Մոսկվա՞, թե՞ Բրյուսել. Ո՞վ է լինելու գլխավոր միջնորդը. Ի՞նչ է քննարկում Միրզոյանը-Լավրով-Բայրամով եռյակը Դուշանբեում
Երկար դադարից հետո ռուսական միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան բանակցություններ տեղի ունեցան:
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: ՀՀ ԱԳՆ համաձայն, Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ:
Ավելի վաղ՝ ապրիլի 29-ին, ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:
Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ կժամանի Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը, ով գլխավորում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հայ-ադրբեջանական-ռուսական եռակողմ աշխատանքային խումբը, որի աշխատանքները ևս պասիվ փուլում են:
Ուշագրավը Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպման վերաբերյալ այն է, որ վերջին ամիսների ընթացքում, մասնավորապես՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, Բրյուսելն ավելի մեծ ինտենսիվությամբ ստանձնել է «առաջին ջութակի» դերակատարությունը Հայաստանի և Ադրբեջանի, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ կազմակերպելով հանդիպումներ ոչ միայն՝ Փաշինյանի ու Ալիևի միջև, ստեղծելով շփման ուղիղ կապ Միրզոյանի ու Բայրամովի միջև, այնպես էլ ձևավորելով հայ-ադրբեջանական շփումների հավելյալ խողովակ Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիև ձևաչափով, որոնք համակարգում են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Հարկ է հիշեցնել, որ Բրյուսելում ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպես նաև՝ ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև արտգործնախարարներին հանձնարարել էին սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները, այս ընթացքում նրանք երկու հեռախոսազրույց են ունեցել, հայկական կողմն է փոխանցել 6 առաջարկներ Ադրբեջանին, որոնք պահվում են գաղտնիության քողի ներքո: Բացի այդ, Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Երևան-Բաքու, այսպես կոչված, կարգավորման գործընթացում միջնորդությունը Ռուսաստանից խլելու, ԵԱՀԿ ՄԽ-ն տապալելու մեջ, իսկ Ադրբեջանի նախագահը խոստովանում է, թե Բրյուսելն ազնիվ միջնորդ է ու Բրյուսելը դարձել է իր ամենահաճախակի այցերի վայրը: Սակայն ռուսական կողմը ամեն հնարավոր եղանակով փորձում է շեշտել իր բացառիկ դերը թե դեմարկացիա-դելիմիտացիա, թե ապաշրջափակման, թե Խաղաղության համաձայնագրի բանակցությունների գործընթացում:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Դուշանբեի հանդիպմանն ընդառաջ՝ The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն իր հոդվածում գրում է, թե Ռուսաստանը կրկին կփորձի իր ազդեցությունը տարածել բանակցային գործընթացի վրա: Ըստ Իգնատիուսի, Տաջիկստանի մայրաքաղաքում եռակողմ ձևաչափով Երևանի, Բաքվի ու Մոսկվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն խաղաղության պայմանագիրը: Նշենք նաև, որ եռակողմ նախարարական հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացում «վերջին դրական իմպուլսն» ու Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը: Ի դեպ, Բլինքենն օրերս ԱՄՆ 5-օրյա աշխատանքային այցով գտնվող Արարատ Միրզոյանի հետ հանդիպել էր ու քննարկել նաև այս հարցը:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Ռուսաստանի համար հանդիպման ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է ոչ թե բովանդակությանը, այլ դրա շուրջ աշխարհաքաղաքական «խաղին» ու գլխավոր միջնորդի դերը Ռուսաստանից խլելու հարցին:
Ըստ նրա, Ռուսաստանն այժմ «զբաղված է», ինչից փորձում են օգտվել, ապագայում ևս զբաղված է լինելու, քանի դեռ շարունակվում է ուկրաինական պատերազմը, սակայն ՌԴ-ն նաև վստահություն ունի, որ գլխավոր միջնորդը ոչ թե Բրյուսելը պետք է լինի, այլ Մոսկվան, քանի որ բոլոր պայմանավորվածությունները, լծակները Մոսկվայի ձեռքում են:
«Սակայն Ռուսաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, սանկցիաների ճնշումը, քաղաքական շրջափակումը, բնականաբար, մեծ խնդիրներ են ստեղծում Ռուսաստանի համար, որի շնորհիվ Արևմուտքն ամրապնդվելու հնարավորություն է ստանում նույնիսկ այն գոտիներում, որտեղ ՌԴ-ն ունեցել է ազդեցություն: Ու վերջին ամիսներին Բրյուսելի ակտիվության, Ղարաբաղում հրադադարի ֆոնին ՌԴ-ն պետք է փորձի ամրապնդել, վերահաստատել իր գլխավոր միջնորդի դերակատարությունը: Կհաջողվի՞, թե՞ ոչ՝ այլ հարց է, քննարկելի է, սակայն այս հանդիպմամբ Ռուսաստանը փորձում է առաջ մղել պայմանավորվածություններ, որոնք քնեցվել էին, խոսքը սահմանների գծման ու տարածաշրջանային ապաշրջափակման մասին է, ինչպես նաև ավելի լայն քննարկումների, որոնք վերաբերում են Խաղաղության համաձայնագրին:
Կային պայմանավորվածություններ, որոնք ձեռք էին բերվել Ռուսաստանում դեռ անցյալ տարի, սակայն դրանք փորձում է առաջ մղել Բրյուսելը: Ներկայումս կողմերից, Ռուսաստանի հաստատակամությունից, ինչպես նաև ուկրաինական սցենարի շարունակությունից է կախված այն, թե որ հարթակում կշարունակվեն քննարկումները: Այս միջանկյալ իրավիճակում Արևմուտքը փորձում է ռեգիոններում աշխարհաքաղաքական իրավիճակ փոխել, ինչը, բնականաբար, կախված է հենց այդ երկրներից: Եթե կողմերը մերժեն, բնականաբար, Բրյուսելը չի կարողանա միջնորդել, բայց մենք տեսնում ենք, որ կողմերը դա չեն անում և գոհ են այդ միջնորդությունից: Այս իրավիճակը չի գոհացնում Ռուսաստանին, և դա փոխելու փորձ է արվում, որի ճակատագիրը հայտնի կդառնա առաջիկայում»,- ասաց վերլուծաբանը:
Խրամչիխինի կարծիքով, Ղարաբաղյան բանակցային գործընթացում այս բեկումնային փոփոխություններն ուղիղ կապ ունեն Ուկրաինայի պատերազմի ու դրա հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակի հետ:
«Դա նշանակում է, որ այս պատերազմի ընթացքն ու ելքը ևս կարող է առանցքային դառնալ այս հակամարտության համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հանդիպման բուն բովանդակային հարցերին, ապա փորձագետը գտնում է, որ Մոսկվան առաջ է մղելու գործընթացը հատկապես երկու՝ սահմանազատման ու ապաշրջափակման ուղղություններով:
«Սրանք այն օրակարգերն են, որոնք սկսվել են Ռուսաստանից, և դրանք Ռուսաստանը կփորձի պահել իր միջնորդության շրջանակում: Չի բացառվում, որ հաստատվելու համար փորձի նաև Խաղաղության համաձայնագրի դաշտում որոշ քայլեր ձեռնարկել»,- նկատեց նա:
Վերջինիս համոզմամբ, կողմերի առաջարկներն ավելի պակաս ուշադրության կարժանանան կամ գուցե դրանք քննարկվեն կողմերի առաջարկով, քանի որ դրանց շուրջ ևս տարաձայնություններ կան: