Շուշի. Գողացված հաղթանակ
Հարսանիք լեռներում անունով կնքված ռազմական հանճարեղ գործողությունը հայի հաղթանակի խորհրդանիշ դարձավ 30 տարի առաջ: Ծնկած չապրելու համար իրենց կյանքը տվեցին բազում երիտասարդներ՝ այդպես էլ իրականություն չդարձնելով սեփական հարսանիքը վայելելու հնարավորությունը:
«Մեր դեմ սանձազերծած առաջին պատերազմին Ադրբեջանը Շուշին դարձրել էր Ստեփանակերտն ու հայկական մյուս գյուղերը հրետակոծելու ռազմավարական հենակետ։ Համակերպվել՝ նշանակում էր կործանման դատապարտել Արցախը: Շուշիի կրակակետերը պետք էր լռեցնել, բայց դա հնարավոր չէր առանց քաղաքը գրավելու: Այլ տարբերակի դեպքում կավերվեին Շուշիի եկեղեցիները, ճարտարապետական հուշարձանները, քանի որ ադրբեջանցիները հիմնական կրակակետերը տեղադրել էին հուշարձանների ներսում»,- Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, որ այդպես էլ չհամակերպվեց Շուշիի կորստի հետ, մի հարյուր անգամ երևի պատմել է սա.
Վազգեն Սարգսյանը թերահավատ էր, թե Շուշին հնարավոր էր ազատել թշնամուց.
– Տղե՛րք, վախենամ՝ գլուխ չհանենք, մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել…:
– Որ հաղթենք, կամուսնանա՞ս,- հարցրել էր Կոմանդոսը Վազգենին:
– Հա՛, կամուսնանա՛մ, հարսանիքս էլ Շուշիում կանենք,- խոստացել էր Սպարապետը:
Ու հենց այդ պատճառով ռազմական գործողությունը ստացել էր՝ «Հարսանիք լեռներում» անունը:
Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ և Պարգև Սրբազանի օրհնությամբ 1992-ի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ազատագրվեց Շուշին: