Եթե նախկինում պետությունը դիզելային վառելիքը սուբսիդավորում էր, ապա ներկայում գյուղացուն չի օգնում. Սարգիս Սեդրակյան
ՀՀ կառավարությունը Շիրակի մարզում սուբսիդիա կտրամադրի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական և 50 տոննա կալիումական պարարտանյութ ձեռք բերելու համար: Տեղեկությունը տարածել է Շիրակի մարզպետարանը: Սուբսիդավորումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի» շրջանակներում:
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանի խոսքով, քանի որ գյուղերում սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները, գյուղացիները պետության աջակցության կարիքն ունեն:
«Բոլոր նորմալ երկրներում պետությունը սուբսիդիաներով և այլ միջոցներով օգնում է գյուղացիներին, իհարկե, յուրաքանչյուր երկիր յուրովի է իրականացնում այդ աջակցությունը: Հիմնական աջակցությունը հանդիսանում է գյուղատնտեսական նյութատեխնիկական միջոցներով ապահովելը կամ դրանց ձեռք բերման համար սուբսիդիաների տրամադրումը: Քանի որ պարարտանյութի գինը Հայաստանում շեշտակի աճել է (1 պարկ ազոտական պարարտանյութը արժե 18.000-21.000 դրամ), այդ նպատակով Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց մինչև 3 հա հողատարածք ունեցող գյուղացիներին հատկացնել 1 հա-ի համար 10 պարկ, 1 պարկը 12.000 դրամ զեղչված գնով: Իհարկե, գյուղացիները նաև մտավախություն ունեն, որ պարարտանյութի գինն արհեստականորեն են բարձրացրել և շուտով այն կիջնի:
Գյուղատնտեսական մնացած նյութատեխնիկական միջոցների (դիզելային վառելիք, թունաքիմիկատներ, և այլն) սուբսիդիաների մասին ոչ մի խոսք չկա: Եթե նախկինում, պետությունը դիզելային վառելիքը սուբսիդավորում էր, ապա ներկայում այս մասով գյուղացուն չի օգնում»,- մեզ հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը:
Նա ընդգծեց՝ հացահատիկի մշակության համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գյուղատնտեսական մեքենա-սարքավորումներ-գործիքներ՝ հողամշակման (հիմնական և լրացուցիչ մշակության), պարարտացման, ցանքսի, գյուղատնտեսական վնասատուների և հիվանդությունների դեմ քիմիական պայքարի, բերքահավաքի, ինչպես նաև՝ սերմերի զտման և տեսակավորման:
«Ոլորտի ոչ գրագետ ղեկավարությունը լավ չի պատկերացնում, որ գյուղատնտեսությունում վաղուց գյուղատնտեսական գործընթացները մեքենայացված են և իրականացվում են տրակտորների, կոմբայնների և այլ գյուղատնտեսական մեքենա-գործիք-սարքավորումների օգնությամբ: Այսպես, տրակտորը քաշում է իրեն միացված գյուղատնտեսական գործիքը (օրինակ, գութանը), իսկ գութանի պասիվ աշխատանքային օրգանները (խոփ, թև, դանակ, նախագութանիկ) աշխատանքի ժամանակ դաշտում հողաշերտը (առը) կտրում, փխրեցնում և շրջում են, ակոսներ են բացում, մի խոսքով՝ վարում են: Եթե այս դեպքում տրակտորը քարշակի դեր էր կատարում, ապա մեկ այլ դեպքում (օրինակ՝ խոտի հավաքիչ-հակավորիչի դեպքում), քարշակից բացի, տրակտորի կարդանային լիսեռով նաև ակտիվացնում (գործի է գցում) մեքենայի այլ աշխատանքային օրգաններ: Իսկ ինքնագնաց մեքենաների դեպքում (օրինակ, հացահատիկահավաք կոմբայն) դիզելային շարժիչը գործարկում է ոչ միայն մեքենայի տեղաշարժը, այլ նաև՝ շարժում է փոխանցում կոմբայնի աշխատանքային բոլոր օրգաններին:
Այս և նմանատիպ մեքենաների աշխատանքի համար դիզելային վառելիք է հարկավոր, իսկ այն ներկայում շատ բարձր գին ունի (20 լիտրանոց 1 կանեստրը արժե 13.000 դրամ), իսկ պետությունը չի աջակցում: Էլ չեմ խոսում այն մասին, որ գյուղերում գյուղատնտեսության մեջ օգտագործվող տրակտորների, կոմբայնների և այլ ինքնագնացների շահագործման ժամկետը (բարոյական և ֆիզիկական մաշվածքի մասով) վաղուց անցել է, իսկ նոր գյուղատնտեսական մեքենաներ էլ հանրապետությունում շատ քիչ կան»,- նշեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը:
Նա ընդգծեց՝ նոր կոմբայններ ձեռք բերելն անհրաժեշտություն է:
«Էկոնոմիկայի նախարարը կոչ է անում գյուղացիներին՝ ընդլայնել մշակելի հողատարածքները: Իսկ նախարարը գիտի՞, օրինակ, որ հին և մաշված հացահատիկահավաք կոմբայնով աշխատանքի դեպքում հացահատիկի կորուստը շատ է լինում: Դրա համար էլ հարկավոր է ձեռք բերել նոր կոմբայններ»,- եզրափակեց Սարգիս Սեդրակյանը: