«Ադրբեջանն ուղղակի օգտվում է այն պահից, որ Հայաստանը ներկայացնող իրական կողմ չկա». Լարիսա Ալավերդյան

Պաշտոնական այցով Նիդեռլանդներում գտնվող Նիկոլ Փաշինյանը նախօրեին Միջազգային հարաբերությունների նիդեռլանդական ինստիտուտում «Հայաստանը և Նիդեռլանդները. դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ տեղեկացրել է՝ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Այսօր արդեն ՀՀ արտգործնախարարությունն է պաշտոնական հաղորդագրություն տարածել մայիսի 12-13-ը Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների Դուշանբեում նախատեսվող հանդիպման մասին:

Նկատենք, որ հանդիպման մասին հայկական կողմի տեղեկությունները հաջորդել էին Ադրբեջանի արտաքին գերատեսչության կողմից հանրայնացված պահանջներին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են ադրբեջանահայկական սահմանի սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի կազմը, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովն էլ նկատել էր, թե Ղազախի շրջանի 7 գյուղեր և Նախիջևանի Քյարքի, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանին վերադարձնելու հարցերը, ի թիվս այլ հարցերի, պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում։

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը համոզված է՝ սահմանազատմանն ու սահմանագծմանն առնչվող այս բանակցություններում Հայաստանը ներկայացնող անձինք ունեն հստակ նպատակադրում՝ ամբողջը համաձայնեցնել և համաձայնել Ադրբեջանի հետ:

«Եթե չեն ներկայացվում միջազգայնորեն ճանաչված այնպիսի փաստաթղթեր, որոնցով հիմնավորում են այս կամ այն պահանջը, ուրեմն դա ամբողջովին կամայական որոշում է: Եվ այդ կամայականությունը մեզ համար ակներև է:

Բայց ես ունեմ համոզմունք, որ Հայաստանը ներկայացնող այսօրվա անձինք ամբողջովին համաձայն են Ադրբեջանի ոչ իրավական, հակաիրավական պահանջների հետ»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց իրավապաշտպանը:

Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք սահմանագծմանն ու սահմանազատմանն առնչվող այս հարցերը նաև Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպումներում ինչ-որ օբյեկտիվ լուծումներ, այդուհանդերձ, կստանան, Լարիսա Ալավերդյանը նշեց. «Ես չեմ ակնկալում այդպիսի լուծում:

Ադրբեջանն իր 1991 թ. օգոստոսի 30-ի հռչակագրով ՌԴ-ին ճանաչել է օկուպանտ: Այսինքն՝ անգամ Ադրբեջանը հիմա ձևացնում է, որ ինքն ընդունում է որևէ փաստաթուղթ, որը կներկայացվի ՌԴ-ի կողմից՝ այն է՝ սովետական ժամանակների փաստաթուղթ: Սովետական այդ ամբողջ ժամանակահատվածն Ադրբեջանը համարել է ՌԴ-ի կողմից օկուպացիայի ժամանակահատված:

Ադրբեջանն այսօր էլ դրանք վերջնական հիմք չի համարում իր պահանջների համար և ուղղակի օգտվում է այն պահից, որ Հայաստանը ներկայացնող իրական կողմ չկա: Այդտեղ կան այնպիսի անձինք, որոնք վաղուց համաձայնել են Ադրբեջանի ցանկացած պահանջի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս