Ուղղակի հնարավոր չէ, որ պարտված թիմը և պարտված ղեկավարը փորձեն իրավիճակ շտկել. Տաթևիկ Հայրապետյան
Այսօր ՀՀ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայիսի 12-13-ը Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Նկատենք, որ այս հանդիպման մասին հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությանը նախորդել էին Ադրբեջանի արտաքին գերատեսչության կողմից հանրայնացված հերթական պահանջները. Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը մասնավորապես հայտնել էր, թե Ղազախի շրջանի 7 գյուղեր և Նախիջևանի Քյարքի, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանին վերադարձնելու հարցերը, ի թիվս այլ հարցերի, պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սպասվող հանդիպմանն ու սահմանագծման ու սահմանազատման գործընթացներին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նախ հիշեցրեց, որ այսօր լրանում է մեկ տարին, ինչ ադրբեջանական զորքերն ապօրինաբար ներթափանցել են ՀՀ սուվերեն տարածք:
«Մեկ տարի անց ոչ միայն դուրս չեն բերվել, այլև ավելի են խորացել, և ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահի դրությամբ երկրի 40-45 քկմ տարածքն օկուպացված է: Այս համատեքստում անդրադառնանք Փաշինյանի այն հայտարարություններին, որոնք հնչել են նախորդիվ. եթե սկզբում նա խիստ պահանջ էր դնում, որ զորքերը պետք է վերադառնան ելման դիրքեր, այնուհետև, ենթադրում եմ՝ նախընտրական թոհուբոհի շրջանակներում հայտարարեց, որ առաջարկում է հայելային հետքաշման տարբերակը, ինչը ոչ միայն չաշխատեց, այլ նաև նոր ձևով սկսեց վնասել մեզ։ Մեր միջազգային գործընկերների բառամթերքն այդ իրավիճակի առնչությամբ ամբողջովին փոխվեց, և մեր սուվերեն տարածքը սկսեց համարվել վիճելի տարածք: Հետո էլ՝ ՔՊ-ական իշխանական պատգամավորները, որպեսզի իրավիճակը կրկին լղոզեն, դա ներկայացրին, թե խնդիրը կլուծվի սահմանագծման և սահմանազատման հարցի ներքո»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը՝ նկատելով, որ այս գործընթացներն են բերել առկա իրավիճակին:
Անդրադառնալով իշխանությունների իրարամերժ հայտարարություններին՝ իշխանական քաղաքական ուժը ներկայացնող նախկին պատգամավորը նկատեց, որ, թեև ադրբեջական զորքերի ներթափանցման ժամանակ կար պաշտոնական դիրքորոշում, որ այս իրավիճակում հայկական կողմը չի գնալու դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի, որովհետև անընդունելի է համարում, սակայն նորանոր էսկալացիաներից հետո «հայկական կողմը շատ հանգիստ ձևով գնում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի»:
«Այսինքն՝ ամեն անգամ, երբ մենք մեր հայտարարած պաշտոնական դիրքորոշումից հետ ենք կանգնում, Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշում: Ու դրան զուգահեռ՝ չի տարվում համապատասխան աշխատանք, որ չշարունակեն մեզ հետ խոսել ուժի սպառնալիքի դիրքերից,- հավելեց նա, ապա նշեց,- Վերադառնալով Ադրբեջանի փոխարտգործնախարարի վերջին՝ «անկլավների» մասին հայտարարությանը՝ շատ ցավով եմ արձանագրում, բայց մինչև այդ հայտարարությունը, առաջին անգամ դրա մասին հենց ՀՀ վարչապետն է խոսել՝ հենց նույն ադրբեջանական զորքերի ներթափանցման առնչությամբ. որպեսզի նա դա լղոզի, հայտարարեց՝ գիտեք, կան Խորհրդային Ադրբեջանից տարածքներ, որոնք մենք վերահսկում ենք առաջին պատերազմի հետևանքով, և դեմարկացիան, դելիմիտացիան նաև այդ խնդիրներին է անդրադառնալու: Այսինքն՝ եթե մեր պետության ղեկավարն է դա օրակարգ բերել, մենք էլ Ադրբեջանից ի՞նչ ենք ուզում: Իսկ նա դա օրակարգ էր բերում, քանի որ փորձում էր իրականությունը թաքցնել, որովհետև չի կարողանում լուծումներ տալ այդ իրավիճակին»:
Տաթևիկ Հայրապետյանը, այդուհանդերձ, կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունը միասնական ձևով կարող էին փորձել լուծումներ գտնել այս իրավիճակում, այս պահին, սակայն նախկին իշխանական պատգամավորը նկատում է՝ փոխադարձ վրեժխնդրության, ատելության մթնոլորտ է:
«Իրենց գլխավոր նպատակը ոչ թե հասկանալ՝ ինչպես պետությունն այս իրավիճակից դուրս բերել, այլ, թե ինչպես հաղթել միմյանց: Ուղղակի մի դրվագ ասեմ, որ խոսքս փաստական հնչի. երբ խորհրդարանում Փաշինյանն Արմեն Ռուստամյանի հարցին ի պատասխան՝ այդ ամբողջ տեսարանը մեր աչքի առաջ հառնեց, դա ցույց տվեց, որ ամեն մեկի նպատակը մյուսի նկատմամբ հաղթանակ տոնելն էր: Եթե նպատակը Փաշինյանին ինչ-որ թեզեր հասկացնելն էր, ապա իրենք կարող էին ավելի ամուր նյարդերով զինվել և հակադարձել նրա դրույթներին, իսկ եթե ասում են՝ ինքը, մեկ է, կմանիպուլյացնի, իհարկե, կմանիպուլյացնի»,- ասաց նա:
Հարցին՝ բանակցողի փոփոխությունը կբերի՞ իրավիճակի փոփոխության, ադրբեջանագետը պատասխանեց. «Ես բոլորից առաջ՝ դեռ նոյեմբերի 12-13-ին եմ Նիկոլ Փաշինյանին ասել, որ նա չի կարող շարունակել այդ գործընթացն անգամ ամենաազնիվ մղումների պարագայում: Ուղղակի հնարավոր չէ, որ պարտված թիմը և պարտված ղեկավարը փորձեն իրավիճակ շտկել. այդպես չի լինում համաշխարհային պատմության մեջ անգամ»:
Տաթևիկ Հայրապետյանը շեշտեց, սակայն, որ այս իրավիճակի փոխարեն՝ չի տեսնում նախկին վարչակարգի ներկայացուցիչների վերադարձ, այլ այնպիսի թիմի, ղեկավարի ընտրություն, որը կկարողանա նոր էջ բացել մեր ժողովրդի պատմության մեջ: