«Բոլորը նման են․․․ վեհաշուք, աստվածային կերպարը չկա»․ Սկսվել է Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթը
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթում երկրորդ փուլ անցած 28 քանդակներից հանձնախմբի որոշմամբ երրորդ փուլի համար առանձնացվել է 12 քանդակ, որոնք էլ շուրջ մեկ շաբաթ՝ մինչև մայիսի 5-ը, կներկայացվեն հանրության դատին: Վերջնական հաղթողը կորոշվի հանձնախմբի և հեռուստադիտողի քվեարկությամբ:
Մինչև հասարակությունը կփորձի գտնել գեղեցիկն ու առանձնահատուկը, մասնագետներից փորձեցինք պարզել իրենց կարծիքը մրցույթի երկրորդ փուլ անցած քանդակների մասին:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը գոհ չէ ներկայացրած նախագծերից.
«Բոլորը նման են: Դե, այդպես էլ ուզում էին՝ ձեռքերը պարզած և կանգնած: Բայց խնդիրն այն է, որ կերպարը նորմալ չեն ստանում: 1-ինը, 3-րդը, 2-րդը մի քիչ, և 10-րդը ոնց որ գողական լինեն: Այն վեհաշուք, աստվածային կերպարը չկա: Ինչ վերաբերում է երեսին, ապա ամեն մարդ տարբեր կերպ է պատկերացնում, ու այս ամենից պետք է խուսափեին: Մի քիչ 7-րդը հավանեցի: Հետո, ընդհանուր առմամբ, ռաբիս է. 05-ը, 09-ը ռաբիս են: 12-րդն էլ ոնց որ ասի՝ ի՞նչ արած: 04-ն էլ կարծես ոխակալ լինի: 11-ն էլ մի քիչ հայկական էր, կարծես միջնադարյան որևէ պատմիչի արձան լիներ: Ի սկզբանե ասեմ, որ նման արձանով մենք ոչ ոքի չենք զարմացնի»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքաշինության դոկտորը:
Քանդակագործ Հայկ Թոքմաջյանն էլ ասաց, որ որևէ մեկին նախընտրություն չի կարող տալ:
«Բոլորն էլ կարող են լինել, բայց, միաժամանակ, հետաքրքիր չեն: Կարծում եմ, որ մի քիչ այլ մոտեցում է պետք: Հարցն այն է, թե ինչպիսի ընկալում ունի պատվիրատուն: Ես հասկանում եմ, որ ուզում է լիարժեք մանրամասնություններով լինի, բայց կարծում եմ՝ իմաստ չունի, որովհետև այդպես արվել է ամբողջ աշխարհում՝ դարեր շարունակ: Պետք է մի փոքր ավելի կոնցեպտուալ լինի, մի փոքր ազատ ֆորմաներ, ծավալային ընկալում լինի, ինչ-որ նոր մոտեցում: Ամեն դեպքում ընկալումը սուբյեկտիվ է»,- ընդգծեց Հայկ Թոքմաջյանը: