Բաժիններ՝

Դա վերջնական չէ. Ռուբեն Հովհաննիսյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանը Հատիս լեռան գագաթին տեղադրելու մասին

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախագծերի քվեարկությունն ավարտված է:

Մրցույթում երկրորդ փուլ անցած 28 քանդակներից հանձնախումբը երրորդ փուլի համար առանձնացրել էր 12 քանդակ, որոնք էլ շուրջ մեկ շաբաթ՝ մինչև մայիսի 5-ը, ներկայացվեցին հանրության դատին:

Վերջնական հաղթողը կորոշվի հանձնախմբի և հեռուստադիտողի քվեարկությամբ:

Արձանհամալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք հավաստի են այն տեղեկությունները, որ ամենաշատ ձայն հավաքել է 2 քանդակ՝ թիվ 1-ը, որը ռուս քանդակագործի առաջարկն է, և թիվ 8-ը, պատասխանեց.

«Հանձնախումբը և հաշվարկային հանձնաժողովն աշխատում են, երկու կողմի արդյունքները կհամադրվեն, և ամենաուշը մայիսի 9-ին, 10-ին կիմանանք այդ մասին: Ինչ վերաբերում է նրան, որ ամենաշատը 2 քանդակ է ձայն հավաքել, դա անիմաստ ինֆորմացիա է: Քվեարկությունը ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ն է, բայց մայիսի 3-ին գրում են, թե արդյունքներն արդեն պարզ են: Եթե մրցույթը չի ավարտվել, ո՞նց է պարզ»:

Անդրադառնալով արձանի տեղադրման վայրի մասին խոսակցություններին, թե Հատիս լեռան գագաթին է լինելու, Ռուբեն Հովհաննիսյանը պարզաբանեց. «Դա վերջնական չէ, ուղղակի խոսակցության մեջ ասված է եղել, դեռ որոշված չէ:

Մինչև հասարակությունը փորձում էր գտնել գեղեցիկն ու առանձնահատուկը, փորձել էինք մասնագետներից պարզել իրենց կարծիքը մրցույթի երկրորդ փուլ անցած քանդակների մասին:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը գոհ չէ ներկայացրած նախագծերից. «Բոլորը նման են: Դե, այդպես էլ ուզում էին՝ ձեռքերը պարզած և կանգնած: Բայց խնդիրն այն է, որ կերպարը նորմալ չեն ստանում: 1-ինը, 3-րդը, 2-րդը մի քիչ, և 10-րդը ոնց որ գողական լինեն: Այն վեհաշուք, աստվածային կերպարը չկա: Ինչ վերաբերում է երեսին, ապա ամեն մարդ տարբեր կերպ է պատկերացնում, ու այս ամենից պետք է խուսափեին: Մի քիչ 7-րդը հավանեցի: Հետո, ընդհանուր առմամբ, ռաբիս է. 05-ը, 09-ը ռաբիս են: 12-րդն էլ ոնց որ ասի՝ ի՞նչ արած: 04-ն էլ կարծես ոխակալ լինի: 11-ն էլ մի քիչ հայկական էր, կարծես միջնադարյան որևէ պատմիչի արձան լիներ: Ի սկզբանե ասեմ, որ նման արձանով մենք ոչ ոքի չենք զարմացնի»,- մեզ հետ զրույցում նշել էր քաղաքաշինության դոկտորը:

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի կարծիքով էլ՝ բոլորն էլ կարող են լինել, բայց, միաժամանակ, հետաքրքիր չեն:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս