Բաժիններ՝

Կախվածությունը մեծացել է

Պետական ֆինանսների կախվածությունը ընդերքից միշտ էլ մեծ է եղել։ Սակայն ավելի է մեծացել վերջին շրջանում, առավել ևս՝ այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց պետտուրք սահմանել մետաղների արտահանման վրա։ Դրանից հետո ընդերքի արդյունահանման ծավալները դադարել են աճել, բայց բյուջեի եկամուտներն ավելացել են՝ պետտուրքի կիրառման և միջազգային շուկայում պղնձի բարձր գների հաշվին։

Ոլորտի միայն մեկ ընկերություն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է խոշոր հարկատուների վճարած հարկերի գրեթե 11 տոկոսը։

Տարեսկզբի առաջին 3 ամիսներին խոշորները բյուջեի նկատմամբ կատարել են ընդհանուր առմամբ 327 մլրդ դրամի պարտավորություն, որից միայն 35,4 միլիարդը բաժին է ընկել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին»։ Կոմբինատի վճարած հարկերը շեշտակի ավելացել են։ Անցած տարի այն վճարել է 9,8 մլրդ դրամ։ Այս տարի վճարած հարկերը 25,6 միլիարդով ավելացել են։

Ավելացել են նաև ոլորտի այլ ընկերությունների կատարած հարկային պարտավորությունները, չնայած դրանք անհամեմատ քիչ են վճարել, քան Զանգեզուրի կոմբինատը։

«Թեղուտը» տարվա առաջին եռամսյակում բյուջե է փոխանցել 3,8 մլրդ դրամ, ինչն անցած տարվանից ավելի քան կրկնակի շատ է։ Չհաշված, որ մարտից այս ընկերությունը դադարեցրել է գործունեությունը։

Դադարի պաշտոնական պատճառաբանությունը տեխնիկական խնդիրներն են, բայց իրականում այն կապված է պատժամիջոցների հետ։ Ընկերությունը պատկանում է ՎՏԲ բանկին, որը հայտնվել է Արևմուտքի պատժամիջոցների տակ։

Ավելի քան 5 անգամ աճել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերը։ Դրանք կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ, անցած տարվա 681 միլիոնի դիմաց։

Ոլորտի նշված 3 ընկերությունները միասին պետական բյուջե են փոխանցել շուրջ 43 մլրդ դրամ, ինչը կազմում է առաջին եռամսյակում խոշոր հարկատուների վճարած հարկերի 13 տոկոսը։

Միայն այս երեք ընկերությունները նախորդ տարվանից ավել են վճարել 31 մլրդ դրամ։ Խոշորների վճարներն ավելացել են ընդհանուր առմամբ 67 միլիարդով, որից 31 միլիարդը բաժին է ընկնում նշված 3 ընկերությանը։

Այս տարի վճարած հարկերն ավելացրել են նաև ծխախոտի արտադրության ոլորտում գործող ընկերությունները։ Խոսքը «Գրանդ Տոբակոյի» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» մասին է։ Երկուսը միասին վճարել են 13,7 մլրդ դրամ՝ անցած տարվա 7,3 միլիարդի դիմաց։

Դրանով հանդերձ, այս ընկերությունների կատարած հարկային պարտավորությունները դեռևս չեն հասել նախաճգնաժամային մակարդակին։

2020թ. առաջին եռամսյակում միայն «Գրանդ Տոբակոն» վճարել էր ավելի քան 15 մլրդ դրամ։ Եվս 5 միլիարդի պարտավորություն էր կատարել «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»։

Ճգնաժամից հետո այս ընկերությունների արտադրությունների ծավալները կտրուկ կրճատվեցին, կրճատվեցին նաև վճարած հարկերը։ Մինչև հիմա էլ դրանք չեն հասցրել վերականգնվել, չնայած այս ընթացքում զգալիորեն ավելացել են ծխախոտից գանձվող ակցիզային հարկի դրույքաչափերը։

Հարկային վճարների ավելացումն ակնհայտ է նաև վառելանյութի շուկայում գործող ընկերությունների պարագայում՝ պայմանավորված հիմնականում գների կտրուկ բարձրացումով։

Աճել են «Ֆլեշի» վճարած հարկերը։ Արտաքուստ նվազում կա «Սի Փի Էս Օիլի» պարագայում, բայց զուտ այն պատճառով, որ շուկայի այս խաղացողը սկսել է հանդես գալ նաև այլ ընկերության միջոցով։ «Մաքս Օիլը» բյուջե է փոխանցել 2,7 մլրդ դրամ։

Իշխանությունների հետ իր սերտ կապերով հայտնի գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա թրեյդ» ընկերությունը, որը հայտնի դարձավ հատկապես այն բանից հետո, երբ անցած տարվա վերջին 5,5 մլրդ դրամի վառելիքի մատակարարման պայմանագիր կնքեց Պաշտպանության նախարարության հետ, առաջին եռամսյակում վճարել է 1,4 մլրդ դրամի հարկ։ Անցած տարվա սկզբին այս ընկերությունը հավանաբար դեռ չէր սկսել նվաճել դաշտը. այն նույնիսկ չկար խոշորների ցանկում։ Վերադասավորումների արդյունքում արդեն սկսել է բավական պատկառելի տեղ զբաղեցնել շուկայում։

Խաչատուր Սուքիասյանի հետ կապված մյուս խոշոր ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 785 մլն դրամ, «Հայէկոնոմբանկն» է։ Նախորդ տարվա համեմատ՝ բանկի վճարած հարկերը կրճատվել են 197 միլիոնով։

Քիչ, բայց պակասել են նաև «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության վճարները, որոնք կազմել են 54,3 մլն դրամ։

«Սիլ մաազան» վճարել է 104,6 մլն դրամ, նախորդ տարի վճարել էր 73,3 միլիոն։

Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Սիթիներն այս տարվա առաջին կեսին բյուջե են փոխանցել 2,5 մլրդ դրամ, ինչը 802 միլիոնով ավել է նախորդ տարվանից։ Դրանում ևս մեծ է գնաճի դերը։ Դրանք գումարներ են, որոնք, ըստ էության, վճարել են սպառողները՝ գների բարձրացման հետևանքով։ Այնպես, ինչպես «Ալեքս էնդ հոլդինգի» պարագայում, որի վճարած հարկերն առաջին եռամսյակում կազմել են շուրջ 2,5 մլդ դրամ։

Կրկին խոշորների ցանկում աչք են զարնում պետական կառավարման մարմինները, որոնք ֆինանսավորվում են բյուջեից, բայց այդ գումարների մի մասը հարկերի և հատկապես եկամտային հարկի տեսքով վերադարձնում են բյուջե։

Պետական կառավարման մարմիներից, բյուջեի վճարած հարկերի մեծությամբ, առաջատարը կրկին Պաշտպանության նախարարությունն է։ Թեև այս տարի ՊՆ վճարներն էապես կրճատվել են։

Անցած տարվա առաջին եռամսյակում դրանք անցնում էին 15 միլիարդից, այս տարի կազմել են 8,6 մլրդ դրամ, որից շուրջ 8,3 միլիարդը եկամտային հարկն է։ Անցած տարի եկամտային հարկը շուրջ 12,8 միլիարդ էր։

Թե ինչո՞ւ են կրճատվել ՊՆ վճարած եկամտային հարկի գումարները, հայտնի չէ։ Բայց փաստ է, որ եկամտային հարկն ուղղակի կապ ունի աշխատողների քանակի և աշխատավարձերի հետ։

Անցած տարի ՊՆ-ն վճարել էր նաև շուրջ 2 մլրդ դրամի ԱԱՀ, որն այս տարի կազմել է ընդամենը 38-39 մլն դրամ։

Պետական մարմիններից երկրորդ խոշոր հարկատուն ՊԵԿ-ն է՝ վճարած 1 մլրդ 450 մլն դրամով, որից ավելի քան 1 միլիարդը եղել է եկամտային հարկը։ ՊԵԿ-ի վճարներն անցած տարվա համեմատ ավելացել են 267 միլիարդով։

86 մլն դրամով ավելացել են նաև եկամտային հարկի տեսքով կատարված պարտավորությունները։

Ու եթե հաշվի առնենք, որ եկամտային հարկի դրույքաչափն այս տարի նվազել է 1 տոկոսային կետով, ապա նախորդ տարվա համեմատ համակարգում աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ վճարների կամ աշխատողների թվի ավելացումն առավել ակնհայտ կդառնա։

Մեկ միլիարդից ավելի հարկ է վճարել նաև ԱԱԾ-ն ու կրկին հիմնականում եկամտային հարկի գծով։

Որպես խոշոր հարկատու, արտակարգ իրավիճակների նախարարությունը բյուջե է փոխանցել 786 միլիոն, ԲԴԽ-ն՝ 736 միլիոն, Երևանի քաղաքապետարանը՝ 691 միլիոն, ոստիկանությունը՝ 631 մլն դրամ։

Ի դեպ, ոստիկանության վճարած հարկերն ավելացել են 232 մլն դրամով կամ 58 տոկոսով։ Աճը եղել է հիմնականում եկամտային հարկի գծով։

Եկամտային հարկի վճարները գերակշռում են նաև պետական կառավարման մյուս մարմինների վճարած հարկերի կառուցվածքում։ Դրանք աշխատավարձից, պարգևավճարներից ու հավելավճարներից գոյացող հարկերն են։ Որքան բարձր են աշխատավարձերը, պարգևավճարներն ու հավելավճարները, այնքան շատ են նաև եկամտային հարկի գումարները։

Առաջին եռամսյակում՝ ինչպես պետական հիմնարկների, այնպես էլ՝ տնտեսության ոլորտում գործող խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են։ Բայց դրանց վրա դեռևս մեծ հաշվով էական չի եղել համաշխարհային ու գործընկեր երկրների տնտեսությունների վրա կիրառված պատժամիջոցների ազդեցությունը։ Այդ ազդեցությունը կտեսնենք արդեն հաջորդ եռամսյակների մուտքերում։ Մինչ այդ, կան մտահոգություններ, որ տնտեսության կորուստները շուտով կսկսեն արտահայտվել նաև բյուջեի մուտքերի, այդ թվում՝ խոշոր հարկատուների վճարած հարկերի վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս