչման՝ որևէ փոխհարաբերություններն ու համագործակցությունն անհնար են». Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ անգամ ևս՝
Թուրքիայի հետ «սահմանի բացման» հարցը
Քաղաքական և ենթակառուցվածքային խնդիրներից զատ առկա են Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների իրավական կարգավորման լրջագույն խնդիրներ։

Առաջին

Հայաստանը 2003թ.-ից անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), Թուրքիան ԱՀԿ անդամ է՝ 1995թ.-ից։

Հայաստանի ԱՀԿ-ն անդամակցելիս Թուրքիան կիրառել է ԱՀԿ Մարակեշի համաձայնագրի հոդված 13-ի մաս 1-ի դրույթը։ Համաձայն այս դրույթի՝ ԱՀԿ անդամ պետությունը կարող է դեմ չլինել որևէ երկրի անդամակցությանը («դեմ» չքվեարկել), սակայն հրաժարվել կիրառել ԱՀԿ համաձայնագրերի դրույթները այդ երկրի հանդեպ։ Այսինքն` չլինել «դեմ» անդամակցությանը (անդամակցությունը կոնսենսուսով է), սակայն պաշտոնապես չճանաչել այդ երկրին, որպես ԱՀԿ անդամ պետություն, համապատասխանաբար հրաժարվելով իրավական առումով կանոնակարգված երկկողմ և բազմակողմ առևտրային հարաբերություններից։

Արձանագրենք.

Հայաստանի ու Թուրքիայի միջև չեն գործում ԱՀԿ համաձայնագրերը։

Երկրորդ

Հայաստանի Հանրապետությունը 2015թ.-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։

Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (հոդված 25)՝ միության անդամ երկրներում գործում են արտաքին առևտրի Միասնական մաքսային սակագներ և այլ կարգավորումներ։ Հետևաբար, ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ ԱՀԿ շրջանակում չեն կարող միայնակ բանակցել, սահմանել, կամ փոփոխել մաքսատուրքերի սակագները, կամ հաստատել առևտրի պայմանները երրորդ երկրների հետ։ Միաժամանակ, համաձայն «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի (կետ 38)՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների հետ բանակցություններն անցկացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված կազմով պատվիրակության կողմից։

Բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հավանության են արժանանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից: Թուրքիայի հետ երբևէ բանակցություններ չեն վարվել։

Արձանագրենք՝

Թուրքիայի կողմից Հայաստանին ԱՀԿ անդամ ճանաչելու հետ կապված գործընթաց սկսելիս՝ բանակցություններն ընթանալու են ԵԱՏՄ լիազորված պատվիրակության հետ։

Երրորդ

Թուրքիան 1995թ.-ից հանդիսանում է Եվրոպական Միության (ԵՄ) մաքսային միության անդամ։ Այս միությունում նույնպես գործում են Միասնական արտաքին (մաքսային) սակագներ և այլ կարգավորումներ։

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, իսկ Թուրքիան՝ ԵՄ մաքսային միության, առևտրային և սակագնային հարցերով առաջնորդվելու են համապատասխան միությունների օրենսդրությամբ և կարգավորումներով։ Այսինքն, որպեսզի Հայաստանն ու Թուրքիան սահմանեն որևէ առևտրի ռեժիմ, և այն իրավական ուժ ստանա, ապա պետք է բանակցեն ԵԱՏՄ և ԵՄ մաքսային միության պատվիրակությունները։

Արձանագրենք.

Հայաստանը և Թուրքիան չեն կարող սկսել, և միայնակ` բացառապես երկկողմ բանակցություններով իրավաբանորեն հաստատել որևէ առևտրատնտեսական հարաբերություններ։

Ընդհանուր եզրահանգումը հետևյալն է.

Հաշվի առնելով վերոնշյալը, և առկա աշխարհաքաղաքական իրողությունները (մասնավորապես՝ Ռուսաստան-Արևմուտք քաղաքական առճակատումը) տեսանելի ապագայում ու գործնականում Հայաստան – Թուրքիա երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները իրավական առումով չեն կարող կարգավորվել։

Լրացուցիչ անհրաժեշտ պարզաբանում

«Սահմանը բացել» ամենևին չի նշանակում հենց այնպես, առանց միջազգային իրավական կարգավորման՝ սահմանի վերացում, կամ ազատ առևտրի ռեժիմի սահմանում, և դրանից բխող՝ ապրանքների էժանացում։

Թուրքական որոշ ապրանքների մինչ օրս համեմատաբար էժան լինելը պայմանավորված է դրանց, որպես անձնական բեռ, կամ այլ ձևակերպմամբ ներմուծման հետ, ինչը հետևանք է Հայաստանի և Թուրքիայի միջև արտաքին տնտեսական հարաբերությունները կանոնակարգող երկկողմ, կամ բազմակողմ միջազգային իրավական կարգավորման բացակայությամբ, այդ թվում՝ ԱՀԿ շրջանակում։

ՀԳ Կրկնում եմ…

Առանց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի ինքնորոշման վերջնական ճանաչման՝ որևէ երկարատև արդյունավետ փոխհարաբերություններն ու համագործակցությունն անհնար են։

Տեսանյութեր

Լրահոս